‘Պետդեպ. ՀՀ-ում մարդու իրավունքների հիմնական պրոբլեմը ժողովրդի իրավունքների սահմանափակումներն են՝ իշխանափոխության առումով’

1216

Հայաստանում 2013 թվականին մարդու իրավունքների ոլորտի հիմնական պրոբլեմը ժողովրդի իրավունքների սահմանափակումներն են իշխանափոխության առումով: Սրա մասին է նշվում ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Այնուհետև շեշտադրվում են կոռուպցիայի, կառավարության ոչ թափանցիկ գործունեության, ինչպես նաև դատական համակարգի ոչ բավարար անկախության պրոբլեմները: «Կառավարության տարբեր հատվածներում գոյություն ունեցող կոռուպցիան խանգարում է օրենքների գործողությանը, չնայած այն բանին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել բարձր և միջին օղակների պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ, որոնք ներգրավված էին կոռուպցիայի մեջ»,-ասված է փաստաթղթում:

Այնուհետև զեկույցում ներկայացվում է 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականները: «Նախագահական ընտրությունները հիմնականում անցան թափանցիկ և բաց: Սակայն, առկա էին այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են` թեկնածուների համար ոչ հավասար պայմանները, ընտրական օրենսդրության լուրջ խախտումները և ընտրական գործընթացի արդարացիության շուրջ անհանգստությունը: Չնայած թեկնածուների կողմից ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությանը, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների գործընթացն իր մեջ ընդգրկում էր պետական կառավարման մարմինների անաչառության պակաս, իշխող կուսակցությանն աջակցելու նպատակով պետական միջոցների չարաշահումներ, ընտրակաշառքներ, բողոքների քննարկման անարդյունավետ գործընթաց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն նկատել է նաև միտումներ, երբ ընտրողների բարձր ներկայություն ապահոված ընտրատեղամասերում հաղթել է Սերժ Սարգսյանը, ինչը վկայում է քվեարկության և ձայների հաշվման ընթացքում առկա հնարավոր և լուրջ պրոբլեմների մասին, կասկածի տակ դնելով ընտրական ողջ գործընթացը: Դատարանները ճնշման էին ենթարկվում գործադիր իշխանության կողմից, ինչը բերեց նաև մի շարք հետապնդումների և քաղաքական  վճիռների»:

Զեկույցում ասված է նաև խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող զոհերի, զինվորների նկատմամբ ոտնձգությունների մասին, ինչպես նաև նման գործողությունների համար պատասխանատվության բացակայության մասին: Նշվում են նաև իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների միջոցով ցուցունքներ ստանալու դեպքեր: «Իշխանությւոնների հանձնարարությամբ շարունակվում էին ձերբակալություններն՝ առանց հիմնավոր պատճառների: Դատական գործընթացները տևում էին շատ երկար, իսկ դատարանները չէին կիրառում արդարացի դատավարություն ապահովող օրենքներ: Մինչ օրս դեռ ոչ ոք պատասխանատվության չի կրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար, որոնք հետևեցին նախագահական ընտրություններին, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ»,-ասված է զեկույցում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրահավաքի կարևորությունը’
Հաջորդ հոդվածը‘« Դ!ԵՄ ԵՄ». Մարտի 1-ին հանրային քննարկումը տեղի չի ունենա’