‘Խմբագրական. Ցինիկ պրագմատիզմի եւ անրջային ռոմանտիզմի միջակայքում’

2175

Պահանջատիրությունը մեր պետական քաղաքականության կարեւորագույն խնդիրն է, համարում է ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը: Այդ հայտարարությունը հիրավի սենսացիոն է՝ որպես պետական շահի անվան տակ պետական եւ քաղաքական մտածողությանը լիովին հակադիր մոտեցում արտահայտող դեմագոգիա: Իհարկե, կասկածներ կան, որ պարոն Շարմազանովը մինչեւ վերջ չի էլ հասկանում պահանջատիրություն եզրի նշանակությունը կամ դրա ինչ-որ յուրովի մեկնաբանություն ունի: Պարզ է նաեւ, որ նրա «բոցաշունչ» ելույթի թիվ մեկ մոտիվացիան ոչ թե բուն հայ-թուրքական խնդիրն էր (այս հարցում նա, իր շեֆի պես, շատ ճկուն է, եւ որպես արժանի «պարծիական»՝ շարժվում է օրվա կուրսով), այլ Տեր-Պետրոսյանին հակադրվելն էր, առաջին նախագահի խոսքի հաշվին ինքնահաստատվելը: Բայց, ճիշտն ասած, նույնիսկ այդ «սուրբ» նպատակը չի կարող արդարացնել նման կարգի դեմագոգիան (թեեւ թվում է՝ իշխող խմբի ներուժը դեմագոգիայի ոլորտում անսպառ է, բայց «արի ու տես», որ նորանոր սահմաններ նվաճելու տեղ միշտ էլ կա):

Նախքան բուն ասելիքը՝ մի քանի կարեւոր ճշտում:

Տեր-Պետրոսյանի հետ չհամաձայնել կարելի է, բայց դեմագոգիան՝ անթույլատրելի

Ա՛յն, որ հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ՝ Արցախյան խնդրում Տեր-Պետրոսյանի մոտեցումների մեջ՝ ընդհանրապես, եւ վերջին շրջանի հրապարակումներում կարող են լինել վիճելի կետեր, պարզաբանում պահանջող հարցեր, քննարկելի դրույթներ, կամ էլ թեկուզ տարբեր մարդկանց համար այդ մոտեցումները կարող են անընդունելի լինել նաեւ հայեցակարգային մակարդակում, բնական է եւ նորմալ (առաջին նախագահն ինքն էլ շեշտում է, որ իր ասածները վերին ատյանի ճշմարտություն չի համարում): Ինչ ասեմ, հենց թեկուզ տողերիս հեղինակն էլ հարցեր եւ վերապահումներ կարող է ունենալ առաջ քաշած դրույթների մի մասի հետ: Բայց տվյալ դեպքում խոսքը սրա մասին չէ: Համաձայնել կամ չհամաձայնել Տեր-Պետրոսյանի հետ՝ մի բան է, իսկ պահանջատիրությունը հռչակել պետական քաղաքականության անկյունաքար՝ լրիվ այլ:

Եվս մի նախնական ճշտում: Կարող է թվալ (եւ շարմազանովյան տիպի դեմագոգիայի նպատակներից մեկն էլ հենց նման թվացյալ վիճակի ստեղծումն է), որ խոսքն իբր «հայրենասիրական»-«ոչ հայրենասիրական», «թուրքերին մարդ համարել-չհամարելու» կամ էլ պատմական հիշողությունից հրաժարվել-չհրաժարվելու նման հարցերի շուրջ բանավեճի մասին է: Բնականաբար՝ նման բան չկա եւ չի կարող լինել: Որեւէ հայ, թե՛ ազգային, թե՛ մարդկային տեսակետից, գտնվելով առողջ բանականության մեջ, չի կարող հրաժարվել պատմական հիշողությունից, առավել եւս՝ ցեղասպանության նման աննախադեպ ողբերգության հիշողությունից: «Թուրքն էլ է մարդ, պետք է կարողանանք ներել» տիպի մոտեցումները քաղաքականապես նույնքան դեմագոգիկ են, որքան «Ստամբուլը դարձնենք արյան ծով» տիպի մտածողությունը (թուրքերն, իհարկե, մարդ  են, բայց խնդիրն էլ այն է, որ մարդիկ հենց մարդկանց հետ են խնդիրներ, այդ թվում՝ կոնֆլիկտներ ունենում, այլ ոչ թե, ասենք, էշերի կամ ընձառյուծների):

