‘Խմբագրական.Սահմանադրական փոփոխությունները եւ «սֆերիկ ձին վակուումում»’

2222

Թեեւ մի փոքր ուշացումով, բայց ճիշտ եմ համարում անդրադառնալ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ Խորհդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այդ հատվածում Սարգսյանը հատկապես հետեւյալ միտքն է հայտնում. «Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ»:

Այստեղ ՀՀԿ նախագահը, փաստորեն, մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին սահմանադրական փոփոխությունների դեմ փաստարկ չունենալու մեջ: Մի կողմ թողնենք առայժմ այն փաստը, որ փաստարկներ իրականում բերվել են, թեկուզ այնքանով, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը բազմիցս վերլուծվել է շատերի կողմից՝ որպես իշխանության վերահսկողությունը 2018-ից հետո պահպանելու՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագիր. վերլուծվել է այնքա՛ն, որ նույնիսկ ամոթ է դառնում ավելորդ անգամ դրա մասին խոսել: Իսկ ավելի մեծ հակափաստարկ, քան այն, որ սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը զուտ անձնական-խմբային շահերից է բխում, այլ ոչ թե սկզբունքային պետական մոտեցումներից, կարծում եմ, պետք էլ չէ:

Սերժ Սարգսյանը եւ պատմության թուրք կեղծարարները

Բայց սա չէ տվյալ դեպքում էականը: Էականն այն է, որ Սարգսյանն այստեղ շատ կարեւոր նենգափոխում է անում: Խնդիրն այն է, որ փաստարկ, նախեւառաջ, պետք է ներկայացնի պնդում, առաջարկ անողը: Ոչ ոք ոչ մեկից իրավունք չունի հակափաստարկներ պահանջել մի նախագծի վերաբերյալ, որն առաջարկողի կողմից նախապես չի հիմնավորվել: Օրինակ, եթե մեկը վաղը գա եւ ասի, թե Հայաստանի մայրաքաղաքը պետք է տեղափոխվի, ասենք՝ Իջեւան, եւ առանց իր առաջարկը հիմնավորելու՝ պահանջի, որ դեմ լինողները հակափաստարկեն, ապա այդպիսի մեկին արդարացիորեն կարելի է ուղարկել շատ հեռու՝ ոչ ոք պարտավոր չէ իր ժամանակը ծախսել չհիմնավորված առաջարկների մանրամասն ժխտման վրա: Ի դեպ, նման կաղապարը՝ պահանջել չհիմնավորված պնդումների հակափաստարկներ, բնորոշ է, օրինակ, պատմությունը կեղծողներին, այդ թվում՝ ադրբեջանցի կեղծարարներին, որոնք կարող են, օրինակ, պնդել, թե Կիլիկիայի հայկական պետությունն իրականում ադրբեջանական է եղել (այդպես «պնդողներ» իրոք կան Ադրբեջանում), եւ առաջարկել հերքել այդ պնդումը: Այդ պահանջին ենթարկվողն ընկնում է ծուղակը, քանզի նմանվում է մարդու, ով սկսում է հիմնավորել «Հայաստանում ամռանը շոգ է, իսկ ձմռանը ցուրտ է» պնդումը՝ այդպիսով ներքաշվելով «գժական» խոսակցության մեջ:

Ուրեմն, հստակ արձանագրենք՝ առաջարկը նախ պետք է հիմնավորվի առաջարկողի կողմից, եւ միայն դրանից հետո առաջարկողն իրավունք ունի պահանջել հակափաստարկներ նրանցից, ովքեր դեմ են առաջարկին: Ընդ որում՝ հիմնավորումն էլ պետք է համապատասխանի գոնե ձեւական նվազագույն պահանջների: Հիմնավորում չի կարող համարվել, եթե մեկն, օրինակ, ասում է, թե մայրաքաղաքը պետք է տեղափոխել Իջեւան, որովհետեւ «դա կենսական անհրաժեշտություն է», կամ էլ՝ որովհետեւ «դա մեր ծրագրային դրույթներից մեկն է»:

Իսկ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ցայսօր պատշաճ կերպով հիմնավորվել է Սերժ Սարգսյանի կամ իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից: Բնականաբար՝ ո՛չ, նույնիսկ ձեւական տեսակետից դա չի արվել: Ավելին՝ վստահ եմ, որ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում այն սկզբունքները, որոնցով պետք է արվեր նման հիմնավորումը:

