‘Խմբագրական. Միակ կարևոր բանը՝ Հայաստանի ազատագրումն այս վարչախմբի ճիրաններից’

3462

Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում, հաշվի առնելով ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, որը մեծ մասով պայմանավորված էր Սերժ Սարգսյանի կողմից Բարգավաճ Հայաստանի և անձամբ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված ահաբեկչական արշավի արդյունքում վերջիններիս քաղաքական գործունեության կտրուկ պասիվացմամբ,  Հայ ազգային կոնգրեսը որոշում կայացրեց առժամանակ հրաժարվել վարչախմբի դեմ հրապարակային բողոքի ալիք բարձրացնելու մարտավարությունից՝ մինչև իրավիճակի վերջնական պարզեցումն ու քաղաքական ռեսուրսների և բալանսի հաշվարկումը:

Հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձ կատարեց իրենց ընդդիմադիր համարող ուժերին, ովքեր տարիներ շարունակ քննադատում էին Կոնգրեսին ընդդիմադիր դաշտը սեփականաշնորհելու համար (միայն Հայաստանում կարելի է նման միտք լսել), և նրանց առաջարկեց մարտի 2-ից մինչև մարտի 16-ը Կոնգրեսի՝ արդեն ի գիտություն ընդունված հանրահավաքների անցկացման հայտերը: Ընդհանրապես, հաշվի առնելով արդեն մի քանի տարի շարունակվող այս երևույթը, երբ տարբեր անձինք կամ հասարակական-քաղաքական կառույցներ իրենց գործունեության և հռետորաբանության հիմնական թիրախ են դարձրել Հայ ազգային կոնգրեսին, ժամանակն է մի փոքր հետադարձ հայացք նետել անցած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վրա:

Այս ուժերի համար Կոնգրեսին հարվածելու հիմնական պատրվակ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում (մինչև այդ էլ այդ երևույթները կային, բայց դրանք համակարգային բնույթ չէին կրում), երբ Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց. «Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»:

Կոնգրեսի ասածն, ըստ էության, հետևյալն էր. Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կան շահերի էական հակասություններ, և նրանք այլևս չեն կարող կանգնել կողք կողքի, նրանք այլևս հակառակորդներ են: Եվ քանի որ Կոնգրեսի թիրախը Սերժ Սարգսյանն էր, այն պատճառով, որ

— կեղծված ընտրությունների և մարտիմեկյան սպանդի գնով զավթել է իշխանությունը Հայաստանում,

— շարունակում է Հայաստանը կառավարել ավազակապետական, ամբողջապես կոռումպացված և անձնական շահերին ծառայեցվող բուրգի միջոցով,

— վարում է կործանանար տնտեսական քաղաքականություն, որը տանում է գործարար խավի վերացմանը և նրան, որ Հայաստանում քիչ թե շատ եկամտաբեր ցանկացած գործունեություն հնարավոր է իրականացնել, եթե Սերժ Սարգսյանն ու իր մերձավորները փայ ունեն դրա մեջ,

— վարում է Հայաստանի շահերին հակասող արտաքին քաղաքականություն, որոնք ազգային անվտանգության, պաշտպանունակության և երկրի միջազգային վարկի տեսանկյունից պարունակում են ռեալ մարտահրավերներ,

— իր իշխանավարման վարքագծով դեգրադացնում է հասարակությունը՝ որպես արժեքներ արմատավորելով սուտը, կեղծիքը, շողոքորթումը, տգիտությունն ու ոչ պրոֆեսիոնալությունը, էժանագինն ու ամենայն այլ պախարակելին,

— և որ ամենակարևորն է, որպես ամփոփում, Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում Հայաստանն ունի զրո տոկոս շանս զարգանալու, բարգավաճելու, անվտանգ և գրավիչ երկիր դառնալու,

հետևաբար պարզ էր, որ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի՝ Հայաստանի այսպիսի թշնամի ունենալու դեպքում նրա հետ շահերի հակասություն ունեցողները, ովքեր քաղաքական լուրջ գործոններ են, ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ:

