‘Խմբագրական. Սոցիոլոգիական տվյալների նուրբ կեղծիքները’

27021

Մեր հասարակությունը սովոր է կասկածամտությամբ վերաբերվել սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Դա առողջ եւ օգտակար կասկածամտություն է, բայց առայժմ՝ մակերեսային, քանի որ կասկածողը կասկածում է ոչ թե այդ տվյալների արժեքին ինքնին, այլ միայն ենթադրելով, որ դրանք կեղծված են հետազոտողի կողմից՝ պատվիրատուի հրահանգով եւ հասարակությանը մոլորեցնելու նպատակով: Բայց խնդիրն ամենեւին էլ միայն տվյալների կեղծումը չէ: Սոցհարցումների տվյալներով՝ քաղաքական մանիպուլյացիայի հնարավորությունները շատ ավելի լայն ու շատ ավելի նուրբ են, քան կացնային կեղծումը: Նույնիսկ եթե գործ ունենք բացարձակապես ստույգ, չկեղծված տվյալի հետ, միեւնույն է, պետք է գիտակցենք, որ դաշտային հետազոտության որեւէ տվյալ ինքնին դեռ ոչի՛նչ, շեշտում եմ՝ բացարձակապե՛ս ոչինչ չի նշանակում: Թե ինչու եւ ինչպես՝ տեսնենք վերջերս շրջանառության մեջ դրված մի կոնկրետ տվյալի քննության օրինակով: Խոսքը «հայաստանցիների 58 տոկոսը ցանկանում է միավորվել Ռուսաստանի հետ» տվյալի մասին է, որը ներկայացրել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը (այլեւայլ լրատվամիջոցներ գրել են նույնիսկ՝ «Ռուսաստանի կազմի մեջ մտնել», բայց բուն հարցման մեջ ձեւակերպված է՝ «միավորվել այսինչ երկրի հետ»):

Տրդատ արքան եւ սոցհարցումները

Ես չեմ ուզում տվյալ դեպքում քննարկել հարցի քաղաքական շրջարկը՝ ի՛նչ նպատակով է իրականացվել հարցումը եւ ի՛նչ նպատակով է ներկայացվել հանրությանը, ինչո՛ւ հիմա եւ այլն: Այս հարցերի պատասխանները բավականին թափանցիկ են, եւ բացի այդ՝ արդեն բավականին քննարկվել են: Իմ նպատակը նաեւ, բնականաբար, չի կարող լինել այլոց մասնագիտական գործունեության մեջ խառնվելը եւ տվյալ սոցիոլոգիական հետազոտության տվյալների ընդհանրական վերլուծությունը: Իմ նպատակը ներկայացված տվյալի արժեքի վերլուծությունն է այն պահից, երբ դա դառնում է արդեն ոչ թե նեղ մասնագիտական, այլ հանրային քննարկման առարկա:

