‘Խմբագրական. Ձեռքդ ետ տար Ղարաբաղի վրայից ‘

2071

Ընդամենն ամիսներ առաջ` Նազարբաեւի հետ կապված «տհաճ էր» հայտնի պատմությունը մեկնաբանելով՝ Սերժ Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել էր. «Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»:

Եվ իսկապես` տրամաբանական պետք է լիներ, որ Հայաստանի նախագահի աթոռին հայտնված մարդուց Արցախը պաշտպանելու կարիք չլիներ, քանզի նույնիսկ ներքաղաքական հարցերում նրա ցուցաբերած բոլոր բացասական որակներից անկախ՝ ԼՂ հիմնախնդրի հարցում նա պիտի որ թեկուզ ի ծնե պարտավորված լիներ պաշտպանել հայկական կողմերի շահերը, եւ այդ դեպքում իրոք որ` ե՛ւ վիրավորական, ե՛ւ անհեթեթ կլիներ նման բան անելը: Ասել է թե` անգամ ամենավերջին բռնապետը կարող էր ԼՂ հիմնախնդրի հարցում այնպիսի քաղաքականություն վարել, որ նրանից Ղարաբաղը պաշտպանելու կարիք չառաջանար:

Բայց Սերժ Սարգսյանն այս առումով էլ ունիկալ է: Վատ իմաստով` իհարկե: Նա, թերեւս, այն եզակի ոչ լեգիտիմ նախագահներից է, որը սեփական իշխանությունը պահելու հարցում ո՛չ ռուբիկոն է ճանաչում, ոչ էլ՝ կարմիր գիծ: (Սերժ Սարգսյանը միայն մի կարմիր գիծ գիտի, որի արժեքը ժամը 100 դրամ է): Սա չափազանցություն չէ, ոչ էլ՝ գրոտեսկ, սա իրականություն է, որին ականատես ենք լինում արդեն քանի տարի: Եթե Սերժ Սարգսյանը բարոյականության եւ հայրենիքի ու պետության արժանապատվության հետ կապված կարմիր գծի մասին գեթ մի հյուլե պատկերացում կամ զգացում ունենար, չէր ողջագուրվի հայ-թուրքական արձանագրություններին՝ այն տեսքով, որն իրեն մատուցվեց, որովհետեւ ակնհայտ էր, որ Ցեղասպանության հարցը պիտի լղոզվեր այդ ագահության արանքում եւ ոտնատակ տրվեր, ինչն էլ տեղի ունեցավ՝ նրա «բարձր» հովանու ներքո: Եվ ի՞նչ մնաց տակը: Դե, իհարկե` ԼՂ հիմնախնդիրը: Եւ այստեղ էլ՝ ոչ մի կարմիր գիծ, ոչ մի սահման, կարծես անարժանապատվությունն այն ռեզինից է, որը Սարգսյանի դեպքում ճկվում է որքան սիրտդ ուզի, ու որքան՝ երեւակայությունդ թույլ տա:

Թե չէ` ո՞վ կարող էր պատկերացնել, որ կարելի է Ղարաբաղյան հիմնախնդիրը ներքաղաքական հարցեր լուծելու համար մի շերեփ դարձնել, որ երբ ու ոնց սիրտդ ուզի` քաղաքական շիլան խառնես: Բայց եւ սարքեց, ու հիմա նորից ամենը հերթով չթվարկենք, միայն հիշեցնենք, որ Սարգսյանն արեց մի բան, որը բանական մարդը պիտի որ քունքին դեմ տված ատրճանակի սպառնալիքի տակ անգամ չաներ. մի քանի փաստաթուղթ ստորագրեց Ադրբեջանի հետ՝ այսպիսով փաստաթղթավորելով այն, որ հակամարտող եւ հետեւաբար` բանակցող կողմերը երկուսն են՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ որքան էլ հայկական դիվանագիտությունը պնդի, թե խնդիրը շարունակում է պտտվել ազգերի ինքնորոշման առանցքի շուրջ, Սարգսյանի թեթեւ ձեռքով խնդիրը վերածվել է տարածքային վեճի, Հայաստանը, հետեւաբար, ագրեսոր է, որը գրավել է մեկ այլ պետության տարածք, եւ հետեւաբար` Ղարաբաղը որպես գործոն այլեւս չի կարող դիտարկվել, հատկապես այն ժամանակ, քանի դեռ բանակցությունները շարունակում է վարել Սերժ Սարգսյանը:

Չմոռանանք, որ Սարգսյանն իր այդ ամենաճակատագրական քայլերին գնաց հենց այն ժամանակ, երբ 2008-ի պայքարը դեռ թարմ էր, եւ իշխանափոխությունը՝ առավել հավանական: Եվ հիմա էլ, երբ իշխանափոխությունը նորից առավել հավանական է դարձել, «բարձր մակարդակով» ցամաքած հանդիպումները սկսեցին հետեւել մեկը մյուսին, նորից սկսվեց մոռացված ակտիվությունը, նորից միջնորդները սկսեցին ժողովուրդներին՝ խաղաղությանը պատրաստելու ու համապարփակ համաձայնագրին անցնելու կոչեր անել, եւ նորից պալատական փորձագետները սկսեցին գովաբանել ընթացող բանակցությունները՝ խեղաթյուրելով բանակցային ամբողջ գործընթացի էությունը:

