‘Սամվել Աբրահամյան. Եռյակը կգնա ամենակարճ, ամենաարդյունավետ ճանապարհով (Տեսանյութ)’

1438

Եռյակի միասնական դիրքորոշումը նոր իշխանությունների ձեւավորումն է եւ գործող ռեժիմի հեռացումը, ինչից հետո միայն տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը պետք է ավարտվի երկրում նոր իրավիճակի ձեւավորմամբ, որը իրենից ենթադրում է նոր իշխանության ձեւավորում, որտեղ կլինեն հստակ հակակշիռներ, յուրաքանչյուր մարմին կգործի իր լիազորությունների շրջանակներում, իսկ այս հակակշիռների մեխանիզմի առկայությամբ երկիրը հնարավորություն կունենա առաջ շարժվելու: «Կազմակերպվելուց հետո շարժման համար այլեւս ոչ թե կարեւոր է, թե ովքեր են կանգնած հարթակում, այլ կարեւոր է, թե նրանք ինչ են առաջարկում: 1988 թվականին շարժումը փոխեց իր ղեկավարությանը, քանի որ այդ ղեկավարության առաջարկները չէին համապատասխանում իր ցանկություններին:  Այժմ նույնպես շարժումը ունի իր պահանջները, եւ եթե հարթակից հնչող կարգախոսները, ծրագրերը ընդունվում են մեծամասնության կողմից, ապա ղեկավարությունը շարունակում է մնալ նույնը: Հարթակում կանգնած Եռյակի ցանկացած անդամ պետք է հասկանա, որ եթե իր առաջարկը չի ընդունվում, պետք է համակերպվել այն առաջարկի հետ, որին ժողովուրդը համաձայն է: Երբ ժողովուրդը որեւէ բան է ցանկանում, ապա անհրաժեշտ է նրան առաջարկել լուծումներ եւ գործողություններ: Ամեն ինչ միագիծ չէ, եւ շարժման ընթացքում խնդիրը կարող է փոխվել: Ենթադրենք՝ իրավիճակը կարող է թելադրել նախագահի հրաժարականի պահանջ, քանի որ տվյալ դեպքում կարող է դա համարվել ավելի էֆեկտիվ ճանապարհ, եւ շարժումը պետք է գնա այդ ճանապարհով: Մեր գլխավոր խնդիրը իշխանափոխությունն է եւ մենք կգնանք ամենակարճ, ամենաարդյունավետ ճանապարհով: Ժամկետների առումով ամեն ինչ չէ, որ մեր ցանկություններից է կախված. յուրաքանչյուր պահի կարող է նոր իրավիճակ ստեղծվել»,- նշեց Սամվել Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘«Վերնիսաժի» գործը դատարանում է. Գոռ Առաքելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 4 հոդվածներով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ձեռքդ ետ տար Ղարաբաղի վրայից ‘