Կրկնեմ հիմնական ասելիքս՝ որեւէ դաշտային հետազոտության քանակական տվյալն ինքնին, իր բառացի արժեքով, որքան էլ տարօրինակ է, աշխարհի ամենաանստույգ, ամենաքիչ բան ասող, գրեթե զրոյական իմաստ ունեցող երեւույթն է (եթե խոսքն ամենապարզունակ, ասենք՝ «ի՞նչ սեռ ունեք», կամ «ի՞նչ է ձեր անունը» հարցերի պատասխանների մասին չէ): Ընդ որում՝ խոսքը ոչ թե կեղծված, այլ արժանահավատ քանակական տվյալի մասին է: Այդ տվյալն իմաստ կարող է ստանալ միայն լայն շրջարկում՝ բազմակողմանիորեն վերլուծված, մեկնաբանված, բացատրված, նաեւ՝ իր նման այլ տվյալների հետ քննական համադրության մեջ ներկայացված: Ընդ որում՝ ոչ մի միջազգային հնչեղ եւ հեղինակավոր անուն չի կարող փոխել այս իրողությունը՝ ասվածը հավասարապես վերաբերում է եւ տեղական, եւ արտասահմանյան, թեկուզ՝ ամենահեղինակավոր մասնագետների տվյալներին (եթե ձեզ թվում է, որ քանակական սոցիոլոգիական հետազոտությունը միայն Հայաստանում է մանիպուլյատիվ կամ էլ օդից փող սարքելու հարմար գործիք, իսկ, ահա, «զարգացած երկրներում» դա մաքրամաքուր եւ ճերմակազգեստ անաչառ գիտություն է, ապա դուք շատ միամիտ եք): «Ֆիրմա» անունները կարող են փաստարկ լինել միայն գավառցու հոգեբանությունը չհաղթահարածների համար: Դաշտային նյութի, բայց նաեւ ցանկացած աղբյուրի հետ աշխատանքի այբն ու ֆեն է՝ ինքնին բառացի տվյալը դեռ ոչ մի արժեք չունի: Սա կարող են վկայել ոչ միայն դաշտային նյութի հետ աշխատող ազգագրագետներն ու սոցիոլոգները, այլեւ, ասենք, պատմական աղբյուրը վերլուծող պատմաբանները, կամ հանցանքի մասին այլեւայլ վկայությունները քննող քննիչները: Իրո՛ք, որքան բառացի արժեք ունի, օրինակ, Ագաթանգեղոսի վկայությունն այն մասին, թե Տրդատ թագավորը վերածվել էր խոզի. եթե դա բառացի ընկալենք, ապա հիմար վիճակում կհայտնվենք, բայց եթե մեկնաբանենք լայն մշակութային շրջարկում, ապա արժեքավոր գիտելիք ձեռք կբերենք աշխարհի, արքայական իշխանության եւ այլնի մասին հին հայերի պատկերացումների վերաբերյալ: Նույնն է նաեւ սոցիոլոգիական հարցման տվյալը՝ հիմար վիճակում է հայտնվում նա, ով փորձում է դա բառացի հասկանալ:

Անստույգ, անորոշ, անարժեք

Այժմ տեսնենք, թե ինչպե՛ս է պետք ընկալել սոցիոլոգիական հարցումների տվյալներն իրականում՝ բառացի ընկալումներից դուրս: Նախ՝ երկու տեխնիկական դիտողություն:

1. Որեւէ հետազոտություն անկապ հարցերի հավաքածու չէ, այլ մտածված համակարգ, որտեղ կարեւոր է հստակ ձեւակերպված նպատակը, առանձին հարցերն իրար հետ կապող կուռ տրամաբանությունը: Հարցարարի հարցը ոչ թե ինքն իրեն իմաստ ունի, այլ համակարգի՝ այլ հարցերի հետ իր կապերի մեջ: Յուրաքանչյուր առանձին հարց, բացի այդ, պետք է ունենա իր ենթահամակարգը՝ ստուգող, ճշտող եւ նույնիսկ՝ խորամանկող (ծուղակ) հարցերով: Բացի այդ էլ, հարց տվողը պետք է նաեւ տեղում ճկուն կողմնորոշվի՝ իր ուզած տեղեկությունները հարցվողից «կորզելու» համար: Հետեւաբար՝ որեւէ պատասխան նույնպես իմաստավորվում է միայն այս բազմաշերտ շրջարկում:

Տվյալ դեպքում, եթե ունենք «հայերի այսինչ տոկոսն ուզում է միավորվել Ռուսաստանի հետ» պատասխանը, ապա դա որեւէ արժեք կարող է ստանալ միայն՝ եթե այդ պատասխանի հետ ներկայացվում է վերը շարադրված «թաշախուստը»: Այստեղից բխում է երկրորդը:

2. Պետք է վստահ լինենք, որ հարց տվողն ու հարցին պատասխանողը նույն կերպ են հասկացել հարցը: Պետք է ունենանք հստակ ճշտող տվյալներ՝ ի՞նչ նկատի ունի հարցին պատասխանողը «միավորվել» ասելով, եւ որքանով է դա տարբերվում հարցնողի ենթադրած «միավորվելուց»: Որքան փորձել եմ ճշտել, տվյալ դեպքում որեւէ ճշտող տվյալ չունենք:

