‘Խմբագրական. Հարցազրույց՝ «ձյաձյա, ես սխալ չեմ արել» ոճի մեջ ‘

2821

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցն իր քաղաքական ու քաղաքագիտական մտքի «մարգարիտների» առատությամբ, իհարկե, չէր կարող զիջել մինչև այդ եղածներին: Վարչախումբն ավելի անկայուն հիմքերի վրա է. ինչ պլան մշակում են, իշխանությունը դրանից ավելի բարդ դրության մեջ է հայտնվում: Հետո, հետին թվով, Սերժ Սարգսյանը փորձում է շտկել իրավիճակը, ինչի արդյունքում էլ հայտնվում են նման շեդևրալ հարցազրույցներ:

Նախ՝ այս հարցարզույցն, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածին պատասխանի փորձ էր՝ «ձյաձյա, ես սխալ չեմ արել» ոճի մեջ: Այն փաստը, որ հարցազրույցում արծարծված թեմաները մեկը մեկին համընկան Տեր-Պետրոսյանի հոդվածում նշվածների հետ, գալիս է հաստատելու այդ իրողությունը: Ու քանի որ Տեր-Պետրոսյանի հոդվածում հստակորեն մերկացվել են իշխանության՝ առաջիկա շրջանի պլանն ու իրական մոտիվները, Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան շփոթի մատնված դեմքով փորձել ստացված հարվածից վերականգնել վարչախմբին,  ցույց տալ, որ պետական ապարատում և քաղաքական ստեղծված իրավիճակում ինքը դեռ կարողանում է վերահսկել գործերի ընթացքը: Բայց փաստն այն է, որ՝

— Սերժ Սարգսյանը ընկրկել է սահմանադրական «բարեփոխումներն» առաջ մղելու հարցում: Գոնե՝ այս պահին, ու գոնե՝ ժամանակավորապես: Մնացածը կախված կլինի այս հարցում Քառյակի ուժերի հաստատակամությունից և անհրաժեշտության դեպքում՝ արմատական քայլերի գնալու պատրաստակամությունից:

— Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Քառյակի 12 պահանջների չկատարումը շատ թանկ կարող է նստել իր և իր իշխանության վրա և սեպտեմբերյան համատեղ հանրահավաքի՝ վարչախմբի համար ունենալիք կործանարար ազդեցությունը չեզոքացնելու նպատակով հիմիկվանից հող է նախապատրաստում դրանց գոնե մի մասի կատարման համար:

— Եվ վերջապես, այլ ճար չունենալով՝ Սերժ Սարգսյանը փորձում է արտաքին քաղաքական ձախողումները, դիվանագիտական ճակատում Ղարաբաղին հասցված վնասները հասարակության աչքին չեզոքացնել իր՝ Ղարաբաղին նվիրված լինելու ճղճիմ ու հուզական զեղումներով՝ ակնարկելով, որ ղարաբաղցին Ղարաբաղին վնաս չի տա (իր երկիրը «վարի տված» որևէ դիկտատոր աշխարհում ճիշտ և ճիշտ նույնպիսի փաստարկներով է խոսել սկզբում՝ վերջում թողնելով ավերակներ):

Ե՛ւ սահմանադրականի հարցում ընկրկելը, և՛ Քառյակի պահանջների կատարման հող նախապատրաստելը, և՛ արտաքին քաղաքականության պես բարդագույն ու կարևորագույն ոլորտի վերաբերյալ հուզական զեղումները հստակ ախտորոշում են այն վիճակը, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը: Նո՛ր չի հայտնվել, բայց նման իրադարձությունները հերթական անգամ ի ցույց են դնում այս ամենը:

Հ.Գ. Ընդհանրապես՝ հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը գաղափար չունի՝ ինչ ասել է պետություն կամ քաղաքականություն: Պարզվում է՝ լավագույն դիվանագիտությունն այն է, որ տվյալ պահին, երբ քո հարցն են քննարկում, դիվանագիտությունը պետք է լռի, և միայն Հայաստան վերադառնալուց հետո, հեռու հեռվից (ցանկալի է՝ դժվարամատչելի սարերի վրայից, ասենք, օրինակ՝ Ծաղկաձորից, հոխորտալ, որ մեզ չի կարելի տհաճ անակնկալներ մատուցել): Պարզվում է, որ սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ չէ, այլ իրավաքաղաքական: Եթե լրագրողը հանկարծ հարցներ, թե ինչ ասել է իրավաքաղաքական, մենք ակնատեսը կլինեինք  հերթական «մարգարտաշարի», բայց, դժբախտաբար թե բարեբախտաբար՝ լրագրողը հասարակությանը «զրկեց» դրան ականատես լինելու հնարավորությունից:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի նոր թագավորը ստանձնում է իր լիազորությունները’