‘Խմբագրական. Մի շարունակական դավաճանության պատմություն’

4243

Այսպես կոչված՝ «արեւմտամետ» մամուլում վերջերս մի ձեւակերպում եղավ, համաձայն որի՝ հայաստանակենտրոնությունը ռուսամետության առավել նուրբ, քողարկված ձեւն է (թերեւս՝ հակառակ ճամբարից էլ կարող էին ձեւակերպել, թե հայաստանակենտրոնությունը արեւմտամետության առավել նուրբ, քողարկված ձեւն է): Այս ձեւակերպումը պարզ քարոզչական հնարքի կիռարման օրինակ է՝ մեր հասարակությանը համառորեն փորձում են պարտադրել կեղծ երկընտրանք, համաձայն որի՝ քաղաքական դաշտի բաժանման հիմքում պետք է ընկած լինի արտաքին կողմնորոշումը, իսկ ովքեր փորձում են նման երկընտրանքից դուրս կողմնորոշվել՝ կեղծում են: Այս կետում համընկնում են իրար արտաքուստ հակադիր տարբեր «մետների» երկու բեւեռների շահերը:

Բնիկ տերերն ու օտար թագավորները

Իրականում, սակայն, հայաստանակենտրոնություն բարդ եզրի կարիքն էլ չպիտի լիներ, որովհետեւ այն, ինչ մեր հանրային խոսքում փորձում ենք ներկայացնել որպես այդպիսին, պետք է լիներ ընդամենը հայկական քաղաքական դաշտի ինքնին պարզ, բացատրության կարիք չունեցող, նույնիսկ՝ ենթագիտակցության մակարդակում գործող նորմա: Այն, որ կարիք ունենք այդ նորման հատուկ անվամբ կոչելու եւ դրա բովանդակությունը բացելու, արդեն մեր քաղաքական կյանքի ախտանիշներից է: Հայաստանակենտրոնությունն ինքնին պարզ բան է, քանզի ինքնին պարզ պետք է լինի, որ հայկական քաղաքական ուժի հայացքի, ընկալման, դիտարկման, նաեւ՝ քաղաքական ջանքի կենտրոնը պետք է լինի Հայաստանը՝ նրա շահերը, խնդիրներն ու ներուժը: Իսկ հակառակ դիրքորոշումները, համաձայն որոնց՝ Հայաստանն արժեք է ոչ թե ինքն իրենով, այլ միայն այնքանով, որքանով «համաշխարհային չարիքի» («պուտինյան բռնապետության» կամ «այլասերված արեւմուտքի») դեմ պայքարի հենակետերից է, պետք է անհրաժեշտորեն լուսանցքային, էքստրավագանտ դիրք ունենար հանրային խոսքում եւ քաղաքական կյանքում: Այլ բան է, որ շնորհիվ արտաքին հզոր աջակցության եւ ռեսուրսների ներդրման, որոնք գերազանցում են տեղական ռեսուրսները (խնդիրը ոչ այնքան նյութական գերազանցությունն է, որքան այն, որ տեղական՝ հայկական ռեսուրսն իր առջեւ չի էլ դնում զուտ հայկական համակարգեր ձեւավորելու նպատակ) լուսանցքայինն, ըստ սահմանման, դառնում է նորմա թելադրող: Իհարկե, ոչ ոք բառացիորեն չի ասում, թե Հայաստանը պետք է դարձնենք «համաշխարհային հեղափոխության» նախադիրք՝ բոլշեւիկյան անկեղծության ժամանակներն այդ առումով անցել են, բայց պարզ է, որ մարդիկ, որոնց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը արտաքին ուժերից մեկի դեմ պայքարն է, կամ էլ մեծ տերությունների շահերի բախումը որպես Բարու ու Չարի պայքար ներկայացնելն ու մեկնաբանելն է, Հայաստանը դիտարկում են ընդամենը որպես միջոց, մի հերթական բեմ «տիեզերական» այդ բախման, եւ նրանց ընկալումների, ձգտումների, մոտիվացիաների կենտրոնը Հայաստանից դուրս է:

Անշուշտ, այս իրավիճակը նոր չէ հայոց պատմության համար, այլ ունի շատ խորը արմատներ՝ միջնադարից եւ հնուց եկող, երբ հայ նախարարական տները բաժանվում էին ըստ արտաքին կողմնորոշման: Ղազար Փարպեցին այս իրավիճակի մասին գրում է. «կալ ոմանց …. ի հնազանդութիւն բնիկ իւրեանց Արշակունի թագաւորացն, և այլոց ծառայել կամաւ օտար թագաւորացն՝ ի կորուստ անձանց և աշխարհիս», այսինքն՝ ոմանք (նկատի ունի հայոց նախարարներին) հնազանդվում էին իրենց բնիկ Արշակունի թագավորներին, իսկ ուրիշները կամովին ծառայում էին օտար թագավորներին՝ ի կորուստ իրենց եւ երկրի: Մեծ հաշվով՝ սա՛ է ամբողջ խնդիրը՝ հայաստանակենտրոնություն նշանակում է քաղաքականապես հայ լինել՝ ծառայել սեփական երկրին («թագավորին», որը տվյալ դեպքում խորհրդանշում է երկիրը, անկախությունը, այլ ոչ թե կոնկրետ անձին), իսկ քաղաքական դաշտի բաժանումն ըստ արտաքին կողմնորոշումների այլ բան չէ, քան կամովին ծառայություն օտար տերություններին, այլ կերպ ասած՝ քաղաքականապես հայությունից դուրս լինելը:

Պարսից ամենաարդար դատարանը

Ընթերցողը, հուսամ, կների, եթե ի հավելումն այս տեսական ձեւակերպումների՝ նույն Փարպեցուց մի ավելի ծավալուն դրվագ վերաշարադրեմ՝ դրա համառոտ վերլուծությամբ հանդերձ: Դա կօգնի մեզ խնդիրն ընկալել ազդեցիկ պատկերի միջոցով: Խոսքը վերջին հայ Արշակունի՝ Արտաշես Գ-ի գահընկեցության պատմության մասին է: Արտաշեսը, ասում է, Փարպեցին, կնամոլ էր, եւ հայ նախարարներն ինչ-որ պահից չդիմանալով երիտասարդ արքայի անբարոյական վարքին՝ որոշում են դիմել Պարսից արքային՝ իրենց արքա Արտաշեսին գահընկեց անելու խնդրանքով: Նախարարները փորձում են համոզել հայոց կաթողիկոս սբ. Սահակին՝ միանալ իրենց նախաձեռնությանը: Սահակը, չժխտելով Արտաշեսի բարոյական արատը, հրաժարվում է, սակայն, այդ հարցը բարձրացնել Պարսից արքայի առաջ, որովհետեւ, ասում է նա, իմ հարազատ, բայց հիվանդ գառանը չեմ հանձնի օտար, բայց առողջ գայլին: Որքան նախարարները փորձում են համոզել կաթողիկոսին, սակայն ապարդյուն: Սբ. Սահակից հույսները կտրած՝ նրանք Սուրմակ անունով եպիսկոպոսով հանդերձ դիմում են Պարսից արքունիքին իրենց խնդրով: Պարսից արքան, ուրախացած այս դիմումից, իր դուռն է կանչում Արտաշեսին, նախարարներին եւ սբ. Սահակին: Տեղի է ունենում հայոց արքայի դատավարություն՝ հայոց նախարարները մեղադրում են, Արտաշեսն արդարանում է, Սահակը հարցվում է որպես վկա, իսկ պարսից թագավորը դատավորի դերում է: Արտաշեսը հերքում է բոլոր մեղադրանքները՝ որպես բանսարկություն, իսկ Սահակը, փաստորեն, հրաժարվում է վկայություններ տալուց՝ ասելով, թե ինքը տեղյակ չէ ոչ մի բանից, չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել մեղադրանքը, եւ հավելում է, որ եթե նույնիսկ հայոց արքան իրոք մեղավոր է, ապա այդ մեղքը դատապարտելի է միայն քրիստոնեական օրենքով, իսկ ըստ զրադաշտական օրենքի՝ կնամոլությունը նույնիսկ խրախուսելի է (իհարկե, սա Փարպեցու շարադրանքն է, այլ ոչ բառացի արձանագրությունը կողմերի խոսքի, բայց սա է մեր ունեցած աղբյուրը, չհաշված Խորենացուն, որի շարադրանքը որոշ, տվյալ դեպքում՝ անկարեւոր դետալներում է միայն տարբերվում Փարպեցուց եւ, ամենայն հավանականությամբ, հենց նույն Փարպեցու վերաշարադրանքն է): Դատն ավարտվում է կանխատեսելիորեն՝ պարսից արքան ընդունում է մեղադրողների կողմը, Արտաշեսին գահընկեց են անում, հայոց թագավորությունը վերացվում է: Սահակին նույնպես զրկում են կաթողիկոսական գահից:

Բոլորն ընդդեմ մեկի

Հիմա փորձենք այս պատմության կարճ վերլուծությունն անել (իհարկե՝ ոչ թե բուն գիտական, այլ զուտ հրապարակախոսական մակարդակի): Նախ՝ պարզ է, որ բուն մեղադրանքը՝ հայոց թագավորի կնամոլ լինելը, որպես պետական հանցանք՝ զավեշտալի է: Թե որքանո՛վ է իրականում Արտաշեսը եղել կնամոլ, իհարկե, երբեք չենք իմանա, բայց որ նա հաստատ առաջին հայ եւ համաշխարհային գահակալը չէր, որ տառապում էր այդ արատով (որքանով է դա ընդհանրապես արատ՝ թողնում եմ, ընթերցողների ճաշակին), կարծում եմ, ինքնին պարզ է, ինչպես որ պարզ է այն, որ կնամոլությունը՝ որպես գահընկեցության հիմք՝ չափից ավելի շինծու է: Ավելին, դա կարող է վկայել միայն այն բանի մասին, թե իրականում Արտաշեսը պետք է բավականին բարոյական անձնավորություն լիներ, որպեսզի կնամոլությունից բացի այլ՝ ավելի համոզիչ մեղադրանք հնարավոր չլիներ նրան ներկայացնել (հիշենք, օրինակ, թե ինչպես է Փավստոսն աշխարհի բոլոր, հատկապես՝ սեռական բնույթի մեղքերը բարդում Պապ թագավորի վրա): Հասկանալի է, ուրեմն, որ կնամոլության պատմությունն ընդամենը պատրվակ է, այլ ոչ թե իրական պատճառ:

Բավականին թափանցիկ է նաեւ, որ գործընթացի բուն նախաձեռնողը ոչ թե հայոց նախարարներն են եղել, այլ պարսից իսկ արքունիքը, իսկ դատավարությունը սոսկ բեմադրություն էր, որի նպատակն էր Արտաշեսի գահընկեցությանը տալ օրինական հիմք, իբր՝ տեսեք, հենց իրենք հայերն են բողոքում իրենց արքայից եւ այլեւս չեն ցանկանում անկախ թագավորություն ունենալ, իսկ Պարսից տերությունն էլ, որպես անաչառ եւ արդար դատավոր, ընդամենը կատարում է Հայաստանի օրինակարգ համարվող ներկայացուցիչների պահանջը: Սա, ի դեպ, ցույց է տալիս, թե որքան կարեւոր էր այդ հեռավոր ժամանակներում էլ գործընթացների իրավական ձեւակերպումը: Ուրեմն, տեղի է ունենում մի դավադրություն, որտեղ հայոց նախարարները խաղում են Պարսից արքունիքի գործիքի դերը:

Իսկ ինչո՞ւ էին հայոց նախարարները համաձայնել այդ դերին: Ամենակարճ պատասխանն ակամայից տալիս է 5-րդ դարի մեկ այլ պատմիչ՝ Եղիշեն, երբ ասում է, թե Արշակունյաց թագավորության անկումից հետո իշխանությունը Հայաստանում «ընկավ», այսինքն՝ անցավ հայոց նախարարներին: Եվ իրոք, ներքին հարցերում Հայաստանը շարունակում էր մնալ անկախ, իսկ նախարարները տեղերում պահպանեցին (եթե ոչ՝ ավելացրին) իրենց ինքնիշխանությունը, տիրույթները եւ ժառանգական պաշտոնները՝ գործակալությունները ու կոչումները (սպարապետություն, հազարապետություն եւ այլն): Մեջտեղից վերացավ հայոց արքան, եւ Հայաստանի ներսում նրա տեղը զբաղեցրին հենց հայոց նախարարները, իսկ արտաքին հարցերում նրանք, այսպես թե այնպես, ենթակա էին պարսիկներին, (պարսիկ մարզպանը հայոց արքայի իշխանությունը չուներ եւ հաճախ էլ ընտրվում էր հենց հայ իշխանների միջից): Այսինքն՝ սա երկուստեք ձեռնտու ձեռնարկ էրք ի հաշիվ Հայաստանի անկախության:

Ուշագրավ է, որ Փարպեցու շարադրանքից այնպես է հասկացվում, որ այդ դավադրությանը մասնակցում էին հայոց բոլո՛ր նախարարները: Փարպեցին խիստ կողմնակալ, կուսակցական գրող է (ինչպես եւ բոլոր միջնադարյան պատմիչները)՝ նա, ըստ էության, Մամիկոնյանների գաղափարախոսն ու ջատագովն է եւ հունասեր խմբավորման շեշտված ներկայացուցիչ: Եթե նա փոքր իսկ առիթ ունենար, ապա անպայման կշեշտեր եւ ճոխ ու երկարաշունչ կնկարագրեր, թե ինչպես Մամիկոնյաններն ու հունասեր ճամբարից նրանց դաշնակիցները, ի տարբերություն մյուսների, հավատարիմ մնացին իրենց արքային: Բայց ինչպես երեւում է՝ նույնիսկ այդ  փոքր առիթը Փարպեցին չունի, իսկ բացարձակ հորինովի պատմություններ նա իրեն ամեն դեպքում թույլ տալ չէր կարող, քանի որ գրում էր դեպքերից ընդամենը 60 տարի անց, եւ Մամիկոնյանները որքան էլ ուժեղ, այնուամենայնիվ՝ Հայաստանի միակ տերերը չէին՝ բացահայտ կեղծքիներ իրենց թույլ տալու համար: Դրա համար էլ Փարպեցին գրում է «հայոց նախարարները»՝ առանց անուններ տալու, որպեսզի գոնե այդ անանունությամբ փրկի իրեն հարազատ Մամիկոնյանների դեմքը: Իսկ դա նշանակում է, որ հայոց անկախության տապալման գործում միավորվել էին բոլոր հայ մեծամեծները՝ անկախ իրենց արտաքին կողմնորոշումից՝ հունասեր Մամիկոնյաններն ու դաշնակիցները  պարսկամետների հետ:

Լքված անկախությունը

Մնում է միայն սբ. Սահակը՝ հունասեր հոսանքի հոգեւոր առաջնորդը, որը դիմադրում է պարսկական դավադրությանը: Առաջին հայացքից՝ հենց սբ. Սահակի դիրքն է միակ հայրենասիրական եւ հավատարիմը: Բայց ավելի ուշադիր լինելու պարագայում կասկածներ են առաջանում, որ սա հենց այն դեպքն է, երբ որոշակի առիթ ունենալով՝ Փարպեցին ամեն բան արել է՝ ուռճացնելու համար եղելությունը: Նախ՝ արդեն այն, որ Սահակին էլ փորձում են համոզել, պետք է հաստատի այն փաստը, որ հունասեր հոսանքն էլ մասնակցում էր դավադրությանը, այլապես միայն պարսկական կողմնորոշման նախարարներով Սահակի մոտ նման խնդրով չէին համարձակվի գնալ: Սահակի մոտ գնացողների գլուխ պետք է որ կանգնած լինեին նրան առավել մոտ մեծամեծները, թերեւս՝ հենց Մամիկոնյանները:

Կասկածներն ամրապնդվում են, երբ Փարպեցու կողմից Սահակին վերագրված բավականին երկարաշունչ խոսքից զտում ենք բուն ասելիքը: Հայոց կաթողիկոսի շեշտն այն է, որ չի կարելի հավատացյալ արքային հանձնել անհավատ պարսիկների դատին, ինչն արդեն անուղղակիորեն հուշում է, որ եթե պարսիկներն անհավատ, այսինքն՝ ոչ քրիստոնյա չլինեին, ապա դիրքորոշումը կարող էր այլ լինել: Եվ սբ. Սահակը դա հենց ուղղակիորեն էլ ասում է. «Զի եթէ էր հաւատացեալ թագաւորի առաջի տանել զայսպիսի յանդիմանութիւն՝ թերևս համարձակէի, յուսով գիւտի կորուսելոյն», այսինքն՝ «եթե հավատացյալ թագավորի առջեւ ներկայացնելու լինեինք այսպիսի հանդիմանություն, թերեւս, համարձակվեի՝ կուրուսյալի գյուտի հուսով»: Եթե անտեսենք կորուսյալի գյուտի մասին ճարտասանական վարժությունը, ապա ստանում ենք չոր մնացորդը՝ կաթողիկոսի բուն խնդիրը ոչ թե Հայաստանի անկախությունը պաշտպանելն է, այլ ընդամենն արտաքին կողմնորոշումը: Նա Արտաշեսին, հետեւաբար եւ հայոց անկախությունը պաշտպանում է, փաստորեն, ակամայից՝ չհամաձայնելով այն զիջել պարսիկներին, բայց եթե խոսքը լիներ հավատացյալ, այսինքն՝ հունաց արքայի մասին, ապա նա չի բացառում իր համաձայնությունը՝ «թերեւս համարձակէի»: Բավականին խախուտ է, ուրեմն, եւ սբ. Սահակի դիրքն այս խնդրում:

Դա հաստատվում է նաեւ դատավարության ընթացքի մասին պատումից: Մինչ նախարարները մեղադրում են, իսկ Արտաշեսը՝ հերքում նրանց մեղադրանքները (պետք է ենթադրել, որ Արտաշեսն, ուրեմն, ուներ հերքման լուրջ հիմքեր), Սահակը, փաստորեն, չեզոք դիրք է գրավում: Ճիշտ է, նա հրաժարվում է ցուցմունքներ տալ ընդդեմ Արտաշեսի, նույնիսկ՝ երբ դրա դիմաց պարսիկները նրան առաջարկում են պարգեւներ, բայց նա նաեւ չի պաշտպանում հայոց արքային, չի հերքում հնչեցված մեղադրանքները, այլ միայն ասում է, թե տեղյակ չէ եղելությունից: Հայոց երիտասարդ արքան, որի անունը, պատմական ճակատագրի քմահաճույքով, նույնն է, ինչ անկախ Հայաստանի հիմնադիր Արտաշեսինը, մնում է լիովին մենակ, լքված ու բոլորի կողմից դավաճանված, եւ ոչ միայն բուն դատավարության ընթացքում: Նա չունեցավ նաեւ իր Փարպեցուն կամ Խորենացուն, որը կգրեր պատմությունը արքայի տեսակետից, Հայաստանի անկախության դիրքերից:

Հայոց պատմությունը

Սա՛ է ամբողջ պատմությունը: Արտաշեսը, տվյալ դեպքում հայաստանակենտրոն քաղաքականության, Հայաստանի անկախության խորհրդանիշն է, որը լքվում եւ դավաճանվում է իրար մյուս բոլոր հարցերում հակադիր երկու խմբավորումների՝ հունասերների եւ պարսկասերների՝ արեւմտամետների եւ արեւելամետների միասնական դաշնի կողմից: Աշխարհիս երեսին որեւէ տիրակալի ներկայացված ամենաանհեթեթ մեղադրանքի հիման վրա Հայաստանը զրկում են անկախությունից: Այդ հեռավոր օրվանից հետո նույն խնդիրը շարունակել է արդիական մնալ Հայաստանում: Որոշ դեպքերում հայաստանակենտրոն դիրքն ամրապնդվել ու հաջողությունների է հասել, բայց միշտ էլ իր դեմ միավորել է կողմնորոշումային երկու իրար հակադիր ճամբարները: Այդ ճամբարները որոշ դեպքերում ձեւականորեն խոսել են անկախական դիրքերից, բայց, ինչպես եւ 428-ին, անկախությունը նրանց համար ոչ թե բուն պատճառ, այլ պատրվակ է եղել: 1045-ին, 1375-ին, 1920-21-ին Հայաստանն ամեն անգամ իր անկախությունը կորցրել է կողմնորոշումային քաղաքականության գլուխ բարձրացնելու արդյունքում: Հատկապես արեւմտամետ կողմնորոշումը, որը մշակութային առումով մեծագույն դրական դեր է խաղացել, քաղաքական ոլորտում, հակառակը՝ խիստ բացասական եւ վճռորոշ դեր է ունեցել բոլոր այդ թվականներին՝ ի վնաս Հայաստանի անկախության:

Չնայած պատմական անալոգիան այնքան էլ վստահելի մեթոդ չի, բայց, տվյալ դեպքում՝ զուգահեռներն այսօրվա հետ այնքան ակնհայտ են, որ իմաստ չունի դրանք նույնիսկ մանրամասնելու: Նույն կեղծ՝ կոմնորոշումային երկընտրանքն է մատուցվում որպես միակ հնարավոր տարբերակ, նույն «անկախական» դիմակ հագնելու ջանքն, ըստ անհրաժեշտության՝ որպես պատրվակ, այլ ոչ թե իրական դիրք, նույն ձգտումը մեջտեղից հանել եւ վարկաբեկել հայաստանակենտրոնությունը, արտաքին աշխարհի նույն բաժանումը՝ «անհավատ» եւ «հավատացյալ» արքաների, նույն քարոզչական մենիշխանության հաստատման միտումը «կողմնորոշումային» ճամբարների կողմից, եւ նույն Արտաշեսը՝ հայոց անկախությունը դավաճանված ու միայնակ՝ հանձնված պարսիկների դատին եւ հունասերների ճոռոմ ու նրբին քարկոծմանը, մեկ-մեկ էլ՝ կեղծ եւ երկերեսանի «պաշտպանությանը»:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրության ընդունեց ՀԷՑ-ի հայտը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի բանագնաց. Իրաքի քրդերին կարելի է զինել միայն Բաղդադի թույլտվությամբ’