Բուն հարցը ձեւակերպվել է այսպես՝ «այսօր որոշ երկրներ ձգտում են միավորման, իսկ մյուսներն՝ ինքնուրույնության: Եթե դուք իրավասու լինեիք, ապա նշված երկրներից որի հետ ճիշտ կլիներ միավորվել մեր երկրին»: Եվ այս հարցին ստացվել են պատասխաններ՝ Ռուսաստանի հետ՝ 58 տոկոս, ոչ մեկի՝ 28, Եվրամիություն՝ 8,2, մնացածները՝ մեկ տոկոս եւ պակաս: Ինչպես տեսնում ենք, բուն հարցը ձեւակերպված է շատ անորոշ ու վատ իմաստով խորամանկորեն: Բացատրված չէ, թե ի՛նչ է միավորումը, եւ ի՛նչն՝ ինքնուրույնությունը, ոչ էլ օրինակներ են բերված միավորման ձգտումների: Կարելի է ենթադրել, հաշվի առնելով նաեւ պատասխանների տարբերակները (օրինակ՝ ԵՄ, այլ ոչ թե եվրոպական առանձին երկիր), որ հարց տվողը նկատի ունի ոչ թե բառացի միանալն այս կամ այն երկրին, այլ Եվրամիության կամ Եվրասիական միության տիպի ինտեգրացիոն նախագծերը: Բայց հստակություն չկա, իսկ անորոշ «միավորվելը» կարող է մեկնաբանվել նաեւ որպես միացում՝ ընդհուպ մինչեւ անկախության կորուստ եւ մարզի կարգավիճակ, ինչպես եւ փորձեցին հետագայում մեկնաբանել մամուլում: Կարելի է ենթադրել ամեն ինչ՝ տնտեսական կապերի ձեւավորումից, դաշինքից՝ մինչեւ անմիջական կցում:

Չեմ կարծում, որ հարցում անցկացնողները եւ տվյալներ ներկայացնողները մեզանից ավելի հիմար են, եւ այդքանն իրենք չեն հասկանում, հետեւաբար՝ ստիպված եմ ենթադրել, որ անորոշությունը միտումնավոր է, այլ ոչ թե մասնագիտական վատ պատրաստության արդյունք: Ահա թե ինչպես, ուրեմն, կարելի է կեղծել տվյալները՝ առանց կոպիտ, կացնային միջոցների: Հիմա, պետք է, որ բոլորին պարզ դառնա, որ ստացված պատասխանի արժեքը զրո է, եթե չասենք՝ մինուս 1000, եւ դրա շուրջ ծավալված քննարկումը՝ բանավեճ է ոչնչի շուրջ: Իրականում այստեղ ոչ մի տվյալ չկա, բացի նրանից, որ հայերի 58 տոկոսը նախընտրում է ինչ-որ՝ չսահմանված եւ չճշտված տիպի կապեր Ռուսաստանի հետ, ընդ որում՝ այլ երկրների հետ կապին, այլ ոչ թե անկախությանը (հարցի մեջ փաստացի հակադրվում են հենց տարբեր երկրների հետ կապերը, այլ ոչ թե անկախությունն ու դրսի կապերը, չնայած այստեղ էլ ամեն բան արված է, որ հակադրության առումով անորոշության զգացում առաջանա): Ընդ որում, այսքանով հանդերձ էլ՝ ունենք 28 տոկոս, որը նախընտրում է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, այսինքն՝ այդպես պատասխանողները նույնիսկ լայն եւ անորոշ ձեւակերպված միավորմանը դեմ են՝ հանուն անկախության:

Հետեւաբար, եթե ընդհանապես այս ծայրաստիճան անորոշ եւ անստույգ տվյալներից ինչ-որ բան կարող ենք եզրակացնել, ապա դա միայն մեկ բան է՝ հայաստանցիների մոտ 30 տոկոսը հաստատապես անկախության դիրքերին է, իսկ մնացած 70 տոկոսն էլ (որից մոտ 60-ը՝ ռուսական, իսկ մոտ 10-ը՝ եվրոպական կողմնորոշմամբ) կողմ են ինչ-որ տիպի ինտեգրացիոն գործընթացների, բայց կոնկրետ ի՞նչ տիպի՝ պարզ չէ: Բայց, համենայն դեպս, պետք է վստահ լինենք, որ այդ 70 տոկոսի զգալի, եթե ոչ՝ մեծ մասն էլ ինտեգրացիան չի հասկանում անկախության ժխտման գնով, այսինքն՝ սրանք էլ անկախության կողմնակիցներ են, այլ ոչ թե «միակցման»:

