‘Խմբագրական. Հուսահատությունը դուրս թքելու ժամանակը’

2244

Բարձրացրու գլուխդ, բավական է մեջքդ ծռած ման գաս, հերիք է հուսահատ լինես ու հուսահատություն տարածես, էդ մեջքդ ոչ կորանալու, ոչ էլ սրանց բեռը լուռ տանելու համար է ստեղծված, քո զավակների ու կնոջդ աչքերում դաջված մի կտոր հացի լուռ սպասումն ու խոպանից քո վերադարձի հույսը պարան մի շինիր ու կախվիր այդ պարանից, մի կախիր այդ պարանից հույսդ, հավատդ, խիզախությունդ, ինքնավստահությունդ, օձի պես մի փաթաթիր այն կոկորդիդ ու արցունքներդ խեղդամահ մի արա, քնաբեր մի տուր ըմբոստ ոգուդ, կուլ մի տուր վիրավորանքը անարդարության, որ նրանք են սերմանում, ովքեր գող են ու անհայրենիք, հայրենիքը մեղավոր չէ, որ նրանք սրիկա են ստացվել, ու ծախու բոզեր, եւ առավելեւս մեղավոր չէ քո սերն առ հայրենիք ու պետություն, մի սպանիր այդ սերը, ինչ է թե՝ մի երկու ստահակ ամեն օր արյունապիղծի պես քո աչքի առաջ բռնաբարում են սեփական երկիրն ու պետությունը, մայր հայրենիքը, չէ՞որ դու հենց նա ես, ով պատանի հասակում գլուխը կջարդեր ցանկացած մեկի, ով կհամարձակվեր մատով անգամ դիպչելու փորձ կատարել քրոջդ, եւ մի՞թե այդ պատվախնդրությունդ ու թասիբն այլեւս ջուր է դարձել, մի փակիր աչքերդ ու մի փախիր, մեկ է՝ դրանից անհայրենիքները չեն դադարելու պղծել սեփական երկիրը, մի փակիր ականջներդ, ականջալուր եղիր հայրենիքիդ օգնության կանչին, այն հայրենիքիդ, որտեղ ապրել են քո հայրերն ու պապերը, նրանց հայրերն ու պապերը, նրանք, ովքեր իրենց կյանքը չեն խնայել, որ դու այսօր այս հսկա աշխարհիս երեսին ապրելու քո մի կտոր հողն ունենաս, քոնը՝ քո սեփականը, հողը, որտեղ դեռ քո զավակները, թոռներն ու նրանց զավակներն ու թոռները պիտի ապրեն, հարսանիք անեն, զավակներ ունենան, միայն թե մի փախիր՝ ուրիշի հողը երբեք քոնը չի լինելու, ուրիշի հողում դու միշտ էլ տնվոր ես լինելու, դու էլ, զավակներդ էլ, նրանց զավակներն ու թոռներն էլ, բավական է հողի տակ կենդանի-կենդանի թաղես պատվախնդրությունդ, դրանից հո պատվախնդրությունդ չի մահանալու, հողին հանձնում են միայն այն, ինչն արդեն անշնչացած ու կենդանի չէ, դու քո պատվախնդրությունն ինչպե՞ս ես ողջ-ողջ թաղում, դու քո թասիբն ինչպե՞ս ես խեղդում սեփական ձեռքերով, չէ՞ որ դու նաեւ քո զավակների համար օրինակ ես ծառայում, մարդու օրինակ, քո զավակն ի՞նչ պիտի սովորի նրանից, ով իր սեփական թասիբը օրը ցերեկով խեղդամահ է արել ու նետել հոսող ջուրը, բա քո զավակն ումո՞վ պիտի հպարտանա, ո՞վ պիտի նրա համար օրինակ լինի, ումի՞ց պիտի սովորի՝ ինչպես ապրել, դու, որ այսօր կզել ես սրանց դեմ, ու լուռ տանում ես սրանց լուծը, դու մի՞թե ցանկանում ես, որ վաղն այս լուծը նաեւ քո զավակները տանեն, նրանց զավակներն ու թոռները, դու ինչպե՞ս ես սեփական զավակներիդ մատաղ անում սրանց սմբակների տակ, դու ի՞նչ սրտով ես մանկահասակ զավակիդ նետում սրանց սմբակների տակ ու լուռ նայում, թե ինչպես են սրանք իրենց սմբակներով տրորում քո զավակի ապագան, ինչպես են պղծում քո մանկահասակ զավակներին, դու, որ ստրուկ չես ծնվել, դու, որ ազատ ես, ինչպե՞ս ես ինքնակամ հագել ստրկության շղթաները, այդ երբվանի՞ց դու որոշեցիր, որ սրանք քեզնից առավել են, ու դեռ ավելի ու ավելի առավել, այդ երբվանի՞ց որոշեցիր, որ սրանք կարող են տնօրինել քո ճակատագիրը, այդ երբվանի՞ց սկսեցիր ամաչել կարդացածդ գրքերից, երբվանի՞ց սկսեցիր համարել, որ տառերը չիմացողն առավել է նրանցից, ովքեր տառերն էլ գիտեն, գրել էլ, այդ ո՞ր մեղքիդ համար որոշեցիր այսպես ինքնախարազնվել, դատապարտել ինքդ քեզ կամավոր ստրկության, այդ ո՞ր պահից քո մեջ քնեց պատվախնդիր տղամարդը, այդ ինչպե՞ս եղավ, որ թուրքից չվախեցար, բայց վախեցար հայից, որ թուրքից առավել թուրք է, այդ երբվանի՞ց որոշեցիր, որ պետք է կորացնես մեջքդ ու մուրաս ապրելու իրավունքդ անգամ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ համակերպվեցիր կապանքներին, այդ ինչպե՞ս որոշեցիր, որ դու այնքան դուխ չունես, որ սեփական զավակիդ պիտի նետես սրանց սմբակների տակ, եւ մի՞թե հանդուրժողականությանդ բաժակն այդ աստիճան անհատակ է, որ չի լցվում ու չի լցվում, էլ բավական է, բարձրացրու գլուխդ, բավական է մեջքդ ծռած ման գաս, հերիք է հուսահատ լինես ու հուսահատություն տարածես, էդ մեջքդ ոչ կորանալու, ոչ էլ սրանց բեռը լուռ տանելու համար է ստեղծված, ուսերդ, որ զենք են տեսել, չեն կարող նաեւ լուծ տեսնել, չպիտի այդպես լինի, բարձրացրու գլուխդ, պահանջիր, վերցրու այն, ինչ քոնն է, ազատությունդ սրա-նրա ոտքերի տակ մատաղ մի արա, ոչ մեկը քեզանից առավել չէ, եւ դու էլ որեւէ մեկից նվազ արժանի չես ապրելու այս հողում՝ գլուխդ բարձր ու հպարտ, հեզ լինելու ժամանակներն անցել են, դու հեզ լինելու իրավունք անգամ չունես այլեւս, հեզությունդ առաքինություն չէ, ոտքի կանգնիր, ուս ուսի տուր քեզ նման հազարավորներին, ջարդիր ամոթիդ շղթաները, զավակներիդ սպասումները գետնով մի տուր, հերոս չեն ծնվում, հերոս դառնում են, զի բոլոր-բոլորիս մեջ՝ թեկուզ եւ հեռավոր մի անկյունում թաքնված է հերոսն այդ, ազատություն տուր ըմբոստությանդ, մի վախենա ճախրել, երազել ու ծրագրեր կազմել, սա քո հայրենիքն է, եւ դու ունես բոլոր իրավունքներն այստեղ ապրելու, ազատություն տուր թեւերիդ, ու թեեւ չես թռել հազար տարի, բայց դու հաստատ թռչելը չես մոռացել, պարզիր ձեռքերդ, ու գնա, գնա երազանքներիդ ընդառաջ, գնա ու տեր կանգնիր իրավունքներիդ, գնա ու հողից հանիր պատվախնդրությունդ, որին ողջ-ողջ թաղել էիր, չխաբվես մի փոր հացի սրանց գայթակղությանը, նվաստության մեջ կերած մի կտոր հացը միշտ բկիդ է կանգնելու, կուլ չի գնալու, քանի դեռ խորը չես շնչել ու դուրս չես թողել ներսիդ ըմբոստությունը, դուրս թքիր դառնությունն ու հուսահատությունը, այլեւս ժամանակ չկա հուսահատվելու, գնա, գնա դեպի ազատությունը քո, Ազատությունը քեզ է սպասում:

Քրիստինե Խանումյան    

Նախորդ հոդվածը‘Այսօր ընդդիմադիր «եռյակն» աշխատանքային հանդիպում կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ձեւավորվել է ռեալ ուժ, որը կարող է հարցեր դնել եւ հարցեր լուծել (Տեսանյութ)’