Սերժ Սարգսյանը դեռ Փարիզ-Երեւան ճանապարհին էր, իսկ պալատական փորձագետները արդեն մեկնաբանություններ էին տալիս, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, միջնորդները մի լավ մատ են թափ տվել Ալիեւի վրա, հիշեցրել են Լեյլա Յունուսի մասին (բարոյական հաղթանակ ենք էլի տոնում), եւ որ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ամեն ինչ գնում է այնպես, ինչպես կանխորոշված էր, Ղարաբաղը կդառնա բանակցային կողմ՝ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ, այսինքն՝ ՄԵԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` բանակցային գործընթացի էության հետեւողական խեղաթյուրում, որովհետեւ Ղարաբաղի մասնակցության գործոնը վերածվել է մի ինքնանպատակ գործընթացի ու ցանկության, եւ պատասխան չի տրվում հիմնական հարցերին՝ մի՞թե մեզ համար էականը միայն Ղարաբաղի մասնակցությունն է՝ մասնակցության համար լոկ, մի՞թե մեզ համար կարեւոր չէ, թե հատկապես ե՛րբ Ղարաբաղը կմասնակցի, մի՞թե Ղարաբաղի մասնակցությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դա երբ կարող է տեղի ունենալ, կարձանագրի նույն արդյունքը, եւ մի՞թե երբ ասում ենք՝ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ պետք է նրան վերադարձնել սեղանի շուրջ, նկատի ունեինք՝ ուղղակի վերադարձնել` առանց նշելու, որ մասնակցության պայմանները պետք է նույնը լինեն:

Հարցերին պատասխան չի տրվում, քանզի տրվելու դեպքում պիտի խոստովանեն, որ խեղաթյուրում են ամեն ինչ:

Ահավասիկ:

Համառորեն շրջանցվում է այն հարցը, որ Ղարաբաղի մասնակցությունը կարեւոր է ՄԻՆՉԵՎ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: Դրանից հետո, կոպիտ ասած՝ Ղարաբաղը յա միացած, յա՝ չէ, որովհետեւ դրանից հետո միայն տեխնիկական ու լոկալ հարցեր են քննարկվելու, եւ ամեն ինչ տեղի է ունենալու այն սկզբունքների ծիրին մեջ, որոնք համաձայնեցվել են մինչեւ Ղարաբաղի մասնակցությունը: Ասել է թե՝ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո Ղարաբաղի միանալը բանակցային գործընթացին` չեղածի հաշիվ է, հայկական կողմն այդ քայլով ընդամենը երկու բան կարող է անել՝ փրկել իր դեմքը, իբրեւ թե  տեսեք՝ ասել ենք՝ կմիանա, միացավ, եւ Ղարաբաղի ձեռամբ լեգիտիմացնել  այն, ինչ ինքն է համաձայնեցրել առանց Ղարաբաղի:

Համառորեն շրջանցվում է նաեւ այն հարցը, որ Ղարաբաղի իշխանությունները չեն մասնակցում բանակցային գործընթացին եւ հետեւաբար՝ այս փուլում պատասխանատվություն չեն կրում գործընթացի տրամաբանության ու ընթացքի համար: Կամ գոնե՝ չեն կրում այն նույն պատասխանատվությունը, ինչ` ՀՀ իշխանությունները: Բայց երբ որ լինի հիմնարար սկզբունքների պաշտոնական համաձայնությունը, եւ այդ փուլից հետո Ղարաբաղն առանց մի բառի միանա բանակցություններին՝ ԼՂՀ իշխանությունները հետին թվով պատասխանատվություն են ստանձնելու մինչ այդ տեղի ունեցած, արձանագրված, հռչակված ու հայտարարված ամեն մի հանդիպման, հայտարարության ու փաստաթղթի, այդ թվում՝ Մայնդորֆյան ու Սոչիի հռչակագրերի համար, որոնց տակ չկա պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի բոլոր հարցազրույցների համար, այդ թվում՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի համար:  

Համառորեն շրջանցվում է նաեւ այն հարցը, որ կարեւոր, նույնիսկ կենսական է, թե Ղարաբաղը որ պահին է միանալու: Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից առաջ Ղարաբաղի միացումը բանակցային գործընթացը կարող է տանել լիովին այլ՝ մեզ համար առավել ձեռնտու հունով, իսկ ահա հակառակ դեպքում` Հայաստանը կունենա ընդամենը մեկ ձայն, եւ այն էլ՝ առանց «ոչ»-ի իրավունքի: Միայն Ղարաբաղի մասնակցության դեպքում հայկական կողմը կարող է «ոչ» ասել ու դուրս գալ այդ «ոչ»-ի պատասխանատվության տակից՝ չդիտարկվելով որպես բանակցությունները տապալող ու ապակառուցողական կողմ: Ավելին, Ղարաբաղի մասնակցության դեպքում հնարավոր զիջումների մաքսիմումը կվերածվի հնարավոր զիջումների մինիմումի՝ չմասնակցության դեպքում: Այն` ինչ Հայաստանը ուղղակի չի կարող չզիջել առանց Ղարաբաղի, կարող է եւ չզիջել՝ երկու ձայնի պարագայում:

