‘Խմբագրական. Պարտության ճանապարհի ընտրություն’

2809

Աշնանային զարգացումներին ընդառաջ, Սերժ Սարգսյանը կանգնած է դիլեմայի առաջ: Ներկա քաղաքական իրավիճակը սփոփվելու ու վստահ զգալու որևէ առիթ չի տալիս նրան: Սահմանադրական «բարեփոխումների» գործընթացի առաջ ընդդիմությունը հզոր պատնեշ կառուցեց՝ հասարակությանը հանգամանալից բացատրելով այդ ձեռնարկի իրական նպատակը և այս հարցում ՀՀԿ-ին թողնելով մենակ: Տնտեսական ոլորտում որևէ հաջողության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Նույնը` արտաքին քաղաքական ասպարեզում: Բանը հասել է այնտեղ, որ Հայաստանի իշխանությունները մամուլից կամ այլ երկրների պաշտոնյաների հայտարարություններից են տեղեկանում՝ մտնելու՞ է, արդյոք, Հայաստանը Եվրասիական միություն, թե ոչ, եւ եթե մտնելու է, ապա` երբ: Սրան գումարած՝ Սերժ Սարգսյանի դարդերին ավելացել է ևս մեկը. Հայաստան-Ղարաբաղ սահմանին մաքսակետ դնելու հարցը (ի միջի այլոց, իշխանությունները համառորեն խուսափում են պատասխանել այդ հարցին. Սերժ Սարգսյանն ընդամենը պետք է ասի՝ կա՞ Հայաստանի իշխանությունների առաջ դրված նման պահանջ, թե չկա):

Այս բագաժով Սերժ Սարգսյանը գնում է դեպի աշնանային քաղաքական հորձանուտ: Ի տարբերություն նրա, Քառյակն ունի գործողությունների ծրագիր, որը ներկայացրել է հասարակությանը: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն ունի երկու (երկու դեպքում էլ` իր համար կործանարար) տարբերակ.

1. Ոչինչ չանել, սպասել, թե ինչ քայլերի կդիմի Քառյակը և, ըստ իրավիճակի, արձագանքել դրան: Այս պարագայում Սերժ Սարգսյանը նախաձեռնությունն ամբողջությամբ հանձնելու է Քառյակին և սեփական կաբինետից, ըստ էության, դիտելու է իր իշխանության մայրամուտը: Իհարկե, հընթացս վարչախմբի պարագլուխը կփորձի խափանել Քառյակի միասնականությունը և գործողությունները, ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ, բայց դրանք բոլորը հաղթահարելի են և, մեծ հաշվով, վերջնական արդյունքի վրա չեն ազդելու:

2. Անցնել ակտիվ «հարձակման» և նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը: Ասենք, օրինակ, կարող է Քառյակի հանրահավաքին նախորդող օրերին կազմակերպել պաշտոնանկությունների շարք, հերթական թատրոն-ներկայացում կառավարությունում կամ մի որևէ այլ շոու, խուսափելու համար հրապարակում ժողովրդի հավաքվելու հեռանկարից: Բայց այստեղ էլ Սերժ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում, որովհետև նախ` իր միջամտությամբ ակտիվացնելով քաղաքական գործընթացները, Սերժ Սարգսյանն ավելի է համախմբելու հասարակական լարումն ընդդեմ վարչախմբի և մեծ հաշվով նվեր է մատուցելու Քառյակին: Եվ երկրորդ` այս քայլերը կոտրելու են իր թիմի` առանց դրա էլ խարխլված  ողնաշարն, ու վարչախմբի ներսում խորանալու են փլուզման միտումները: Առանց այն էլ հիմա նրա «թիմի» ներսում ներքին հակասությունները խորացման փուլում են: Ոչ ոք տեղյակ չէ, թե որոնք են իրենց պարագլխի առաջիկա քայլերն ու ծրագրերը, որոնք են խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում: Էլ չխոսած իրենց ներսում փողային, ունեցվածքային հակասությունների, ազդեցության համար մղվող կատաղի պայքարի  մասին: Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, չի կարող «թիմի» առջև բացել պրոբլեմների ամբողջ թղթապանակը, որովհետև դրանից բառացիորեն մի քանի ժամ անց նրա կողքին կմնան միայն նրանք, ովքեր նույնիսկ դրանից հետո էլ չեն հասկանա, որ նա խփված քարտ է: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է գնալ քաղաքական կամիկաձեության և համառությամբ առաջ տանել Սահմանադրական «բարեփոխումները»: Դա փորձելու իրավունքն ու հնարավորությունն, իհարկե, Սերժ Սարգսյանն ունի: Բայց որ դա արագացված տեմպերով ներկայիս վարչախմբին կտանի պատմության աղբանոց, կասկածից վեր է:

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը կընտրի ոչ թե սպասելու, այլ ինչ-որ քայլերի դիմելու տարբերակը:  Եվ սա չի լինելու տրամաբանական հաշվարկի արդյունք, այլ միայն այն պաթոլոգիկ վախի, որ նա ունի փողոցային քաղաքականության, Ազատության հրապարակում զանգվածների ներկայության նկատմամբ: Այնպես որ, թերեւս, սեպտեմբերի կեսերին սպասենք Սերժ Սարգսյանի՝ հասարակությանն ու քաղաքական ուժերին պարգևած հերթական նվերներին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» մտադիր է գնել Ռոյսին և Կուադրադոյին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը աճել է 34,6 տոկոսով’