‘Դատավորը Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակումը փորձում է ներկայացնել որպես անձնական հաշվեհարդար’

1144

Մարտի 24-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործով դատական նիստը: iLur.am-ի հետ զրույցում Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ նիստի ժամանակ թե՛ դատավոր Վարդան Ստեփանյանը, թե՛ մեղադրյալները փորձում էին գործին այնպիսի ընթացք տալ, որ այն դիտարկվի որպես անձնական հաշվեհարդար: «Ցավալի է, որ ամեն ինչ արվում է, որ դեպքի իսկական մեղավորները պատասխանատվություն չկրեն: Դատարանում ներկայացված անձը միայն կատարող է: Նիստի ընթացքում դատավորը ակնհայտ խուսափում էր գործը քաղաքականացնելուց, իսկ երբ ես էի դա անում, նրանք ծանր էին տանում: Այնպիսի տպավորություն էր, թե ես եմ հանցագործը: Ավելին՝ փորձ էր կատարվում արագացված դատական կարգ կիրառել, սակայն ես դեմ արտահայտվեցի դրան»,- ասաց Աշոտ Փիլիպոսյանը՝ հավելելով, որ հարձակումը միանշանակ քաղաքական հաշվեհարդար էր, իսկ դատական նիստը՝ խեղկատակություն:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 30-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյանները հարձակում էին գործել Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:

Ընդգծենք նաեւ, որ այս դեպքից մեկ օր առաջ, իր տան շքամուտքի մոտ, հարձակման էր ենթարկվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Վերջինիս գործով նախաքննությունը ավարտվել է օրեր առաջ:

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկին առաջարկում է Մոսկվայի վերահսկողությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ցինիկ պրագմատիզմի եւ անրջային ռոմանտիզմի միջակայքում’