‘Խմբագրական. Հանրահավաքի կարևորությունը’

3030

Երկարատև դադարից հետո՝ վաղը Կոնգրեսը հանրահավաք է կազմակերպում:

Երկրում տիրող իրավիճակի ֆոնին հասարակական մեծ սպասում կա քաղաքական ուժերից և հատկապես Կոնգրեսից՝ իրավիճակին համարժեք ակտիվությամբ գործելու և հանրային դժգոհությունն իշխանության դեմ կազմակերպված տանելու հարցում: Այս հարցում հավելյալ հիմնավորումների կարիք, թերևս, չկա:

Առավել անհրաժեշտ է հասկանալ, թե որն է մարտի 1-ի հանրահավաքի, նրա հզորության, ընդգրկունության կարևորությունը:

6 տարի առաջ այդ օրը՝ իշխանությունը, ունակ չլինելով հասարակության հետ խոսելու քաղաքական լեզվով ու լինելով ամբողջովին մերկ՝ փաստարկների առումով, իր իշխանությունը պահելու համար դավադրաբար հարձակվեց Ազատության հրապարակում քնած մարդկանց վրա, նույն երեկոյան գնդակահարեց 10 քաղաքացիների, իսկ հարյուրավորների նետեց բանտերը: Մարտի 1-ն ընդդիմության վրա բարդելու գործում վերջնականապես  ձախողվելով (տե՛ս նախորդ խմբագրականը), արդեն 6 տարի իշխանությունն՝ իրեն հարիր լկտիությամբ պարտակում է այս գործը և իր հովանավորության տակ է վերցրել բոլոր պատասխանատուներին ու կատարողներին: Մասնակցելով մարտի 1-ի հանրահավաքին, մեզանից յուրաքանչյուրն իր պատասխանն է հղելու այս իշխանությանը, որ ինքը կանգնած է այս իշխանության՝ որպես մարտի 1-ի կազմակերպչի դեմ և պահելու է այս հարցը իշխանության կոկորդում, քանի դեռ լիարժեք բացահայտված չէ պետության ու հայ ժողովրդի դեմ գործված այդ հանցագործությունը, և պատասխան չեն տվել դրանում ներգրավված բոլոր իշխանավորները և կատարողները: Սա պարտավորություն է, որ բոլորս ունենք մեր զոհված ընկերների, մեր պետության և ինքներս մեր առջև:

Մարտի 1-ի հանրահավաքն ունի նաև հսկայական նշանակություն ներկայումս Հայաստանում ստեղծված իրավիճակի ու ընթացող վտանգավոր գործընթացների առումով: Այն հարցում, որ մեր պետությունն այսօր գտնվում է խորը քաղաքական, տնտեսական և հասարակական ճգնաժամի մեջ, կա գրեթե համազգային կոնսենսուս: Ավելին, նույնպիսի կոնսենսուս կա նաև  իշխանության վերաբերյալ հետևյալ գնահատականներում.

Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանում չունի այլ առաքելություն, քան սեփական ժողովրդին կեղեքելն ու հարստահարելն է:

-Հայաստանը դրսում ներկայացնում է մի իշխանություն, ում վարքագիծը խոցում է հայ ազգի արժանապատվությունը, նրան դարձնում հեգնանքի ու ծիծաղի առարկա:

-Սեփական իշխանությունը պահելու և սեփական հարստացման համար Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը պատրաստ են ոտնատակ տալ և՛ Սահմանադրությունը, և՛ օրենքները, և՛ ժողովրդի կամքը, էլ չխոսած՝ բարոյական գրված ու չգրված օրենքների  մասին: Սրանք պատրաստ են, բառի բուն իմաստով, վաճառքի դնել Հայաստանի ունեցվածքը և պետական շահերը:

-Սերժ Սարգսյանի իշխանությունը, նրա գործունեությունը ոչ մի դրական աղերս չունի Հայաստանի և նրա շահերի հետ:

Նաև՝

-Իր վարած ապաշնորհ, քաղաքականապես անգրագետ, հակամարդկային քաղաքականության հետևանքով՝ այս իշխանությունը կորցրել է իր ունեցած գրեթե բոլոր հենարանները և վստահություն չի վայելում պետական շրջանակներում:

-Սերժ Սարգսյանի հեղինակությունը շեշտակի անկում է ապրել իշխանության ներսում, իսկ նրա միջազգային մեկուսացումն օրեցօր խորանում է:

-Խորանում է նաև անջրպետը ոչ իշխանական մյուս ուժերի և իշխանության միջև:

-Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել բոլոր մակարդակների գործարարներին, և վերջիններս այս անգամ հակված են (դեռևս՝ ոչ բարձրաձայն) ընդունել այդ մարտահրավերը:

Մարտի 1-ի հանրահավաքն այս առումով պետք է դառնա համազգային կոնսենսուսի արտահայտման առաջին քայլ: Որքանով այդ քայլերը կլինեն հզոր ու թվով քիչ  (այսինքն՝ ավելի կմոտեցնեն ռեժիմի դեմ վերջնական հաղթանակը), կախված է քաղաքացիների՝ մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունից, քաղաքական ուժերի հաստատակամությունից, համարձակությունից ու միմյանց հետ տարակարծությունների (ոչ թե տարաձայնությունների) պայմաններում արդյունավետ աշխատելու ունակությունից:

Երբևէ մարդիկ հանրահավաքների չեն գնացել՝ ունենալով մոտեցումների և մոտիվացիաների բացարձակ նույնականություն: Ե՛վ քաղաքացիները, և՛ առաջնորդներն ունեցել են տարբեր պատկերացումներ զանազան հարցերի շուրջ:

Մենք էլի կարող ենք շարունակել ունենալ մեր՝ իրարից տարբերվող պատկերացումները, բայց դրանք մեզ երբեք չեն կարող խանգարել, եթե ի վիճակի լինենք դրանք ստորադասել մեկ հիմնական խնդրի. Սերժ Սարգսյանի ռեժիմը հակացուցված է Հայաստանին և պետք է հեռացվի: Համընկնող մոտեցումներն են գործի հաջողության գրավականները: Թողնել, որ գերիշխեն տարակարծությունները, կնշանակի՝ իրականացնել Սերժ Սարգսյանի երազանքը: 

Այս տարիները մեր պատմության մեջ կգրվեն որպես ամոթալի տարիներ՝ ազգային նվաստացման, արտագաղթի, բարոյալքման տարիներ: Տարիներ անց մեզ չեն հարցնելու, թե մենք ինչ էինք մտածում այս կամ այն գործչի կամ հարցի վերաբերյալ: Մեզ հարցնելու են՝ դուք ի՞նչ արեցիք Սերժ Սարգսյանի կառավարման մղձավանջը մեկ օրով կարճացնելու համար: Եվ եթե մենք այսօր չհամախմբվենք, այս հարցի պատասխանը չենք կարողանալու տալ:

Արման Մուսինյան

 

Նախորդ հոդվածը‘Մեղադրվում է զորամասի հաշվեկշռում գտնվող մեծ քանակով դիզվառելիքը հափշտակման համար ‘
Հաջորդ հոդվածը‘Պետդեպ. ՀՀ-ում մարդու իրավունքների հիմնական պրոբլեմը ժողովրդի իրավունքների սահմանափակումներն են՝ իշխանափոխության առումով’