Ավելին՝ անուժ, հռչակագրային «պահանջատիրությունը» անհասկանալի է ոչ միայն իրապաշտական, քաղաքական, այլեւ, եթե կուզեք, հենց հայ ազգայնականության տեսակետից: Կարծեմ ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը դեռ ազգայնականությունն է, ընդ որում՝ դրա բավականին կոշտ՝ ցեղակրոնության տարբերակով, որի ոգուն եւ տառին նախ սեփական ուժերին չապավինող, սեփական զորությունից չբխող, աշխարհի արդարամտությանը եւ թուրքի խղճին փաստացի դիմող «պահանջատիրությունը» խստորեն հակասում է:

Ազգային նողկալի անպատասխանատվություն

Իսկ ի՞նչ է պահանջատիրությունը, եւ ինչո՞ւ դա չի կարող կապ ունենալ պետական քաղաքականության հետ: Հայոց պահանջատիրությունը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ՝ ա. ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից (այլ երկրների կողմից ցեղասպանության ճանանաչում պահանջելու խնդիրը դնենք մի կողմ, քանի որ պարզ է, որ տվյալ դեպքում առաջնայինը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն է), բ. ցեղասպանության փոխհատուցման հարց: Փոխհատուցման ի՛նչ լինելը տարբեր կերպ կարող է մեկնաբանվել: Մեր ժողովրդի մեծ մասը որպես լիարժեք փոխհատուցում է ընկալում հայկական հողերի վերադարձը, բայց «պրոֆեսիոնալ» պահանջատերերն ավելի զգույշ են եւ նախըտրում են խոսել դրամական, գույքային եւ նման փոխհատուցման մասին:

Մարդկային տեսակետից՝ սրանք միանգամայն արդարացի պահանջներ են: Թերեւս՝ իրավական տեսակետից էլ դրանց մեծ մասն արդարացի է, թեեւ՝ ոչ միշտ իրագործելի (օրինակ, միշտ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա եւ ի՞նչ ձեւով պետք է փոխհատուցվի գույքը կամ դրամը, չէ՞ որ ցեղասպանությունը վերապրածներիս մեծ մասը չունի մեր նախնիների սեփականությունը վկայող որեւէ փաստաթուղթ): Ամեն դեպքում, զուտ իրավական հարցերն ավելի ստույգ կարող են բացահայտել իրավաբանները՝ թողնենք այդ հարցն իրենց:

Հիմա հասկանանք, թե արդյո՞ք այս ծրագիրը կարող է համարվել նորմալ եւ ընդունելի՝ պետական եւ քաղաքական տեսակետից: Ճիշտն ասած, նույնիսկ անհարմար եմ զգում գրել սրա մասին՝ այնքան ակնհայտ եւ պարզ է (վստահ եմ՝ նույնիսկ Շարմազանովին եւ բոլոր մնացածներին), որ հարցի պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, նման ծրագիրը չի կարող համարվել նորմալ քաղաքական եւ մանավանդ պետական քաղաքական ծրագիր: Քաղաքականապես ընդունելի կարող է համարվել միայն այն ծրագիրը, որն առաջ քաշողը, նախ, համարում է դա իրագործելի, այն էլ՝ ոչ թե տեսական ու անկանխատեսելի ապագայում, այլ կա՛մ այսօր, կա՛մ էլ մոտակա՝ հաշվարկելի ապագայում: Իհարկե, ցանկացած մարդկային հաշվարկ էլ կարող է սխալ դուրս գալ, բայց դա, տվյալ դեպքում, ոչինչ չի փոխում հարցի էության մեջ, եւ երկրորդ՝ եթե այդ ծրագիրն առաջ քաշողը ներկայացնում է հանրությանը այն քայլերը, այն միջոցները եւ այն ռեսուրսները, որոնցով նա պատրաստվում է ծրագիրը կյանքի կոչել՝ հաշվի առնելով նաեւ իրագործման ճանապարհին հնարավոր կորուստների ողջամիտ չափը:

Հիմա, եթե որեւէ մեկը կարող է ապացուցել, որ այսօր եւ մոտակա՝ հաշվարկելի ապագայում ինքը կարող է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հողային, դրամային, գույքային եւ այլ փոխհատուցումներ անել Հայաստանին եւ հայերին, եթե այդ մեկը կարող է ներկայացնել նման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համոզիչ քայլերի հերթականություն, միջոցների ցանկ եւ ռեսուրսների հաշվարկ՝ հընթացս համոզելով նաեւ, որ մեծ եւ անդառնալի կորուստների ռիսկը նվազագույն է, եթե, վերջապես, այդ մեկը ի զորու է համոզել, որ այդ ամենին Հայաստան պետությունը կարող է հասնել թեեւ դաշնակիցների աջակցությամբ, բայց, նախ եւ առաջ, սեփական ուժերով, ապա, որեւէ ողջամիտ մարդ ոչ միայն դեմ չի կարող լինել նման ծրագրին, այլեւ պետք է այդ ծրագրի իրագործման առաջին շարքերում հայտնվի: Սակայն, մեղմ ասած, խիստ կասկածում եմ, որ Հայաստանում կա որեւէ մեկը, ով նման ծրագիր ունի կամ կարող է ունենալ:

Պետությունն իրավունք չունի իր առաջ դնել ծրագրեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ իրավիճակային քաղաքական հաշվարկով՝ դա ոչ միայն անհեթեթություն է, այլեւ, եթե ուզում ենք իրերը կոչել իրենց անուններով՝ պետության նկատմամբ հանցանքի եզրին է, հասարակությանը մոլորեցնելու վատագույն կերպերից է, իսկ ազգային տեսակետից՝ նողկալի անպատասխանատվություն: Եթե կարծում եք, որ չափազանցում եմ, ապա, ասեք խնդրեմ, ինչպե՞ս կոչեմ մարդկանց, որոնք իրենց անձնական կյանքում ղեկավարվում են իրապաշտական հաշվարկով, իսկ, ահա, երբ հարցը վերաբերում է ազգին եւ պետությանը՝ պարտադրում են անպատասխանատու, իրականության հետ կապ չունեցող, զուտ ճարտասանական, կեղծ հայրենասիրական մոտեցումներ: Ի՞նչ պահանջատիրություն, տղերք: Դուք լուրջ մտածում եք, թե հասնելու եք նրան, որ թուրքերը մեզնից ներողություն խնդրեն, Կարսը վերադարձնեն ու ամեն մեկիս մի հատ ամառանո՞ց կառուցեն «Էրզրումի հայոց լեռներում», եւ ամենակարեւորը՝ այդ ամենն անելու են ոչ թե ուժի պարտադրանքով, այլ հանուն վերացական արդարության եւ հայի գեղեցիկ աչքերի՞:

«Ռոմանտիկ» ցինիզմը

Եթե հարցին զուտ տեսական մոտենանք, ապա նման անրջային մոտեցումը վերադարձ է նույնիսկ ոչ թե 19-րդ դար, այլ ուղիղ միջնադար, այն էլ՝ միջնադարի մի որոշ՝ հայոց պատմության ամենամութ եւ մռայլ փուլ: Իրոք, նույնսիկ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին հայկական քաղաքական ուժերը, իրենց բոլոր թերություններով հանդերձ, նման «պահանջներով» հանդես չեն եկել այն պահից, երբ Խրիմյան Հայրիկն իր հայտնի խոսքն ասաց երկաթե եւ թղթե շերեփների մասին: Իհարկե, այն ժամանակվա մեր հիմնական  քաղաքական ուժերի պահանջները նույնպես շատ հաճախ իրատեսական չեն եղել եւ հանգեցրել են կորուստների, բայց երբեք չեն հասել վերացականության եւ անիրատեսության նման աստիճանի, ինչ այսօրվա պահանջատիրությունը: Նույնիսկ Իսրայել Օրին, որին այդքան սիրում ենք հիշատակել՝ որպես անիրատեսության օրինակ, իր ծրագրերը փորձում էր ինչ-որ կերպ հիմնավորել հաշվարկներով, փորձում էր համոզել օտար տիրակալներին, որ Հայաստանն ի զորու է ազատագրվել սեփական ուժերով, միայն թե պետք է քրիստոնյա որեւէ պետության սիմվոլիկ ռազմական ներկայությունը: Ես չգիտեմ, թե ի՛նչ գրքերով ու սկզբնաղբյուրներով են ուսումնասիրել հայոց պատմությունը ՀՀԿ պատգամավորները, գուցե Դեմիրճյանի Վարդանանքից այն կողմ չեն էլ անցել, բայց Շարմազանովը ճիշտ է մի բանում, երբ ասում է, որ ներկայիս փուլն աննախադեպ է հայոց պատմության մեջ: Իրո՛ք աննախադեպ է՝ իր դեմագոգիկ անապտասխանատվությամբ:

Իհարկե, այլ բան է, որ բոլորս էլ հասկանում ենք, որ պարոնայք հանրապետականներին ո՛չ պատմական Հայաստանի հարցն է հուզում, ո՛չ էլ սերունդների հիշատակը: Նրանց քաղաքականությունը միայն ձեւով է «ռոմանտիկ» եւ երազկոտ: Ինչպես հաճախ պատահում է, «ռոմանտիզմի» քողի տակ թաքնված է ամենացինիկ պրագմատիզմը: Ու եթե մենք մեր մոտեցումը կոչում ենք իրապաշտական, ապա, ի համեմատություն հանրապետականների այդ պրագմատիզմի, մենք անհույս իդեալիստներ ենք, որոնք դեռ կարծում են, որ խնդրո առարկա հարցերն իրական արժեք ունեն, որ սահմաններ կան, որոնք որեւէ իշխանություն անցնել չի կարող՝ հանուն համապետական, վերխմբային շահերի: Պարզ է, որ այդ մարդկանց իրականում հետաքրքրում է մեկ բան՝ էժան քաղաքական կապիտալ շորթել կեղծ հայրենասիրական դեմագոգիայով, ու թքած, թե հեռանկարում դրանից ինչպես կտուժեն պետության շահերը, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ շատ շոշափելի նյութական շահույթներ կորզել՝ մոլորեցնելով Սփյուռքը եւ խաղալով սփյուռքահայերի ազգային զգացմունքների վրա:

Հ.Գ. Պարզ է նաեւ, որ երբ ասում ենք, թե պահանջատիրությունը, որպես պետական քաղաքականություն, անիրատեսական, հետեւաբար եւ՝ վնասակար է, դա չի նշանակում, որ այդ պնդումը ճիշտ է բոլոր հնարավոր քաղաքական եւ պատմական իրավիճակների համար: Տեսականորեն՝ չենք կարող բացառել ապագայում մի իրավիճակ, երբ հայկական պահանջները Թուրքիայի նկատմամբ իրագործելի դառնան (հիմնված ոչ թե «աշխարհին» պահանջներ ներկայացնելու, այլ, նախ, սեփական ուժի վրա): Այս աշխարհում ոչ մի բան հավերժ չէ, հավերժ չեն նաեւ պետությունները, միջազգային կարգերը, սահմանները, ուժային փոխհարաբերությունները: Բայց որեւէ մեկն այսօր չի կարող հաշվարկել այդ իրավիճակը եւ կանխատեսել այն: Երբ դա լինի, այդ ժամանակ էլ իմաստ կունենա դրանից խոսել:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Դատավորը Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակումը փորձում է ներկայացնել որպես անձնական հաշվեհարդար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Սերժն ու մյուսները Չինաստանում’