Արդյո՞ք Տրդատն իրոք վերածվել էր խոզի

3. Այժմ երրորդ՝ ավելի նուրբ կետի մասին: Ենթադրենք, որ վերը նկարագրված անորոշությունն էլ չկա, տվյալներն իրոք հստակ են, բոլոր նրբությունները ճշտված են, եւ ունենք, օրինակ, աներկբա տվյալ, որ հայաստանցիների 60 տոկոսը ուզում է միակցվել Ռուսաստանին կամ այլ երկրի՝ անկախության կորստի եւ մարզի վերածվելու գնով: Որքան էլ տարօրինակ է, նույնիսկ դա ինքնին դեռ ոչինչ չի նշանակում: Այսինքն՝ ոչ միայն անորոշ ու անստույգ, այլեւ որոշակի եւ ստույգ քանակական տվյալն ինքն իրենով ոչինչ չի նշանակում, ճիշտ այնպես, ինչպես արդեն մեկ անգամ բերված մեր օրինակում՝ Տրդատ արքայի խոզի վերածվելու մասին Ագաթանգեղոսի հստակ եւ աներկբա վկայությունը ինքնին չի նշանակում, որ Տրդատն իրոք խոզի էր վերածվել: Մյուս կողմից՝ դա չի էլ նշանակում, իր հերթին, որ այդ տվյալը բացարձակ անարժեք է՝ միայն բառացի մեկնաբանությունն է այդպիսին: Օրինակ, նույն Տրդատի պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ խոզի վերածվելը պատահականություն չէ, այլ յուրահատուկ այլաբանական արտահայտումն է հեթանոսական Հայքում եւ Իրանում վարազի՝ որպես արքայական իշխանության խորդանիշի պատկերացման մասին: Նույնն այստեղ է. ենթադրենք, հայաստանցիների 60 տոկոսն իրոք ուզում է միանալ Ռուսաստանին կամ այլ երկրի՝ պետք է փորձել հասկանալ սրա իրական արժեքն ու իմաստը: Այլապես գիտություն էլ պետք չէր լինի՝ կարելի էլ վարձել մի քանի ջահել, որոնք պարզապես արտագրեին սկզբնաղբյուրների կամ դաշտային հետազոտությունների տվյալները եւ անունը դնել պատմագիտություն կամ սոցիոլոգիա՝ համապատասխանաբար:

Հասարակական կարծիքը գիտական սահմանում չէ, որ դա բառացի հասկանանք: Հետազոտողի, ներկայացնողի, մեկնաբանողի նպատակն է խոսեցնել տվյալը՝ վերհանելով ոչ միայն ի՛նչ են ասում մարդիկ, այլեւ ինչո՞ւ են ասում, ի՞նչ ենթատեքստով եւ այլն: Պետք է հասկանալ, թե բառային ձեւակերպման տակ ի՞նչ խորքային միտում, ձգտում, զգացում, հակադրություն, համակարգ է թաքնված, որի արտաքին մակերեսային ձեւակերպումն են միայն բառերը: Վերը բերված օրինակը շարունակելով՝ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ագաթանգեղոսն օգտագործել արքայի եւ վարազի կապի հեթանոսական մոտիվը իր հակահեթանոսական պատման մեջ, եւ ինչ է նա ուզեցել դրանով հաղորդել: Կարելի է, ենթադրել, որ նա, օրինակ, փորձել է նվաստացնել, ծաղրել հեթանոսական պատկերացումները, ուր վարազն ուժի, իշխանության խորհրդանիշ է՝ վերածելով արքայի եւ վարազի կապը հիվանդության, Տրդատի բառացի խոզակերպության, որը բուժում է Գրիգորը: Այսինքն՝ խորհրդանշական մակարդակում հեթանոսությունն այստեղ ներկայացված է որպես հիվանդություն, իսկ նոր կրոնը՝ որպես դրա դարման:

