‘Խմբագրական. Ստորացման մեխանիկան, կամ` Эдик, подписывай!’

2606

Եթե մեկ բառով բնութագրելու լինենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ապա այն կարելի է ուղղակի ստորացում անվանել: Ստորացումը հենց այն ճշգրիտ բնութագրական արդյունքն է, որն ունենում է Հայաստանը բոլոր տեսակի միջազգային իրադարձությունների ընթացքում եւ ավարտին, նիստերին, հանդիպումներին, լուրջ գործընթացներում:

Չկա գեթ մեկ գործընթաց,  անգամ այնպիսիք, որ հենց Հայաստանի իշխանություններն են նախաձեռնում, որից հետո Հայաստանն ունենա այլ ձեռքբերում, քան ստորացումը: Ընդ որում՝ որքան շատ տեղեկատվություն է ստացվում այս կամ այն իրադարձության վերաբերյալ, այնքան ստորացումն ավելի խորանում ու ահագնանում է: Մե՛կ կորեական մի հեռուստաընկերություն է հրապարակում հեռուստառեպորտաժ Սերժ Սարգսյանի ցողունային արկածների մասին, մե՛կ` ռուսական հեռուստաընկերությունները ուղիղ եթերում ցուցադրում են նրա ֆիասկոն Սոչիում օլիմպիական խաղերի բացման ժամանակ, մե՛կ` ցուցադրում են նրա  ջախջախումը` Նազարբաեւի կողմից, եւ ամեն մի նոր մանրուք մի նոր շերտ է ավելացնում այդ ստորացմանը, որն իշխանությունները բերում են Հայաստանի գլխին:

Եւ կարելի է միայն պատկերացնել, թե տարիներ անց, երբ աշխարհի այս կամ այն պետությունների ղեկավարները սկսեն հուշեր գրել, ի՛նչ նոր ստորացուցիչ մանրամասների ականատեսը կլինենք:

Օրերս ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակեց իր հուշերի գիրքը: Գրքում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հատված կա: Ուրեմն, ասում է տիկինը, ինքը մոտ մեկ ժամ համոզում էր Նալբանդյանին, որ դուրս գա հյուրանոցի իր սենյակից: (Ես տղամարդ եմ խոսքիս տերն եմ: Դուրս չեմ գա,- «Քաջ Նազար»):

Հետո եւս երկու ժամ էլ համոզում է, որ գնա եւ ստորագրի արձանագրությունները, եւ ապա՝ համոզելուց հետո, Նալբանդյանին ստորագրման վայր է հասցնում իր մեքենայով (երեւի՝ որ ճանապարհին չփախչի): Իսկ համոզում էին, քանի որ վերջին պահին Նալբանդյանի մտքով անցել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է ինչ-որ հայտարարություն անել (բնականաբար՝ այն պետք է լիներ հայ-թուրքական սահմանի բացման եւ ԼՂ հիմնախնդրի փոխկապակցվածության վերաբերյալ), եւ այդ իսկ պատճառով վերջին պահին ուղղակի չէր լքում հյուրանոցի համարը՝ ավարտին հասցնելու այն գործընթացը, որ իրենք իսկ սկսել էին: Իրենք շիլան եփել էին, ու իրենք էլ վախենում էին այն խփշտել, զի չէին էլ հասկանում, թե գլխներին ինչ է գալու:

Իսկ հիշո՞ւմ եք, թե այդ նույն գործընթացի մասին ինչ էր ժամանակին պատմում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ուրեմն, ասում էր, վերջին պահին  Նալբանդյանն էլի ստորագրել չէր ցանկանում (ենթադրաբար՝ տիկին Քլինթոնի թափած երեքժամյա ապարդյուն ջանքերից հետո), իսկ ավելի կոնկրետ` հրաժարվում էր, եւ պարոն Լավրովը անձեռոցիկի վրա երկբառանոց մի նամակ գրեց ու փոխանցեց Նալբանդյանին: Սերգեյ Լավրովն ինքն էր պատմում, որ անձեռոցիկի վրա գրել է. «Эдик, подписывай!» («Էդիկ, ստորագրիր»): Իհարկե, գերտերությունների ղեկավար անձինք ամեն մեկին չէ, որ անձեռոցիկի վրա նամակ են ուղարկում, կամ էլ երեք ժամ համոզում են դուրս գալ հյուրանոցի համարից, բայց դա հարցի մի կողմն է: Վատ վիճակում գտնվող սրտի մխիթարանքի պահը: Իսկ իրական կողմը ստորացումն է, որ սրանք վաստակում ու վաստակում են մեր գլխին: Ու հեչ կարեւոր չէ, թե հատկապես ով է այս պահին Հայաստանի իշխանություններին գրում «Эдик, подписывай!». մի օր նամակի հեղինակը ռուսաստանցի մեկը կարող է լինել, հաջորդ օրը` եվրոպացի մեկը, մյուս անգամ` ամերիկացի մեկը, էն չորրորդ անգամ` չինացի կամ էլ արդեն հարավկորեացի մեկը, բայց դերակատարներից բացի՝ ոչինչ չի փոխվում, քանի դեռ սրանց հետ կարելի է խոսել «Эдик, подписывай!» լեզվով:

Եւ ամենեւին պետք չէ զարմանալ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ու Նալբանդյանը լռեցին, երբ  Նազարբաեւն ընթերցում էր Ալիեւի նամակը: Գուցե մի նամակ էլ այդ պահին էին ստացել, «Эдик, молчи!» կամ «Сержик, молчи!» գրությամբ: Եւ գուցե շատ ավելի վատ թղթի կտորի վրա, քան նույնիսկ սովորական անձեռոցիկը:

Ու ցավալին այն է, որ այս ամենն այսօր նորմա է: Հայաստանն արտաքին քաղաքականություն ուղղակի չունի, Հայաստանը միջազգային ասպարեզում խաղացող չէ այլեւս, Հայաստանն ընդամենը նամակների ու հաղորդագրությունների հասցեատեր է, որին այս կամ այն հարցի պարագայում իր անելիքը կասեն աշխարհի այս կամ այն անկյունից` ուղարկելով «Эдик, подписывай!» ազդականչը:

Հ.Գ. Ի դեպ, մինչեւ վերջերս Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն «Ազատություն» ռ/կ-ի կայքի իր բլոգում մի հոդված է հրապարկել, որտեղ գրում է. «Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցեց, որ անկարող  է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներինԴրա մասին վկայեցին մեր արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած վճռորոշ զարգացումները՝ կապված ԵՄի հետ շուրջ չորս տարի ամբողջությամբ բանակցված Ասոցացման համաձայնագրի անսպասելի կասեցման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշման, ինչպես նաև, դատելով Աստանայում տեղի ունեցած վերջին նվաստացուցիչ միջադեպից՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման անորոշ ու մտահոգիչ հեռանկարի հետ: Հայաստանի թույլ տված կոպիտ դիվանագիտական սխալները ոչ միայն նվազեցնում են արտաքին ճակատում խուսավարելու մեր հնարավորությունները, այլև լուրջ հարվածի տակ են դնում ՀՀ միջազգային վարկն ու հեղինակությունը:
Այս ամենն ինձ, որպես դիվանագետի և պատմաբանի, լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Արդյո՞ք բազում ներքին խնդիրներ կուտակած Հայաստանի Հանրապետությունը  ի վիճակի կլինի չեզոքացնել մեր պետականությանը սպառնացող արտաքին լրջագույն վտանգները»:

Հասել ենք այնտեղ, որ արդեն Սերժ Սարգսյանի իշխանական համակարգի ներկայացուցիչներն են ընդվզում ընդդեմ սեփական տերերի: Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ նույն պարոն Կարապետյանը 2008-ին չէր ընդվզում այդ ճգնաժամի դեմ, երբ արդեն հստակ ուրվագծվում էր, որ Հայաստանը ներսից ավերող իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի գլխին միայն փորձանքներ են բերելու, որի ավերակների տակից հետո մենք բոլորս պիտի փորձենք դուրս գալ: Իշխանափոխությունից հետո: Առավելեւս, որ ի տարբերություն նույն Կարապետյանի, ԱԳՆ-ում այդ ժամանակ գտնվեցին մի քանի համարձակներ:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետի խորհրդականի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Լենինգրադյան-Իսակով մայրուղին պաշտոնապես բացվեց. Ֆոտոներ’