‘Խմբագրական. Հրաժարականը կքաշի, կգնա ‘

2556

Եթե Սերժ Սարգսյանը լեգիտիմ ընտրված նախագահ լիներ, ապա վաղուց արդեն ինքնահոժար հրաժարական տված կլիներ: Ընտրողների քվեն իրապես ստացած մարդն իրեն պատասխանատու կզգար այդ ընտրողների եւ նրանց քվեների առջեւ: Նա վաղուց հրաժարական տված կլիներ, քանի որ չի իրագործել իր նախընտրական խոստումները, ինքն ու իր թիմը հայտնվել են բազմաթիվ սկանդալների էպիկենտրոնում,  տանուլ են տվել արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսության ոլորտներում:

Բայց քանի որ Սերժ Սարգսյանին քվեարկել են միայն մեռյալ հոգիները, իսկ նրանք էլ քվեարկելուց հետո անէանում են` մինչեւ հաջորդ ընտրություններ՝ իրենց քվեարկության ծանր հետեւանքները թողնելով իրական, գոյություն ունեցող մարդկանց ուսերին, Սարգսյանն իրեն պատասխանատու չի համարում: Նրանք, ովքեր «քվեարկել են» իր համար, չկան, չեն բողոքում, սոված չեն լինում, որ հաց  ուտելու կարիք ունենան,  վարձեր ու հարկեր չեն վճարում, որ գումար չունենան, «բնակվում են» լիովին այլ`հավերժական անդրշիրիմյան միությունում, ուստի նրանց համար միեւնույն է` Սերժ Սարգսյանը Հայաստանը Եվրամիություն կտանի՞, թե՞ Մաքսային միություն, չեն արտագաղթում, որովհետեւ մեկ անգամ արդեն «արտագաղթել» են` ընդմիշտ, ոչ գազ են վառում, ոչ նույնիսկ` աթար, թանկացումներն իրենց անհարմարություն չեն պատճառում, քաղաքական արհավիրքներն իրենց «քվեին չեն», եւ նույնիսկ ամեն օր հեռուստատեսությամբ ստիպված չեն լինում տեսնել Սերժ Սարգսյանին ու նրա ձախողված թիմին:

Իմա՝ Սերժ Սարգսյանն իր կամքով հրաժարական չի ներկայացնում, քանի որ չի տեսնում իր «ընտրողների» դժգոհությունները, իսկ նրանք, ովքեր իրապես գոյություն ունեն եւ տասնյակ հազարներով ամեն օր դժգոհում են, իր  ընտրողները չեն: Դա գիտեն ե՛ւ ՀՀ քաղաքացիները, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Ալեգորիաները՝ ալեգորիաներ, բայց հենց այդ պատճառով էլ նա ինքնակամ հրաժարական չի տալիս: Եւ չի տա` ինքնակամ: Դա պետք է հասկանան հատկապես նրանք, ովքեր հույս ունեն կամ հայտարարում են, թե Սարգսյանը ինքնակամ կհեռանա: Նա դա չի անի, ուստի նրան պետք է պարտադրել այդ հրաժարականը: Հայաստանում իշխանությունները վաղուց քաղաքական, քաղաքագիտական, նույնիսկ բարոյական կանոններով չեն խաղում: Նրանք կարող են մի օր հայտարարել, թե Հայաստանում գազի գինը չի բարձրանա, հաջորդ օրը՝ թանկացնել գազը, նրանք կարող են երեք տարի շարունակ հայտարարել, թե Հայաստանը տանում են դեպի Եվրոպա, հաջորդ պահին հայտարարել Մաքսային միությանը միանալու մասին, նրանք կարող են հայտարարել, թե տրանսպորտը չի թանկանա, եւ թանկացնել տրանսպորտը: Եւ ողջ այս ցինիզմից ու ստերից հետո նրանք անգամ աչք չեն թարթի, որովհետեւ իրենք ի սկզբանե գիտեն,  որ կասեն մի բան, կանեն` այլ բան:

Եւ իրենք խնդիր չունեն: Խնդիր ունեն նրանք, ովքեր կհավատան այդ խոսքերին կամ կապավինեն իշխանությունների բարոյականության վերջին խազին: Իսկ խազն այդ չկա: Խնդիր ունեն նրանք, ովքեր չեն հասկանա, որ բոլոր պրոբլեմների պատճառը մի կետից է սկսվում, եւ այդ կետը ոչ այնքան իրենց համատիրությունում ու նախարարությունում է կամ` Կրեմլում ու Բրյուսելում, այլ` Բաղրամյան 26-ում:

Կա պատճառ, եւ կան հետեւանքներ: Պատճառն ինքնակամ չի հեռանում: Պետք է պատճառը հեռացնել: Սերժ Սարգսյանը չի հեռանա սոսկ նրա համար, որ իրեն մեղավոր կզգա հրապարակներում հավաքված հազարավոր մարդկանց առջեւ: Նա կհեռանա, երբ հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ դառնան տասնյակ հազարավորներ, երբ բուրգը վերջնականապես ճաքի (ինչի սկիզբը դրվեց 2008-ի հետընտրական շրջանում), եւ նա ուղղակի կկորցնի վերահսկողությունը: Սերժ Սարգսյանը մնում է, քանի դեռ իրավիճակ է վերհսկում: Ո՛ր պահից դադարի վերահսկել, տեղում հրաժարականը կքաշի ու կգնա:

Իսկ «հանրահավաքները, երթերը, ցույցերը, հրաժարականի պահանջը վաղուց հնացած մեթոդներ են, պետք է նոր բան մտածել, եկեք հարցերը չքաղաքականացնենք» տիպի կրԻաԾիվշչինան իրականության հետ աղերս չունի: Ուկրաինան՝ ձեզ թարմ օրինակ:   

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘Աղետի գոտի (1988-2013). Չսպիացող վերքեր (մեծ ֆոտոշարք)’