Եթե հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, դրանից հետո բանակցային գործընթացին հանգիստ կարող է միանալ ցանկացած ոք, այդ թվում՝ Թումանյան փողոցի համատիրության աշխատակից տիկին Քնարիկը, քանի որ ամեն կարեւոր բան արդեն որոշված է լինելու, եւ նա հանդես է գալու բացառապես սեղանի զարդի դերում:

Սա կարեւոր է գիտակցել առավել եւս հիմա, երբ Հայաստանում նորից թեւածում է իշխանափոխության շունչը, եւ իշխանությունները, սովորության համաձայն, չեն խորշի իրենց կեղտոտ կոշիկներով մտնել Ղարաբաղյան հիմնախնդրի տարածք:

Բայց այժմ նաեւ եկել է ԼՂՀ իշխանությունների ու քաղաքական վերնախավի իքս պահը, ասել կուզի՝ ընտրության ժամանակը: Սա արդեն ոչ միայն նրանց հայրենասիրության, պետականության հանդեպ ունեցած իրենց հարգանքը ցուցաբերելու խնդիրն է, այլեւ՝ իրենց անձնական ինքնասիրության հարցը: Ժամանակն է, որ նրանք իրենց ապագայի ընտրությունը կատարեն, ընտրեն՝ արդյո՞ք իրենք ցանկանում են հետին թվով մտնել մի այնպիսի հակահայ գործողության պատասխանատվության բեռի տակ, որի հետ իրենք էլ գուցե համաձայն չեն եղել: Արդյո՞ք իրենք ցանկանում են կիսել պատասխանատվությունը մի բանի համար, որ իրենք չեն կատարել կամ չեն ցանկացել, որ կատարվի: ԼՂՀ իշխանությունները պետք է որոշեն իրենց անելիքը, եւ եթե անգամ բացահայտ կողմ չարտահայտվեն իշխանափոխությանը, ապա գոնե՝ հրապարակային լոյալություն պահպանեն կամ առնվազն չեզոք լինեն, հակառակ պարագայում` Սերժ Սարգսյանը մինչեւ վերջին խազը տանուլ է տալու նաեւ Ղարաբաղի հիմնախնդիրն ու Ղարաբաղի ապագան, եւ այդ դավաճանության ծակ նավում իր հետ տանելու է նաեւ ԼՂՀ իշխանություններին:

ԼՂՀ իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք` ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ավելի դրական վերաբերմունք ունեն ԼՂՀ հասարակության շրջանում, եւ հետեւաբար, ինչ եղել՝ եղել է, այժմ գոնե պետք է թույլ տան, որ Սարգսյանը մենակ խորտակվի ու իր հետ նաեւ իրենց չտանի: Սերունդները հաստատ հետո չեն մանրանալու եւ չեն քննարկելու այն հարցը, թե արդյո՞ք այդ մարդիկ հոգու խորքում համաձայն են եղել Սարգսյանի որոշումների հետ, թե՝ ոչ, նրանք միայն փաստերին են նայելու. այն է՝ այդ մարդիկ մտա՞ն Սարգսյանի գործած հանցանքների պատասխանատվության տակ, թե՝ ոչ:

Ժամանակը չի սպասում, Սարգսյանը հասել է վերջին կարմիր գծին, հետո ուշ է լինելու, ժամանակն է կողմնորոշվել եւ հետ չմղել ժողովրդի հարգանքը մոտիկից վայելելու գայթակղությունը:

Սերժ Սարգսյանն ինքն է եփել այս ճաշը, եւ թող ինքն էլ դրա համար պատասխան տա սերունդների առաջ. չկա մի այնպիսի բան, որը կարող է ստիպել դառնալ Սարգսյանի հանցակիցը կամ հանցագործության համար համապատասխանատուն: Չկա ոչ մի այդպիսի բան, որի համար արժեր մտնել այդ պատասխանատվության տակ: Չկա` ոչ ներկայում եւ ոչ էլ առավել եւս` անցյալում: Եթե կա էլ անցյալում, ապա ներկայում կատարած ճիշտ ընտրությունը հաստատ կարող է մաքրել նաեւ այդ անցյալը: Եկել է սխրանք կատարելու ժամանակը: Սերունդները հաստատ կգնահատեն դա:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Եռյակը կգնա ամենակարճ, ամենաարդյունավետ ճանապարհով (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի’