‘Խմբագրական. Վերակենդանացման վերջին հույսը «սահմանադրական բարեփոխումներն» են’

2146

Ո՞րն է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ու դրա հետեւանքով Հայաստանում ձեւավորված ավազակապետական (գողապետական) ռեժիմի ամենաբնորոշ գիծը։

Բնականաբար՝ այն, ինչը դրված է հենց նրա անվանման մեջ՝ ավազակային վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչն իր իշխանության տակ է, այսինքն՝ համակարգված, կազմակերպված գողությունն ու կողոպուտը։

Ավազակապետական այս ռեժիմը բոլոր առումներով նախորդ՝ 90-ական թվականների իշխանության հակապետկերն է։

Այդ ֆոնի վրա առավել ցայտուն պիտի երեւային նրա այլանդակությունները։ Ու հենց այդ պատճառով, ի սկզբանե՝ նա թշնամանքով է վերաբերվել 90-ականների իշխանություններին՝ իր առաջին գործերից մեկը դարձնելով նրա վարկաբեկումն ու պատմության կեղծումը, նրա քաղաքական ղեկավարության վրա «կոմպրոմատներ» գտնելը։ Հատուկ այդ նպատակով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովների, համապատասխան հանձնարարականներ ստացած դատախազության, վերահսկիչ տարբեր մարմինների՝ տարիների մանրակրկիտ պրպտումները, սակայն, մնացին ապարդյուն։ Սա փաստ է։ Սա մի փաստ է, որը հետագայում բաց ճակատով արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. նոյեմբերի 16-ի իր առաջին իսկ հրապարակային ելույթներից մեկում. «Ոչինչ չստացվեց՝ հարյուր դոլարի յուրացում անգամ չհայտնաբերվեց։ Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բոլորիս ի՞նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհանեին»։ («Վերադարձ», էջ (84)։ Նույն բանը ավելի որոշակի հարցադրմամբ նա կրկնեց նաեւ 2010թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում. «1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը» (ելույթ հանրահավաքում, 15.10.2010)։ Երկու դեպքում էլ վարչախումբը թեկուզ մեկ օրինակով չկարողացավ հերքել այս արձանագրումները։

Ավազակապետական այս ռեժիմը շատ ավելի վատն է, ազգային գոյատեւման տեսանկյունից՝ շատ ավելի վտանգավոր ու կործանարար, քան անգամ օտարի իշխանությունը։ Այս պնդումն առաջին անգամ անելիս ինձ հարց տվեցին. «Այդ թվում նաեւ թուրքակա՞ն»։

Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում այնպիսի մի ժամանակահատված, որի մասին արձանագրված լինի, թե հայությանն իր երկրից դուրս մղելու ծրագրված քաղաքականություն է իրականացվել որեւէ օտար իշխանության կողմից։ Օտար նվաճողի կողմից Հայաստանից հայության դուրս մղման առաջին հանցավոր քաղաքական ծրագիր կազմվել ու գործողության մեջ է դրվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ձեւակերպվեց «Հայկական հարցը», ինչի քաղաքական հեռանկարը կարող էր լինել Արեւմտյան Հայաստանի անկախացումը։ Դա կանխելու նպատակով օսմանյան կառավարության կողմից մշակվեց ու գործի դրվեց «յոթ վիլայեթներից» հայության տեսակարար կշիռը նվազեցնելու ծրագիր, որը պիտի իրականացվեր նաեւ նրանց ունեզրկման եւ իրավազրկման միջոցով արտագաղթի մատնելու ճանապարհով։ Այդ ծրագրով էին առաջնորդվում ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ երիտթուրքերը։ Սակայն ամբողջ քառասուն տարվա ընթացքում (բացառյալ համաշխարհային պատերազմը՝ 1915թ. Ցեղասպանությամբ) որեւէ մեկը չի կարող գտնել որեւէ 6 տարի, երբ Արեւմտյան Հայաստանից խաղաղ պայմաններում արտագաղթած լինի ավելի շատ մարդ, քան այսօրվա Հայաստանից՝ Ս. Սարգսյանի իշխանության 6 տարիների ընթացքում։ Սա էլ է փաստ։ Որեւէ մեկը ցույց չի տվել հակառակը հավաստող մի աղբյուր։

Ինչո՞ւ է ավազակապետական իշխանությունը դիմում քայլերի, որոնց չի դիմում անգամ նվաճող օտարը։

