‘Խմբագրական. Տիգրան Առաքելյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի’

2642

Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ժամանակահատվածում Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել միայն  մի երկու ամիս ՝ 2011-ի ամռան առաջին ամիսներին:  Շատ հատկանշական է Սերժի վարչակարգի համար, որը սիրում է խոսել բարեփոխումներից, առաջընթացից, իր արեւմտամետ, ռոքեր, բարեպաշտ քրիստոնյա եւ նույնիսկ՝ հեղափոխական վարչապետով, իր առաջադիմական մամուլով, եվրոպական արժեքներ «դավանող» քաղաքական արբանյակներով, բարձր հովանու ներքո «քրեաօլիգարխիայի» դեմ պայքարող խմբագիրներով եւ վերլուծաբաններով, այս ամենով հանդերձ՝ ունենալ քաղբանտարկյալի հարց: Իհարկե, Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներին տեւական ժամանակ կային տասնյակ քաղբանտարկյալներ (կարծես՝ աննախադեպ թիվ՝ անկախ Հայաստանի պատմության համար), իսկ 2011-ից այս կողմ խոսքը մեկ հոգու մասին է: Սակայն հարցն այստեղ քանակը չէ, այլ քաղբանտարկյալի առկայության փաստի խորհրդանշական կարեւոր բնույթը: Փարիսեցիական երկդիմությունը ներկա վարչակարգի ամենաբնորոշ գիծն է: Իշխանության փաստացի վերահսկողության տակ գտնվող ընդդիմադիր գործիչներից ոմանք, ինչպես նաեւ՝ «անկախ» ԶԼՄ դաշտի ներկայացուցիչները, ժամանակ առ ժամանակ սիրում են խոսել այն բանի մասին, որ Սերժի օրոք մամուլն ավելի ազատ է դարձել, ընդհանրապես՝ Սերժն ավելի բարի է, առաջադեմ եւ այլն: Փաստերը, սակայն, հակասում են այս խոհանոցային մակարդակի «վերլուծական» պնդումներին: Էական տարբերություն չկա նախկինի եւ ներկայի միջեւ: Պարզապես փոխվել է համակարգը՝ դառնալով ավելի «ճկուն»: Օրինակ, եթե անցյալում իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլը խփում էր ընդդիմությանը կացնային միջոցներով, ապա այժմ վարչակարգը որդեգրել է ավելի «կրիածիվ» մեթոդներ՝ ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, ե՛ւ նրանց կողմից հովանավորվող մամուլը չեն խորշում վերարտադրել ընդդիմադիր լեզուն, քննադատել իշխանությանը, բայց նրանց հիմնական խնդիրը մնում է անզիջում պայքարը իշխանության տեսակետից իրական վտանգ ներկայացնող ցանկացած ընդդիմադիր դրսեւորման դեմ: Արդյունքում՝ գոհ են գործարքի բոլոր կողմերը՝ կարելի է համագործակցել իշխանության հետ, բայց մնալ «սկզբունքային», իշխանությունն էլ կարող է «ազատություն» խաղացնել, բայց էությամբ մնալ բռնապետական: Բայց ամենախոսուն փաստն այս շինծու իրականության դեմ մնում է քաղբանտարկյալի առկայությունը Հայաստանում: Անկախ Հայաստանի պատմության մեջ, իհարկե, եղել են քաղաքական բանտարկյալներ, սակայն երբեք չի եղել այնպես, որ այդ վիճակը տեւի տարիներ շարունակ, որեւէ մեկի կառավարման ողջ ընթացքում: Քաղբանտարկյալով դեպի եվրաինետգրում՝ սա է «առաջադեմ» Սերժ Սարգսյանի փաստացի կարգախոսը:

Հատկանշական է, իհարկե, որ Հայաստանի միակ քաղբանտարկյալը շարունակում է մնալ ՀԱԿ ներկայացուցիչը: Սա չենք ասում այլ քաղաքական ուժերին նսեմացնելու կամ էլ ՀԱԿ-ին բարձրացնելու համար: Ո՛չ ՀԱԿ-ն է անբիծ եւ սուրբ, ո՛չ էլ մյուս ուժերն են համատարած ու պարտադիր՝ իշխանության հետ գործակցող: Պարզապես այնպես է ստացվել, որ չնայած Կոնգրեսն ունեցել է վերելքի եւ անկման փուլեր, ուժեղացել կամ թուլացել է, իշխանությունը շարունակում է վտանգ տեսնել հենց այդ ուժից: Ի վերջո՝ դա հենց իր՝ Սերժ Սարգսյանի գնահատականն է իրավիճակին, որի մասին վկայում է ոչ միայն քաղաքական հալածանքի շարունակականությունը ՀԱԿ-ի նկատմամբ, այլեւ Սերժի տակ գտնվող մամուլի թիրախավորումը:

Հետաքրքրիր է, որ Սերժի ռեժիմի քաղբանտարկյալը մնում է Տիգրան Առաքելյանը՝ շարժման շարքային անդամ՝ շարքային, բայց ոչ աննկատ ու աննշան: Նա կարծես խորհրդանշում է 2008-ից ծավալված Շարժման այն հատվածը, որն, ի վերջո, հավատարիմ եւ աննահանջ մնաց: Ի տարբերություն ակնառու շատ գործիչների, որոնք այս կամ այն պատճառը բռնելով՝ փաստացի հրաժարվեցին պայքարից, Տիգրանի նման երիտասարդները դարձան այն հենքը, որի շնորհիվ մի պահ քայքայման եզրին գտնվող ընդդիմադիր ուժը կարողացավ վերածնվել եւ վերանորոգվել: Քավ լիցի, խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը համաձայն չէր ՀԱԿ-ի ռազմավարության հետ եւ դուրս եկավ ՀԱԿ-ից. դա յուրաքանչյուրի իրավունքն է: Խնդիրն այն է, թե ինչ եղավ հետո: Դուրս գալով կառույցից՝ «ականավորների» մեծ մասը ոչ մի իրական այլընտրանքային ուղի՝ ծրագրային թե գործնական, առաջարկել ի զորու չեղավ, եւ նրանց միակ գործառույթը մնաց իրենց նախկին ուժի՝ տեղին եւ անտեղի քննադատությունը, ինչը նույնիսկ քննադատության անկեղծ լինելու դեպքում չի կարող բավարար լինել՝ հասարակությանն իրական քաղաքական այլընտրանք ներկայացնելու առումով: Ցավալի է, բայց քաղաքական գաղափարների, ծրագրերի իրական մրցակցային դաշտ մեր ընդդիմադիր դաշտում այդպես էլ չկայացավ, փոխարենը բազմացավ իրական ռեսուրս չունեցող եւ միայն ուրիշի գործողությունների կազմաքանդմամբ զբաղվող խմբերի եւ խմբիկների քանակը՝ այնքան ավելի անհանդուրժող, որքան ավելի փոքր է տվյալ խումբը: Բայց սա այլ թեմա է:

Ինչպես գրել էր համացանցային մի ԶԼՄ, ՀԱԿ-ում չեն մնացել ականավոր գործիչներ, այլ միայն «համեստները»: Կայքը դա գրել էր բացասական իմաստով, բայց կարծում եմ՝ իրականում սա դրական փաստ է: Հայ հասարակությունը ոչինչ չունի ակնկալելու ինքնասիրահարված «ականավորներից»: Տիգրան Առաքելյանի նման «համեստներն» ավելի վտանգավոր են այսօր վարչակարգի տեսակետից, եւ իշխանական ԶԼՄ-ների գովքի փոխարեն, որն առատորեն ստանում են շատ «ականավորներ», ստացել է 6 տարի ազատազրկում: Շատերը դեռ չեն նկատում, բայց Տիգրանի ընկերներն ու հասակակիցներից ոմանք, որոնց ավանդաբար շարունակում են կոչել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ, արդեն հասարակական լիդերների են վերածվել եւ նույնիսկ ֆորմալ առումով էլ կուսակցության ղեկավար մարմնի անդամներ են, ինչպես, օրինակ, Տիգրանի հետ նույն գործով անցնող Սարգիս Գեւորգյանի եղբայրը՝ Արեգ Գեւորգյանը: Մինչ շատերը միայն խոսում են սերնդափոխության եւ նոր դեմքերի անհրաժեշտության մասին, այդ խնդիրն արդեն լուծվում է բնականոն կերպով՝ պայքարի փորձն ինքնաբերաբար բարձրացնում է նոր մարդկանց: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի հասարակական դեմքերը ծնվում են ոչ թե ինչ-որ մեկի գրավոր ցանկությամբ կամ վերլուծությամբ, այլ հասարակական բուն գործընթացից: Այնպես որ՝ զուր չեն ո՛չ Տիգրանի, ո՛չ էլ մյուսների կրած զրկանքները: Դրանք, թեկուզ առայժմ՝ դանդաղորեն, ձեւավորում են հասարակական նոր որակներ՝ այլ հասարակական գործընթացների արդյունքներին զուգահեռ: 

Նախորդ հոդվածը‘Ապօրինությունների ռեկորդային քանակ’
Հաջորդ հոդվածը‘Թոշակառուները հավաքվել են փոստային բաժանմունքի մոտ և պահանջում են թոշակները’