‘Խմբագրական. Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր երկու սցենար’

2126

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Սերժ Սարգսյանի՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող վայրիվերումները լուրջ մտորումների տեղիք են տալիս իրականում:

Դեռեւս անցած տարվա մայիսին, երբ Սերժ Սարգսյանի մտքով անցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան հրավիրել Թուրքիայի նախագահին, ակնհայտ էր, որ կուլիսային մակարդակով ինչ-ինչ զարգացումներ կան այդ հարցում:

Այժմ, համադրելով դրան հետեւած զարգացումները՝ կարելի է որոշակի եզրակացություններ անել:

Եզրակացություն առաջին՝ խելահեղության վարկածը

Եթե համարենք, որ իրականում որեւէ կուլիսային պայմանավորվածություն Սարգսյանը չունի, եւ այս բոլոր հայտարարություններն ու քայլերը նա անում եւ արել է ինքնաբուխ, ապա գործ ունենք կամ քաղաքական խելագարության, կամ մանկամտության հետ: Ու իհարկե, կլինեն այնպիսիք, ովքեր կպնդեն, որ դա հենց այդպես էլ կա, քանզի-վասնզի Սերժ Սարգսյանը նույնն արեց նաեւ Եվրաասոցացման ժամանակ: Իրականում, սակայն, դրանք լիովին տարբեր գործընթացներ են՝ տարբեր բովանդակությամբ: Բանն այն է, որ Սարգսյանը ի սկզբանե էլ չէր մտել այդ գործընթացի մեջ՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: Եվրոպան, իհարկե, ինքնասփոփանքի համար կարող է կարծել կամ նույնիսկ հայտարարել, թե Սերժ Սարգսյանը «անսպասելի» փոխեց արտաքին քաղաքական կուրսը, եւ պատճառներ որոնել: Այնինչ՝ Հայաստանում, ի սկզբանե, շատերին էլ պարզ էր, որ Սարգսյանն այդ գործընթացը ավարտին չի հասցնելու, որ նա ի սկզբանե մտել է այդ գործընթացի մեջ՝ «քցելու» մտադրությամբ, եւ  որ նրան ոչ թե գործընթացի ավարտն էր պետք, այլ՝ ընթացքը: Որովհետեւ ընթացքից նա կոնկրետ առարկայական շահեր ուներ՝ արտաքին լեգիտիմության ու աջակցության, ինչպես նաեւ՝ ֆինանսական ներարկումների տեսքով: Այնպես որ, Սարգսյանը ձգեց այնքան, որքան հնարավոր էր, եւ ապա արեց այն, ինչ ի վերջո պիտի աներ:

Իսկ ահա հայ-թուրքական հարաբերություններում, ի տարբերություն եվրաասոցացման, Սարգսյանին ոչ թե գործընթացն է պետք, այլ արդյունքը, ընդ որում՝ որքան արագ, այնքան լավ: Իսկ արդյունքը, տվյալ դեպքում, սահմանի բացումը պիտի լիներ: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը պատրաստ էր զիջել հնարավոր ամեն բան՝ իր կարծած արդյունքին արագ հասնելու համար: Ընդ որում՝ Սարգսյանը նաեւ շատ լավ հասկանում էր, որ գործընթացն այդ իր վրա էժան չի նստելու, որ հատկապես Սփյուռքից եկող շատ հոսքեր կարող են դադարել, բայց նա հաշվարկել էր, որ եթե սպասված արդյունքը, այդուհանդերձ, ունենա, ապա կորցրածը մեծ բան չի լինի՝ շահածի համեմատ: Մեկին/տասը շահած կլինի: Մինիմում: Ու հենց այդ պատճառով էլ նա համաձայնեց տխրահռչակ՝ պատմական հարցերով զբաղվող հանձնաժողովի ներառմանը արձանագրություններում, իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես կասեին Սարգսյանի փեսայի ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ները, «շատ հուզիչ էր»: Հիմա, հարց է ծագում, ինչո՞ւ պետք է Սարգսյանը, առանց կուլիսային պայմանավորվածությունների, մեսիջների՝ նորից «քիթը խոթի» մի գործընթացի մեջ, որից իրեն միայն արդյունք է պետք: Սարգսյանը հայ-թուրքական հարաբերություններից ոչ մի այլ շահ, քան սահմանի բացումն ու դրանից իր համար դիվիդենտներ քաղելն է, չունի: Եւ եթե նա, իրապես, առանց այդ ամենն ունենալու է նման հայտարարություններ անում, ինչպիսիք հնչեցնում է վերջին օրերին, ապա, այո, գործ ունենք, խելահեղության վարկածի հետ:

Եզրակացություն երկրորդ՝ փուլ երկրորդ

«Ֆուտբոլային» տաշիտուշիների արդյունքում ստանալով իր համար ցանկալի առաջին պայմանը՝ Թուրքիան, ինչպես գիտենք, սկսեց պահանջել ավելին, ինչը, բնականաբար, կարելի էր կանխատեսել: Սարգսյանը պատային վիճակում հայտնվեց:

Այժմ համադրենք այն, թե ինչ իրադարձություններ հաջորդեցին իրար: Սարգսյանը սկսեց «սպառնալ» արձանագրությունների հետկանչմամբ, Թուրքիան շարունակում էր առաջ քաշել երկրորդ նախապայմանը՝ ԼՂ հիմնախնդրի հետ կապված, Սարգսյանը սառեցրեց գործընթացը, ապա ՄԱԿ-ի ամբիոնից եւ հայ ժողովրդի անունից գրողի ծոցն ուղարկեց իր իսկ ստորագրած արձանագրությունները, հետո հետ կանչեց դրանք ԱԺ-ից՝ միաժամանակ, սակայն, Նալբանդյանի հետ Անկարա ուղարկելով Թուրքիայի նախագահին ուղղված իր հրավերը:

Ի դեպ, մի դետալ եւս: Որքան էլ որ առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում Սարգսյանը ինքնուրույն քաղաքականություն է վարել եւ վարում, կամ, առավելեւս, որ ինքն է քնել-զարթնել ու հանկարծ հղացել Գյուլին Հայաստան հրավիրելու եւ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելու միտքը, իրականում ակնհայտ էր, որ մինչ այդ տեղի են ունեցել բավականին ինտենստիվ միջնորդավորված հանդիպումներ եւ բանակցություններ, եւ այդ մասին շատ բաց հետո խոսում էին նաեւ բոլոր միջնորդները, հատկապես՝ Շվեյցարիան եւ ԱՄՆ-ն, եւ հետեւաբար՝ այդ ամենը լրջագույնս քննարկված ու նախապատրաստված գործընթաց էր: Պարզապես՝ Սարգսյանին թույլ էին տվել առաջին քայլը կամ բացումը անել, իսկ վերջինս էլ մանկական միամտությամբ կարծես լուրջ էր ընդունել մի պահ, որ հենց ինքն է սկսել այդ դիվանագիտությունը: Բայց դա արդեն այլ պատմություն է: Դառնանք մեր քննարկվող խնդրին:

Եւ ուրեմն, այժմ էլ, եթե Սարգսյանը խոսում է «ֆուտբոլային դիվանագիտության» լեզվով, ապա պետք է հասկանալ, որ դրան զուգահեռ՝ բազմաթիվ կուլիսային պայմանավորվածություններ, մեսիջներ ու հանդիպումներ կան: Որովհետեւ խելահեղության վարկածն այս դեպքում բացառում ենք, հետեւաբար՝ բացառում ենք նաեւ այն, որ Սարգսյանը կարող է մտնել մի գործընթացի մեջ, որի հնարավոր արդյունքների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան, իսկ գործընթացն էլ ինքն իրենով իրեն հեչ պետք չէ:

Բայց այստեղ մի նրբություն էլ կա: Եթե իսկապես կան կուլիսային բանակցություններ, ապա ինչու ապրիլքսանչորսյան միջոցառումներից առաջ Սերժ Սարգսյանը որդեգրեց պահանջատիրական հռետորաբանություն, Վիլսոնի ակտը հիշեց, Կարսի պայմանագիրը հիշեց, Էրդողանն էլ մի կողմից կարծրացրեց դիրքերը: Արդյո՞ք դա Սարգսյանի կողմից կուրսի փոփոխություն էր ենթադրում: Եթե գործ չունենք առաջին՝ խելահեղ տարբերակի հետ, ապա նշանակում է՝ իրականում այլ տարբերակ է գործում:

Ըստ երեւույթին՝ թե՛ Սերժ Սարգսյանի եւ թե՛ Էրդողանի համար քաղաքական առումներով շահավետ չէր գործընթացի շարունակությունը սկսել  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Որովհետեւ որքան էլ որ, մի կողմից՝ մեղմ ու լղոզված լինեին Էրդողանի խոսքերն ու գործողություններն այդ օրերին, Թուրքիայում նրա՝ Հայաստան գալը, կամ Սարգսյանի հետ հանդիպումը, կամ գործընթաց սկսելը՝ դժվար թե հասկանային: Նույն տրամաբանությամբ էլ՝ Սարգսյանն էր հասկանում, որ այդ օրերին Հայաստանում ինքը պիտի պահանջատեր դառնա, թե չէ՝ էլի սխալ կհասկացվի, հատկապես, եթե գործընթացի ավարտը երաշխավորված չէ:

Կոպիտ ասած՝ այն, ինչ կարելի էր անել ապրիլի 24-ից հետո, չէր կարելի անել 24-ի նախաշեմին եւ հատկապես 24-ին: Եւ, ըստ երեւույթին, երկու կողմերին ձեռնտու էր, որ պրոցեսը տեղափոխվի 24-ից հետո:

Փաստեր՝ հօգուտ երկրորդ եզրակացության

ա. Ապրիլի 24-ի հենց նախաշեմին Սերժ Սարգսյանը մի քանի հարցազրույցներ տվեց միջազգային ԶԼՄ-ներին, որոնք հակասում էին իր իսկ կողմից ընդունված Համահայկական հռչակագրի տեքստին: Հարցազրույցներում մի հյուլե անգամ չկար հռչակագրում առկա պահանաջատիրական ոգուց: Սարգսյանը խոսում էր ֆուտբոլային դիվանագիտության բառապաշարով:

բ. Ի հեճուկս Հռչակագրի՝ Սարգսյանը պարզ հայտարարեց՝ մենք Թուրքիայից տարածքային պահանջ չունենք, այն դեպքում, երբ հռչակագրում հղում էր արվում Կարսի պայմանագրի, Վիլսոնի իրավարար ակտի վրա: (Իհարկե, Սերժ Սարգսյանի պահանջատիրական կեղծ դարձով նրան սատարել վերսկսած դաշնակցականներն ու նրա պահանջատիրական գովքը կապած պատմաբան-փորձագետները սա ներկայացրին որպես դիվանագիտական մանեւր, իբր՝ հիմա չունենք, բայց չասաց, որ հետո չենք ունենա, բայց դա արդեն ուրիշ պատմություն է): Մի քանի օր անց Սարգսյանը, հյուրընկալվելով Վլադիմիր Պոզներին, բաց տեքստով նորից ասում է՝ «մեզ ոչինչ պետք չէ, ոչինչ, միայն՝ ճանաչում: Մենք Թուրքիայից այլ պահանջ չունենք եւ չենք ունեցել: Ավելին, մեր օրենսդրությամբ հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կդառնային, եթե մենք հետ կանչեինք մեր ստորագրությունը այդ փաստաթղթերից, բայց մենք միայն արձանագրություններն ենք հետ կանչել ԱԺ-ից: Նշանակում է, որ արձանագրությունները դեռ ուժի մեջ են»:

Սարգսյանը նաեւ վերահաստատում է, որ եթե Թուրքիան պատրաստ լինի վավերացնել դրանք, ապա Հայաստանը, ինչպես եւ ինքը խոստացել էր, մի քանի ժամ անց եւս կվավերացնի դրանք:

գ. Չնայած միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, եվրոպական այն կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը, կամ որոնց հետ համագործակցում է, խոսում են այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների համար լայն քաղաքական կոնսոլիդացիա է պետք, այդուհանդերձ, այդ թեման նրանց համար առաջնային չէ, չնայած որ իրենք էլ ակնհայտ տեսնում են, որ Սարգսյանը քաղաքական կոնսոլիդացիա այդ հարցի շուրջ չունի՝ մեկ, եւ երկրորդ՝ այդ փոփոխությունները պետք են Սարգսյանին իր քաղաքական կյանքը երկարաձգելու համար: Ո՞րն է այս տարօրինակ քչախոսության պատճառը:

դ. Նույն շրջանակները նաեւ կարծես աչք փակեցին այն ամենի վրա, ինչ Սարգսյանը արեց քաղաքական դաշտում այս տարվա փետրվարին: Այն, ինչ արեց Սարգսյանը, մանրուք չէր ամենեւին, եւ դա պիտի որ նկատվեր ու համապատասխան կերպով արձանագրվեր: Ու նաեւ համապատասխան արձագանք պիտի լիներ: Համենայնդեպս՝ հրապարակավ այդ արձագանքը չեղավ:

Արդյոք այդ լռությունն ու լոյալությունը պատահականությո՞ւն են, արդյո՞ք միայն աշխարհաքաղաքական (ՌԴ) ու տարածաշրջանային այլ (Իրան) հարցերով են պայմանավորված, թե՞ սրանք էլ հայ-թուրքական կուլիսային պայմանավորվածությունների փաթեթի մի մասն են: Կապրենք՝ կտեսնենք:

Եթե առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները «զարգանան» միայն վերբալ գործողություններով եւ հայտարարություններից, ու, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցվող հայտարարություններից այն կողմ այլ զարգացումներ չլինեն, նշանակում է՝ ականատեսն ենք լինում խելահեղությանը՝ գործողության մեջ: Իսկ եթե սառույցը շարժվի, ուրեմն՝ կաղ բադիկն իրապես ֆուտբոլ է խաղացել:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Մերի Մուսինյան. Պոզների հետ հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը…’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Հետապրիլքսանչորսյան խոհեր’