Խնդիրը իշխանության օրինակարգության մեջ է։ Չխոսենք պատմական կտրվածքով՝ ժառանգման, կամ այսօրվա կտրվածքով՝ ընտրության (ժողովրդից ստացած քվեի) իրավունքով իշխանությունների օրինակարգության մասին ու ներկա ռեժիմը չհամեմատենք դրանց հետ։ Համեմատությունը տանենք ամենավատ՝ օտար նվաճողի իշխանության հետ։ Անգամ օտարի իշխանությունը, ճիշտ է՝ յուրատեսակ, բայց օրինակարգության ինչ-որ աստիճան ունի՝ նվաճման եւ ուժի իրավունքով։

Օտարը նվաճված ժողովրդին նայում է որպես սեփականության, աշխատուժի, որին շահագործելով՝ պիտի հարստացնի ու հզորացնի սեփական պետությունը։ Օժտված հաղթողի հոգեբանությամբ՝ նա շահագործումը իրականցնում է իր կողմից օրենքով հաստատված հարկերի միջոցով։ Գողանալն ու կողոպտելն անիմաստ է (խոսքն առանձին չինովնիկների մասին չէ), քանզի ավելին ստանալու համար կարող է պարզապես օրենքով ավելացնել հարկերը։ Բայց այստեղ էլ միշտ գործել է բանական մի սահման. արտադրող ուժին պետք է թողնել այնքան, որն ապահովի նրա վերարտադրությունը եւ դրա միջոցով սեփական տնտեսության զարգացումը։ Նույնիսկ վիմագիր արձանագրություն կա այն մասին, թե ինչպես մոնղոլական ամենածանր լծի պայմաններում անգամ տեւական ժամանակով հարկերից ազատվել է Անին՝ իր հարակից շրջաններով՝ այստեղից աղքատության հետեւանքով ծայր առած արտագաղթը կանխելու համար։ Այսինքն (եթե քաղաքական խնդիր չկա)՝ որքան ունեւոր է հպատակը, այնքան ավելի մեծ է սեփական տնտեսությունը զարգացնելու եւ ավելի շատ հարկեր վճարելու նրա ունակությունը։ Իսկ որքան մեծ է ու կայուն պետության հարկային բազան, այնքան հզոր է պետությունը, եւ կայուն է նրա իշխանությունը։ Որպես կանոն՝ սա է նույնիսկ օտար նվաճողի՝ իր իշխանությունը ամրապնդելու, ինքնապահպանման կարեւոր մեխանիզմներից մեկը։

Բոլորովին այլ է ավազակապետական իշխանության ինքնապահպանման ներքին տրամաբանությունն ու մեխանիզմը։ Եւ դա բխում է օրինակարգության որեւէ տարատեսակ չունենալու, օրինակարգության իսպառ բացակայության հիմքից։ Նման իշխանությունը ժողովրդին նույնիսկ որպես իր սեփականություն, որպես արտադրող ուժ չի նայում։ Ի տարբերություն հաղթողի հոգեբանությամբ օժտված օտարի՝ ավազակապետական իշխանությունը տառապում է գողի, ավազակի հոգեբանությամբ։ Նրա համար իր իշխանությանն սպառնացող միակ վտանգը հենց սեփական ժողովուրդն է, որից նա գողացել է իշխանությունը ։ Իսկ այդ վտանգը չեզոքացնելու համար այլ մեխանիզմ չկա, քան վերջինիս կողոպտելով, իրավազրկելով, աղքատության, անճարության, հուսալքության, բարոյալքության մատնելով՝ արտագաղթի մղելը։ Նորից հիշենք այսպիսի մի առիթով նախկին տխրահռչակ վարչապետի բերանից թռած խոսքը. «Թողնենք մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»։ Այսինքն, որքան էլ սահմռկեցուցիչ, բայց փաստ է, որ հայ ժողովրդին խաղաղ պայմաններում իր հայրենիքից արտագաղթի մղելու ազգասպան քաղաքական ծրագիր իրականացվել է երկու անգամ։ Առաջին անգամ դա արել է օսմանյան իշխանությունը Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի շրջանում՝ խուսափելու համար տարածքային կորուստներից, երկրորդ ծրագրի հեղինակը այսօր Հայաստանում գործող ռեժիմն է՝ հանուն իր իշխանության պահպանման։