Այս ռազմավարությունը սվիններով ընդունվեց իշխանության և «ընդդիմության» կողմից: Իշխանությունը, հասկանալի է՝ ինչից էր սարսափած՝ քաղաքական դաշտում երկու հզոր կառույցներ՝ Կոնգրեսն ու Բարգավաճը, որոնք փոխլրացնում էին միմյանց քաղաքական պայքարի ռեսուրսների առումով, աստիճանաբար, քայլ առ քայլ մեկտեղում էին ջանքերն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Վերջինս ձեռքերը ծալած չէր նստելու՝ բնականաբար, և Կոնգրես-ԲՀԿ համագործակցության դեմ սանձազերծեց մի լայնամասշտաբ քարոզչական, ապատեղեկատվական արշավ: Իսկ որո՞նք էին «ընդդիմության» հակադրած փաստարկները.

— Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չի կարող լինել (թե որքանով ճիշտ էր այս պնդումը, կարծում եմ, այլեւս կարիք չունի հավելյալ պարզաբանումների),

— այս ամենը խաղ է՝ կազմակերպված Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի կողմից, որպեսզի նրանք փոշիացնեն ընդդիմադիր դաշտը (թե ինչու՞ պետք է 1 միլիարդ և ավելի դոլար ունեցող մարդը մտնի քաղաքական խաղերի մեջ, երբ կոմֆորտի մեջ, առանց քաղաքական հավակնություններ ցույց տալու կարող է ապրել իշխանական կոալիցիայում և լինել պաշտպանված… միայն հայաստանյան «ընդդիմության» ուղեղում կարող է նման միտք ծագել),

— այս ամենն արվում է, որպեսզի իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը (եթե իշխանության փոփոխություն է լինելու, և Սերժ Սարգսյանը հեռացվելու է նախագահի աթոռից, ինչո՞ւ պետք է հեռացնողները իշխանությունը հանձնեն մեկ ուրիշի… միայն հայաստանյան «ընդդիմության» ուղեղում կարող է նման միտք ծագել: Աշխարհում մի քանի այդպիսի դեպքեր գրանցվել են, ուսումնասիրեք և կտեսնեք, թե ինչ է լինում սովորաբար այն մարդկանց հետ, ովքեր իշխանությունը վերցնում են, հետո այն տալիս մեկ ուրիշի):

Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, երբ ազդարարվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ պետական, կազմակերպված ահաբեկչական գրոհի մեկնարկը, եկավ հենց նույն «ընդդիմադիրներին» ապացուցելու իրենց քաղաքականապես բոբիկ կամ կեղծավոր լինելը: Այո, այո, նրանց համոզեցին ոչ թե երեք տարի տևող բացատրությունները և, որ ավելի կարևոր է՝ արված գործը (ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց նրա «երդմնակալությանը», խորհրդարանում Կոնգրեսի հետ միասին իշխանության կյանքը վերածեց մղձավանջի, միացավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը, Կոնգրեսի հետ ձեռնամուխ եղավ հանրահավաքային ալիքի բարձրացմանը, կտրուկ դեմ արտահայտվեց իշխանության հավերժացման՝ Սերժ Սարգսյանի ծրագրին՝ ի դեմս սահմանադրական փոփոխությունների), այլ Սերժ Սարգսյանը: Հիմա կասեք, որ նրանք չեն համոզվել: Լավ էլ համոզվել են, եթե հենց սկզբից չգիտեին այդ ամենի մասին: Նրանք, իհարկե, քաջություն չեն ունենա խոստովանելու, բայց, գիտցեք, նրանք շատ լավ տեղյակ էին: Իսկ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից ու դրան հաջորդած հաշվեհարդարից հետո էլ դեռ չհասկացան, ապա այդ մարդիկ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն, որովհետև իրենց մանկամտությամբ կարող են փորձանքներ բերել հայ ժողովրդի գլխին: Իսկ եթե հասկացել են, բայց ամբողջ սրտով այդ ընթացքում «բալետ» էին անում Սերժ Սարգսյանին այդ հակամարտության ընթացքում, հետևությունը թող անի ընթերցողը:

Ընդհանրապես, մեզ բոլորիս քաջ հայտնի «ընդդիմադիրների» հետ երկու, այսպես ասած, «պրոբլեմ» կա:

1. Նրանք անխոցելի են, որովհետև ոչինչ չեն անում:

Հետադարձ հայացքով փորձեք վերլուծել նրանց գործունեությունը. կա՞ հասարակությանն ընդդեմ իշխանությունների մոբիլիզացնելուն ուղղված գործ: Ոչ թե լավաշ հոդվածներ, բլբուլ կտրած ելույթներ, որոնք եթե արժեք են ներկայացնում, ապա միայն գործով զուգորդվելու պարագայում (այդ լավաշների ու ելույթների մասին՝ քիչ հետո): Սերժ Սարգսյանը, չորս տարի եվրաասոցիացիայի պայմանգիր բանակցելուց հետո, մեկ օրում մտավ Մաքսային միություն: Մեր արևմտամետներին հարցնում են՝ դուք պահանջելո՞ւ եք  Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ոչ՝ հնչում է պատասխանը: Մեղավորը Սերժ Սարգսյանը չէ, այլ Ռուսաստանը (երկաթյա տրամաբանություն): Իսկ եթե ինչ-որ «գործ» արել են, դիտարկեք հետևյալ չափանիշով, արդյո՞ք այդ գործից Սերժ Սարգսյանի վարչախումբը գոնե 1 պայմանական միավորով թուլացել է: Օրինակ, Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու տխրահռչակ նախաձեռնությունը: Ոչ մեկն, ի վերջո, չպատասխանեց տվյալ հարցին. այդ նախաձեռնության արդյունքում Սերժ Սարգսյանն ուժեղացա՞վ, թե՞ թուլացավ: Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ուժեղացավ:  

Հիմա, եթե դիտարկեք հետադարձ հայացքով, կտեսնեք, որ այս մարդիկ կամ ուժերը ոչինչ չեն արել, բառիս բուն իմաստով՝ ոչինչ: Իսկ եթե չկա գործ, նրանք չեն կարող սխալվել կամ անհաջողության մատնվել: 100 տոկոսանոց արդյունք է: Եթե արել են ինչ-որ բան, ապա դրանից Սերժ Սարգսյանը միայն ուժեղացել է: Մասնավորապես՝ Կոնգրես-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաև երկու կուսակցությունների, առանձին-առանձին վերցրած՝ հետևողական վարկաբեկումը, Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու փոխարեն Ռուսաստանի և Պուտինի դեմ պայքարը, իմպիչմենտի նախաձեռնությունը:

2. Նրանց հերքելը շատ դժվար է:

Քաղաքականությամբ զբաղվող գործիչն ունի տեսլական, և այն արտահայտվում է իր տեքստերում, որտեղ տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշումների մեջ չպետք է լինեն հակասություններ, դրամատիկ, բևեռային հակասություններ: Քաղաքակիրթ աշխարհում նման հակասությունները կարող են այդ գործչի համար կարիերա արժենալ: Հայաստանում, իհարկե, այս կանոնը չի գործում: Մարդը կարող է ունենալ մեկ դիրքորոշում, հետո՝ 180 աստիճան հակառակը: Երբ հարցնում ես՝ եղբայր, բայց մի որոշ ժամանակ առաջ էսպես ես ասել, ընդունիր սխալդ, անցնենք առաջ: Ու սկսվում է կռուտիտախառն (ընթերցողը թող ների, համարժեք հայերենը բառը չգտա) մի աղմուկ: Հայ-հարայ, հասեք, փրկեք, ու այդ ժխորում մոլորվում է քաղաքացին (մեղադրելու չէ), կորչում է բուն բանավեճը: Ու քանի որ, սրան զուգահեռ, «ընդդիմադիրները» ոչինչ չեն անում, նրանք կատարելապես անխոցելի են մնում: Բռնելու տեղ չկա: Միայն սիրուն բառեր, վերամբարձ խոսքեր, և ուրիշ ոչինչ: Դատարկություն:

Իսկ Կոնգրեսը, բնականաբար, խոցելի է: Որովհետև գիտենալով Սերժ Սարգսյանի բնույթը և երկրի համար նրա իշխանության վնասարարության չափը (նկարագրված վերևում)՝ Կոնգրեսը չի կարող իրեն թույլ տալ ձեռքերը ծալած նստել և առաջին շարքից դիտել Հայաստանի կործանման Սերժ Սագսյանի ռեժիսուրան: Կոնգրեսը չի խորշել փողոցներում մնալուց, ոստիկանատներ ընկնելուց, քաղաքական ցեխուջրի հետ առնչվելուց,  երբեմն կրել է անհաջողություն, չի հասել վերջնական նպատակին, բայց փորձել է անընդհատ ու հետայսու էլ փորձելու է, մինչև չհասնի իր նպատակին:

Հիմա եթե այսօրվա «ընդդիմադիրներն» էլ Սերժ Սարգսյանի վարչախմբի մասին ունենային նույն կարծիքը, պետք է նույն քրտնաջանությամբ լծվեին Սերժի դեմ պայքարի գործին և, բնականաբար, թիրախ չդարձնեին Սերժի դեմ պայքարող մյուս ուժերին, թեկուզ լցված են նրանց նկատմամբ անթաքույց հակակրանքով: Դա, նախևառաջ, անտրամաբանական է: Բայց տեղի է ունենում հակառակը: Ում դեմ են տալիս բարձրախոս կամ դիկտոֆոն, սկսում է՝ Կոնգրեսը, Լևոնը: Սրանից բխում է մեկ եզրակացություն. որ կա՛մ այդ ուժերը համաձայն չեն այն կետերի հետ, որ շարադրված են վերևում, կա՛մ համաձայն են, բայց ունեն գործունեության ուրիշ՝ անձնական մոտիվ:

Բայց այս ամենն էլ՝ մի կողմ: Միևնույն է, այս երկարաշունչ վերլուծությունն ու բացատրությունը նրանց չի համոզելու: Նրանք գտնելու են հազարումի նոր միջոց՝ և՛ կոնկրետ հարցերից խուսափելու, և՛ բոլոր դժբախտությունների մեջ Կոնգրեսին մեղադրելու: Հիմա ձեր ուզած ժամանակներն են: Կոնգրեսի օրակարգը, նաև ձեր բուռն «աջակցությամբ», չտվեց ցանկալի արդյունք: Ձեր հերթն է, խնդրեմ, վերցրեք այն պատասխանատվությունը, որից փախել եք անընդհատ, ու մոբիլիզացրեք ժողովրդին ընդդեմ Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի, ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների (այսինքն՝ ցմահ իշխելու ծրագրի): Համախմբվեք, գործ արեք, ոչի՛նչ, ընթացքում էլի մե՛զ մեղադրեք, մենք այդ վշտին կդիմանանք: Բայց իշխանության դեմ գործ արեք: Կոնգրեսն անկեղծորեն ուրախ կլինի դրա համար, որովհետև մեզ համար միակ կարևորը Սերժի ճիրաններից Հայաստանի ազատումն է՝ ով էլ որ վայելի դրա դափնին, ով էլ մնա պատմության մեջ որպես այդ շնորհակալ առաքելության իրագործող:

Միայն թե՝ վախենամ, որ հետայսու էլ աղմուկ սարքելով կփախչեք պատասխանատվությունից, կբերեք միլիոն պատճառ, թե ինչու ոչինչ չարեցիք (ոչ թե արեցիք, բայց չստացվեց, այլ ոչի՛նչ չարեցիք), և գրազ կգամ, որ այդ պատճառներից ոչ մեկը կապ չի ունենալու ձեզ հետ: Կմեղադրեք բոլորին՝ Աստծուն, Կոնգրեսին, հայ ազգին, Պուտինին, Օբամային, ում ասես, միայն՝ ո՛չ ինքներդ ձեզ: Որովհետև սեփական սխալները կարող է ընդունել միայն պատասխանատվություն ունեցողը, մի բան, որը չունեք:

Արման Մուսինյան

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘«Գելլափ» ըլնեմ, թե սուտ եմ ասում’