Նույնը դաշտային հետազոտության չոր տվյալի դեպքում է: Օրինակ, եթե հայաստանցիների 60 տոկոսն իրոք պատասխաներ, թե ուզում է միանալ օտար որեւէ պետության, ապա մեծ վստահությամբ կարող էինք ենթադրել, որ դա, նախեւառաջ, պետք է մեկնաբանել որպես մարդկանց խորքային դժգոհության արտահայտություն՝ մարդիկ այնքան դժգոհ են սեփական կառավարությունից, որ իրենց դժգոհությունն արտահայտում են նման ձեւակերպումներով: Սրա համարժենք է, օրինակ՝ փախչենք Թուրքիա, հանձնվենք թուրքերին եւ այլն: Շատերը կարող են բառացի նման բան ասել, բայց մատների վրա հաշվել կարելի կլինի նրանց, ովքեր, ասենք, Վահան Մարտիրոսյանի նման՝ դա բառացի կիրականացնեն (այն էլ պարզ է, որ վերջինիս դեպքում դա ոչ թե միամիտ պոռթկում էր, այլ հաշվարկած դավաճանություն): Խնդիրն, ուրեմն, էլի ներսին է վերաբերում, այլ ոչ թե դրսին, կամ էլ հայաստանցիների առասպելական օտարամոլությանը կամ հակաանկախությանը: Համոզված հակաանկախականներ մեզանում իրոք կան, բայց դրանք չնչին տոկոս են եւ ներկայացնում են ոչ թե լայն զանգվածները, այլ հիմնականում նախկին նոմենկլատուրային էլիտայի մնացոդներն են:

Աղբիանոս քրմապետը եւ էլիտար հրաշամանուկները

Բայց կասեք՝ ախր, անզեն աչքով տեսնում ենք մեր ժողովրդի օտարամոլությունը: Պատասխանս նույնն է: Անզեն աչքն աշխարհիս ամենաանստույգ գործիքն է: Եթե դա այդպես չլիներ՝ կարիք չէր լինի ո՛չ գիտության, ո՛չ էլ վերլուծության: Ամեն օր անզեն աչքով տեսնում ենք, թե Արեւը պտտվում է Երկրագնդի շուրջ, եւ Լուսինն էլ մի բռունցք կլորակ է, որ մերթ մեծանում է, մերթ նվազում՝ անհետացման աստիճան: Քանի՞ կոպեկ արժեն անզեն աչքի այդ տվյալները: Վստահ եմ, որ եթե մեր ժողովուրդը հնարավորություն ունենա սեփական երկրում իրացնել իր նյութական եւ հոգեւոր նվազագույն պահանջմունքները՝ կարողանա փող վաստակել, աշխատել, արդարություն տեսնի, ապա աշխարհում չի լինի ավելի անկախական ազգ, քան հայերը:

Այլ հարց է, որ այլեւայլ կողմնորոշմամբ էլիտար խմբերին ձեռնտու է մեր ժողովրդին ներկայացնել որպես հակաանկախական, ստրկամոլ, օտարամոլ եւ այլն: Իշխանությունն արդարանում է, թե է՛ս է մեր ժողովուրդը, հետեւաբար՝ պետք չէ նրան ազատություն տալ, թե չէ անկախությունը կկորցնենք, ընդդիմությունն էլ իր մեղքերն է բարդում իբր ստրկամիտ ժողովրդի վրա: Ռուսամետներն արդարացնում են իրենց «գուբերնիական» երազանքները, լեզվի օրենքի հանդեպ արհամարհանքը, «դաբրոների» իդեոլոգիան, իսկ արեւմտամետները իրենց «հերոսական» կերպարն են կերտում՝ ի հակադրություն օտարամոլ ժողովրդի (կարծես իրենցն օտարամոլություն չէ, եւ կարծես անկախության հարցը միայն մեկ արտաքին ուժին է առնչվում): Մյուսներն էլ ապրում են մանկամիտ մի աշխարհում, ուր գերիշխում է բառացի իմաստների տափակ իրականությունը, եւ ուր «ֆիրմա» կազմակերպությունից փող կպցրած ամեն «կոստյումավոր» իրեն զգում է մոգական ուժով օժտված եւ հեգնական ժպիտը դեմքին ժողովրդական կարծիք մեկնաբանող Աղբիանոս քրմապետ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Լեւոն Մութաֆյանի դին’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’