Ո՞րն է ռեժիմի սոցիալական բազան։

Հասկանալի է՝ դա կեղեքվող եւ իրավազրկված ժողովուրդը չէ։

Դա նաեւ պետական պաշտոնեությունը չէ, եթե անգամ նրա մի մասը որպես գործիք է օգտագործվում կոռուպցիոն բուրգում։ Վերջինս, եթե անգամ օգտվում է «իշխանական կերակրատաշտից», սակայն միշտ «փշերի վրա է»՝ որ ցանկացած պահի ոչ միայն կարող է աշխատանք կորցնել, այլեւ պատժվել «վերեւինների» հրահանգով։ «Փշերի վրա» գտնվելու հոգեբանական վիճակը ոչ մի կերպ չի փոխհատուցվում անգամ որոշ նյութական բարեկեցությամբ։ Նրանց զսպող գործոնը վախն է։

Ռեժիմի սոցիալական բազան նաեւ գործարար, այդ թվում՝ նաեւ խոշոր գործարար խավը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այս խնդիրն  արդեն մանրամասն ներկայացված է Համաժողովրդական շարժման սկզբում, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2007թ. դեկտեմբերի 8-ի հանրահավաքային ելույթում (տե՛ս, «Վերադարձ», էջ 120-122)։

Հասարակության բոլոր խավերն անխտիր ռեժիմի թիրախներն են՝ իրականացնելու համար Ս. Սարգսյանի՝ «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու գերնպատակը՝ որպես իշխանության հարատեւման երաշխիք։ Խոշոր գործարարների հետ կապված՝ հասարակության մեջ տարածված մի համոզմունք կա. Ս. Սարգսյանը իր մերձավոր հարազատների միջոցով «50-50 փայ» է նրանց մեծ մասի հետ։ Արդ՝ ինչո՞ւ է Ս. Սարգսյանը աշխատում «50-50 փայ» մտնել խոշոր գործարարների բիզնեսներում։ Ասենք՝ ոչ թե ամբողջությամբ վերցնում է 10 բիզնեսից 5-ը, այլ յուրաքանչյուրում՝ 50%-ը։ Առաջին դեպքում գործարարը, թեկուզ իր ունեցածի կեսով, կշարունակի մնալ որպես անկախ եւ, որպես այդպիսին՝ քաղաքական իմաստով վտանգավոր։ Երկրորդ դեպքում, պատկերավոր ասած՝ Ս. Սարգսյանը ձեռնաշղթայի մի օղակը հագցնում է իր ձեռքին, մյուսը՝ գործարարի։ Որպեսզի վերջինս «փախչելու տեղ» չունենա։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը վախենում է նաեւ խոշոր գործարարներից։ Քանզի վերջիններս ոչ միայն «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու հարցում նրա գործիքներն են, այլև, վերջին հաշվով, նաեւ թիրախները, պոտենցիալ զոհերը. ցանկացած հարմար պահի «50-50»-ը կարող է դառնալ «70-30», «90-10», նույնիսկ՝  (100-0)։ Եւ քաղաքական ակտիվության տեսակետից խոշոր գործարարներին զսպողն էլ նույն վախի գործոնն է։

Ավազակապետական ռեժիմի թիրախը ողջ հասարակությունն է՝ իր բոլոր շերտերով։ Հայաստանի ժողովուրդը շուրջ մեկուկես տասնամյակ չհամակերպվելով, իր  ակտիվ պայքարով հոգեվարքի է հասցրել նրան։ Ս. Սարգսյանը ռեժիմի վերակենդանանացման վերջին հույս է դիտում, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխումները»։ Վերջին այդ հույսից նրան զրկելուց հետո այլ բան չի մնա, քան վերջապես կատարել գողացված իշխանությունը դրա իրական ու սահմանադրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին հանձնելու միակ խոհեմ քայլը։

—————

Հ.Գ. Այս տարվա ապրիլին Քառյակի նշանակած առաջին հանրահավաքից խուճապահար՝ Ս. Սարգսյանն անմիջապես ազատեց վարչապետին։ Հիմա նրա խուճապը շատ ավելի մեծ է դեռ հանրահավաքը չնշանակած, այնքան, որ նա, քաղաքական հակադարձման որեւէ փաստարկից զուրկ, հանձնարարել է ոստիկանապետին, ի տես բոլորի՝ «զորավարժություններ» կազմակերպել ու իր պաշտոնական դիրքին անհարիր եւ լիազորություններից դուրս սպառնալիքներ տալ մաքուր քաղաքական գործընթացների առիթով։ Սա, իրոք, վերջն է։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Այվազովսկու փողոցում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել կալանավորին’