Այն, ինչ ցայսօր ասվել է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների ճամբարից՝ որպես հիմնավորում, սահմանափակվում է կա՛մ ճարտասանական դատարկաբանություններով, կա՛մ էլ վակուումի մեջ արված վերացական դատողություններով: Ասենք՝ սահմանադրական փոփոխությունը «կենսական անհրաժեշտություն է» (ինչո՞ւ, ինչպե՞ս, երբվանի՞ց), կամ էլ՝ «սա եւս մեկ քայլ է դեպի մեր համակարգի ժողովրդավարացում»: Մարդկանց թվում է, որ եթե մոգական ժողովրդավարացում բառն արտասանեցիր, դրանով բոլոր հարցերը լուծվեցին: Այլ տիպի հիմնավորում, ես՝ համենայն դեպս, չեմ նկատել ցայսօր, եւ եթե եղել է կամ կա, խնդրում եմ՝ ուղղեք ինձ:

Լավագույն հասարակարգը վակուումում՝ քաղաքական միամտության եւ նենգության միջակայքում

Հիմա հասկանանք, թե ինչպիսի՛ն պետք է լիներ սահմանադրական փոփոխության իրական հիմնավորումը: Նկատի ունեմ, իհարկե, ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ ձեւի եւ կառուցվածքի, եւ ոչ թե միայն կոնկրետ ա՛յս, այլ սահմանադրական փոփոխությունների ցանկացած նախագծի հիմնավորումը:

Նախ՝ առաջին հայացքից ինքնին պարզ եւ նույնիսկ տափակ թվացող մի պնդում՝ սահմանադրական ցանկացած փոփոխություն իրավական-քաղաքական գործընթաց է: Ընդ որում՝ իրավականն ու քաղաքականն այստեղ այնպես են շաղկապված իրար, որ հնարավոր չէ այդ առումներից որեւէ մեկն առանձին-առանձին դիտարկել: Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունը միայն իրավական կամ միայն քաղաքական տեսանկյունից քննարկել հնարավոր չէ, անիմաստ է, ինչպես որ անիմաստ է, օրինակ, բառը՝ դիտված միայն հնչյունական կամ միայն իմաստային տեսակետից՝ բառը բառ է միայն այդ երկուսի՝ հնչյունական եւ իմաստային համադրմամբ՝ ոչ հնչյունների խումբն է ինքնին բառ, ոչ էլ իմաստն ինքնին բառ է:

Ի՞նչ է սա նշանակում: Իրավականն ավելի սկզբունքային, վերացական, կոնկրետ պայմաններից անկախ առումն է, իսկ քաղաքականը՝ նյութականն է, տվյալ պահի կոնկրետ պայմաններն են, դասավորությունները, շահերը, միտումները: Սկզբունքայինը՝ իրավականը, կարող է իրականացվել, այսպես ասած՝ մարմնավորվել միայն այդ կոնկրետ նյութական պայմանների մեջ՝ այն գոյություն չունի ինքն իրեն, օդի կամ վակուումի մեջ: Դա նշանակում է, որ չկա ինչ-որ վերացական՝ բոլոր ժամանակների եւ տեղերի համար լավագույն հասարակարգ, լավագույն կառավարման ձեւ, լավագույն սահմանադրություն, այլ այդ ամենը կախված է ժամանակից (այո՛՝ նաեւ ժամանակից), տեղից եւ պայմաններից: Դրա համար «կառավարման այսինչ ձեւը սահմանադրապես հաստատելով՝ «ավելի ժողովրդավար կդառնանք» կամ էլ «մեր ծրագրում ամրագրված է կառավարման այսինչ ձեւի կողմնակից լինելը» տիպի փաստարկները աշխատող չեն, քանի որ իրավական-սկզբունքային այդ պնդումները պետք է համապատասխանեցվեն տվյալ երկրի պայմաններին, տվյալ քաղաքական իրավիճակին եւ այլն: Այսպես, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում պատերազմի վտանգի ժամանակ սահմանափակվում են ժողովրդավարական շատ իրավունքներ: Իհարկե, հակառակ ծայրահեղությունն էլ՝ սկզբունքայինի անտեսումը՝ հանուն առկա պայմանների, հանգեցնում է ցինզիմի եւ ճահճացման, բայց տվյալ դեպքում խոսքը երկու առումների կշռույթի, այլ ոչ թե ծայրահեղությունների մասին է: Մարդկության պատմությանը հայտնի են բազմաթիվ հասարակարգեր եւ կառավարման ձեւեր, եւ դրանք բոլորն էլ եղել են այս կամ այն չափով արդյունավետ կամ, հակառակը՝ անարդյունավետ՝ կախված այլեւայլ հանգամանքներից: Պնդել, որ «մենք կողմ ենք այսինչ ձեւին՝ ընդհանրապես», կամ թե «այսինչ ձեւն ավելի լավն է՝ ընդհանրապես»՝ նույնն է, թե պնդել, որ «մենք կողմ ենք բոլոր լավ բաներին, եւ դեմ՝ բոլոր վատերին», այսինքն՝ դրսեւորել ապաքաղաքական, վերացական, «վակուումի մեջ» դիրքորոշում: Մեր քաղաքական խոսքում, ցավոք, այս շփոթը հաճախ է տեղի ունենում՝ շատերի կողմից՝ անկեղծորեն, իսկ ոմանց կողմից էլ՝ միտումնավոր՝ որպես քաղաքական նենգության եւ կեղծիքի գործիք:

Նվազագույն երեք կետերը

Լավ, իսկ ինչպիսի՞ն, ի վերջո, պետք է լինեին սահմանադրական փոփոխությունների իրական հիմնավորումները: Ըստ իս՝ դրանք կարող էին տեղավորվել երեք հիմնական կետերի մեջ:

ա. Նախ՝ պետք է մանրակրկիտ եւ շատ համոզիչ հիմնավորվի, թե ինչո՛ւ եւ ինչո՛վ են գործող սահմանադրությունը եւ կառավարման ձեւը խոչընդոտում երկրի զարգացմանը, ինչպիսի՛ լուրջ, հիմնավոր, անհաղթահարելի խնդիրներ են առաջացնում հասարակական կյանքի համար, եւ ինչու երկրի առաջ ծառացած հիմնարար (հենց հիմնարա՛ր, այլ ոչ թե բոլոր, որովհետեւ խոսքը հիմնակա՛ն օրենքի մասին է) խնդիրներն անլուծելի են՝ առանց սահմանադրության փոփոխության: Ինքնին պարզ է, որ սահմանադրությունն այնպիսի հիմնարար փաստաթուղթ է, որ դրա փոփոխության անհրաժեշտությունը հնարավոր է հիմնավորել միայն այս տիպի լուրջ փաստարկներով, եւ ընդհանրապես, ցանկալի է հիմնական օրենքը հնարավորինս քիչ եւ միայն ծայրահեղ դեպքերում փոփոխության ենթարկել, որպեսզի այն, որպես հիմնարար փաստաթուղթ՝ չարժեզրկվի: Չե՛ն կարող, ինչպես արդեն մի քանի անգամ նշեցինք, հիմնավորում համարվել՝ այս կամ այն ձեւն ընդհանրապես ավելի լավն է, ավելի ժողովրդավար է, ավելի պուպուշ է, այս կամ այն քաղաքական ուժի ծրագրի մասն է, այս կամ այն միջազգային կառույցի պահանջներին ավելի համապատասխան է եւ նման փաստարկները: Ո՛չ, հիմնավորումը պետք է բխի տվյալ երկրի շատ կոնկրետ, նյութական իրավիճակից եւ պայմաններից, եւ ցույց տրվի՝ ի՞նչն է խնդիրը գործող սահմանադրության՝ հենց ա՛յս երկրի, հենց ա՛յս պահի հասարակական զարգացման տեսակետից: Կոնկրետ քաղաքական, տնտեսական, իրավական հիմնարար վերլուծությո՛ւնը միայն կարող է հիմք լինել: Միով բանիվ՝ պետք է համոզիչ կերպով ապացուցվի, որ առանց գործող սահմանադրության փոփոխության՝ երկրի հետագա զարգացումը պարզապես հնարավոր չէ: Մնացած ամեն ինչը, որպես հիմնավորում՝ ծիծաղելի է եւ մանկամիտ:

բ. Պետք է մանրակրկիտ եւ համոզիչ վերլուծությամբ ապացուցվի, որ սահմանադրական փոփոխությունն անհետաձգելի անհրաժեշտություն է հենց տվյա՛լ պահին, տվյա՛լ փուլում, տվյա՛լ ժամանակում, որ հենց ա՛յս պահի բոլոր պայմանները նպաստում են փոփոխություների իրականացմանը, որ չկան լուրջ մարտահրավերներ նման հիմնարար պետական բարեփոխման համար:

գ. Պետք է ներկայացվեն շոշափելի ապագայի հետ կապված զարգացման մի քանի սցենարներ, որոնց շրջանակում ցույց տրվի, որ մոտ ապագայում հնարավոր համարվող զարգացումների մեծ մասում երկրի շահերի տեսակետից ավելի արդյունավետ կարող է լինել փոփոխված, այլ ոչ թե գործող սահմանադրությունն ու կառավարման ձեւը: Պարզ է, որ նման վերլուծությունը պետք է բխի տվյալ երկրի յուրահատուկ պայմաններից: Օրինակ, Հայաստանի դեպքում՝ ապագայում պատերազմի մեջ ներքաշվելու սցենարը հավանականներից մեկը կարող է համարվել, եւ պարզ է, որ վերլուծությունը պետք է պատասխանի այն հարցին, թե պատերազմի դեպքում կառավարման ո՛ր ձեւն է ավելի համապատասխանում այդ իրավիճակի պահանջներին: Պատերազմն ընդամենը օրինակ է, բայց կարող են լինել հազար ու մի այլ նրբություններ՝ կախված մեր երկրի դիրքի եւ ապագայում հնարավոր սցենարների առանձնահատկություններից, որոնք պետք է հաշվի առնել:

Կարող եք ասել, որ այս երրորդ կետը վիճելի է, քանի որ ապագան կանխատեսելի չէ: Կհամաձայնեմ միայն մասամբ՝ հավելելով, որ խոսքը ոչ թե հեռավոր, այլ շոշափելի՝ 10-20 տարվա ապագայի մասին է, որի դեպքում որոշ կանխատեսումներ անել հնարավոր է: Հո ամեն անգամ իրավիճակի թելադրանքից սահմանադրություն չե՞նք փոխի, ուրեմն՝ պետք է հնարավորության չափով հաշվի առնենք նաեւ ապագան:

Գրազի առաջարկ

Այս երեք կետերը կարող ենք համարել նվազագույն պահանջ սահմանադրական փոփոխության որեւէ հիմնավորման համար, իսկ մնացած բոլոր վերացական կամ ճարտասանական դատարկությունները համարձակորեն նետել աղբանոց: Ինչպես տեսնում ենք, ի հեճուկս Սերժ Սարգսյանի պնդման՝ ժամանակը լավ էլ կապ ունի սահմանադրական փոփոխությունների հիմնավորման խնդրում՝ երեք կետերն էլ կառուցված են ժամանակային առանցքի շուրջ՝ անցյալ, ներկա, ապագա: Իսկ ամենակարեւորն այն է, որ քանի դեռ այս տիպի հիմնավորումներ ներկայացված չեն, ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկից հակափաստարկներ պահանջել, եւ ոչ ոք էլ պարտավոր չէ ներքաշվել պարապ բանավեճի մեջ՝ «վակուումում սֆերիկ ձիու» մասին վերացական դատողությունների շուրջ:  

Վստահ եմ, եւ պատրաստ եմ գրազ գալ ցանկացածի հետ, որ պահանջված հիմնավորումներն իշխող խմբի կողմից ոչ միայն չեն ներկայացվելու, այլեւ որեւէ մեկն իշխող խմբից պարզապես ի զորու չէ ներկայացնել նման հիմնավորումներ, որովհետեւ, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ խմբում կան հանճարներ կամ էլ թեկուզ մարդիկ, որոնք, բացի մի երկու անգիր արած «եվրաշաբլոնից», ունակ են ինքնուրույն մտածել, ապա միեւնույն է՝ հնարավոր չէ որեւէ կերպ հիմնավորել այն միտքը, որ այսօր Հայաստանում անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ բոլորին, այդ թվում՝ հիշատակված սֆերիկ վակուումի մեջ գտնվող ձիուն էլ պարզ է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումն այս պահին որեւէ կերպ կապ չունի Սահմանադրության տեքստի հետ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիան առայժմ չունի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը՝ թիմում առկա իրավիճակի մասին’