‘Խմբագրական. Հակաանկախականների ռևանշը. Он за машину Родину продал’

2176

Երբ 1990 թվականի այսօրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, հատկապես չինովնիկական խավում հաստատապես գտնվեցին (և դրանք, ցավոք, քիչ չէին և չեն) այնպիսիք, ովքեր եթե ոչ բացահայտ, ապա ներքին թշնամանքով ընդունեցին «լենուբոլ սովետից» դուրս գալու միտքը:

Անկախացման գաղափարն առաջին հերթին թշնամաբար պետք է ընդունեին հենց այնպիսի մարդիկ, ովքեր առերևույթ վախենում էին նոր` անկանխատեսելիից,  («փորձված թանը անփորձ մածունից լավ է» սկզբունքով, բժշկական երշիկի ու «Ալյոնկա» կոնֆետի նոստալժին մտքներում պահած ունենալով), իսկ իրականում գիտակցում էին, որ անկախությունը կարող է «խժռել» իրենց` սովետական տիպի քաղաքացու տեսակը: Այդ պարագայում նրանք` կոմսոմոլի և պարտիայի աստիճանների շնորհիվ որոշակի կայուն բարեկեցության հասած, սև խավիարն ու չեխական «խռուստալը» տակից, բայց, ամեն դեպքում՝ առնող մարդիկ նոր տիպի իրականության մեջ կարող էին դառնալ ուղղակի ոչ պետքական: «Ես էս ավտոյիս համար հայրենիքս եմ ծախել» տիպային չինովնիկների համար (չզարմանաք, բայց նրանց մեջ են մտնում ոչ միայն Սերժ և Տիգրան Սարգսյանները, այլև սովետական ժամանակների դիսիդենտներ հռչակված ՀՀԿ-ականները) սովետը իդեալական պետություն էր: Թալանում ես դու, պատասխանատվությունը կրում է հսկայական պետությունը: Աշխատանքում, դպրոցում, փողոցում, հանգստի վայրում՝ ամեն ինչ ենթակա է թալանման, որովհետև պետությանն է, իսկ պետությունը քո սեփականը չէ, ինչ-որ օտար ու մեծ մի համակարգ է, որը քեզ հետ որևէ առնչություն չունի, ինչն էլ այս տիպային քաղաքացիների համար լեգիտիմացնում էր թալանի գործընթացը: Անկախ պետությունն այս մարդկանց համար վտանգավոր գաղափար էր, որովհետև նրանք հասկանում էին, որ այս պարագայում ձեռքի տակ պատահած ամեն ինչ տուն տանող, «ամեն ինչ ենթակա է թալանի, եթե ոչ՝ ապա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ թալանվել է արդեն մինչև քեզ» կաղապարի մարդկանց համար անկախ պետությունը պետության գույքի և ունեցվածքի հանդեպ պատասխանատվություն է ենթադրելու: Սա արդեն ոչ թե օտարի, հեռավորի համակարգն է, այլ քո՛ պետությունը: Սա էր այս տիպային քաղաքացիների հիմնական վախը:

Թե ինչ եղավ այդ օրվան հաջորդած այս 24 տարիների ընթացքում՝ մի օր պատմաբանները կանդրադառնան: Ընդ որում՝ խոսքն ամենևին էլ Էդիկ Մինասյանի մասին չէ. երբ պատմաբանները կդադարեն կեղծել պատմությունը, այն ժամանակ էլ կծավալվենք:

Բայց և մի երկու բառով քաղաքացու այս յուրահատուկ տեսակին երևի թե արժե անդրադառնալ: Բանն այն է, որ հակաանկախական հարմարվողականների այս բանակը թվով փոքր ածու չէր, ուստի և, օբյեկտիվ պատճառներով, նրանց մի ստվար բանակ անկախության ձեռքբերումից հետո շարունակեց աշխատել պետական ապարատում: Բայց քանի որ իշխանության էին եկել անկախականները, հակաանկախականները նախընտրում էին թաքցնել իրենց իրական կողմնորոշումները (լատենտ հակաանկախականներ) և հանդես էին գալիս հիմնականում որպես հարմարվողականներ, իսկ նրանցից առավել «շուստրիները»` նույնիսկ որպես անկախության ռահվիրաներ ու ջատագովներ: Կարևորն այն էր, սակայն, որ բալանսը պահվում էր` հակաանկախականները կամ ՀԱ տիպային չինովնիկները երկրորդական և երրորդական էշելոններից վերև չէին բարձրանում: Հիմնականում: Համենայն դեպս՝ երկրի ճակատագրի հետ կապված որոշումներ կայացնելու հնարավորություն չունեին:

Անկախականների՝ իշխանության հեռացումից հետո, սակայն, նրանք նորից սկսեցին գլուխ բարձրացնել և անցան ռևանշի:

Այսօր արդեն հասել ենք, թերևս, ամենավտանգավոր աստիճանին: Հակաանկախականները իշխանության ամենավերին էշելոններում են հայտնվել, և նրանք արդեն ծպտվելու կարիք չունեն: Լատենտ հակաանկախականների ժամանակներն անցել են, նրանք սկսել են ինքնաբացահայտվել ու կռիվ տալ:

Հակաանկախականների հիմնական պայքարը Հայաստանի ինքնիշխանության դեմ է, նրանց հիմնական թշնամին` հայաստանակենտրոն կամ հայաստանամետ ուժերը: Բայց եթե մինչև վերջերս այդ կռիվն արվում էր ոչ այնքան բացահայտ, ապա այժմ գործակալները բացել են խաղաքարտերը: Սերժ Սարգսյանը` ինքն էլ որպես թիվ մեկ հակաանկախական, հերթով բացահայտում է բոլոր ազդեցության գործակալներին, որոնց խնդիրն է անկախության կորստի կեղծ ահազանգի միջոցով նվազեցնել հայաստանակենտրոնության առանցքային դերը:

Հենց իշխանության ամենավերին օղակում հայտնված հակաանկախականներն են (օտարերկրյա գործակալներ, այլ պետությունների շահերը սպասարկողներ և այլն) Հայաստանում ձևավորել քարոզչական արհեստական երկընտրանք` Եվրասիա-ԵՄ, Ռուսաստան-Արևմուտք, ռուսամետ, թե արևմտամետ ֆորմատով, և այս համատեքստում ջանում են լղոզել Հայաստանի սուվերենությունը՝ որպես առանձին գործոն, և հայաստանակենտրոնությունը կամ հայաստանամետությունը՝ որպես հիմնական առանցք: Նրանց ուզածը  ինքնիշխանությունը չէ՝ որպես այդպիսին, նրանք ամենևին էլ դեմ չեն, որ Հայաստանի իշխանությունը կառավարելի լինի դրսից, նրանք ընդամենը կառավարման կենտրոնների կռիվ են տալիս:  

Հենց այսպես է լինում, երբ սովետական տիպային չինովնիկները, ովքեր պարտիայից այն կողմ ոչ մի Աստվածաշունչ չեն ունեցել, իշխանության ղեկին են հայտնվում և կարող են երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունել: Իրենց համար երկիրը մեկ է` իրենցը  չի, օտար է, իսկ եթե օտար է, ուրեմն կարելի է թալանել, քանի դեռ թալանելու բան կա: Կամ էլ` քանի դեռ Հայաստանի անկախության անձեռնմխելիությունը խախտած հակաանկախականների ձեռքը ջարդող չկա:

Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան: Հակաանկախականներն այս երկրում տեղ չունեն:

Քրիստինե Խանումյան 

23.08.2013

Նախորդ հոդվածը‘1990 թվականի այսօրը ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլ. սյանը’