‘Խմբագրական. Փավստոսյան հասարակություն’

1759

Ինչպես եւ բազմաթիվ այլ հասարակական տիտղոսներ կամ բնորոշումներ՝ «սկզբունքային» գործիչ լինելը  ևս մեր երկրում առավելապես ինքնահռչակման արդյունք է: Այսինքն՝ որպեսզի լինես կամ ընկալվես որպես սկզբունքային, պետք է ինքդ քեզ հռչակես որպես այդպիսին եւ դիրքավորես՝ անկախ առարկայական հանգամանքներից: Սա նույն մեխանիզմն է, ինչ, օրինակ, հայրենասիրության  դեպքում՝ հայրենասեր է մեզանում նա, ով ինքն իր մասին այդպես է ասում: Նույնն է հաճախ, ի դեպ, նաև քաղաքագետի, վերլուծաբանի, նույնիսկ՝ հրապարակախոսի պարագայում: Ամենայն լրջությամբ՝ Հայաստանում կան հրապարակախոսներ, որոնց  որեւէ հրապարակային նյութ ոչ մեկին հայտնի չէ, չի հրապարակվել:

Շնորհիվ այս զարմանալիորեն հեշտ մեխանիզմի՝ Հայաստանում սկզբունքայնության պակաս կարծես չի զգացվում: Նույնիսկ գուցե ավելցուկ կա: Իրականությունը, սակայն, պակաս ոգեւորիչ է, որովհետեւ, հակառակի պես, որքան ավելի է որեւէ մեկը ներկայանում կամ ներկայացվում որպես սկզբունքային դիրքորոշման կրող, այնքան հաճախ ավելի կասկածելի է նրա այդ որակը: Ունենք սկզբունքայնության բազմաթիվ պատմություններ, որոնց տակ եթե փորես, չես գտնի ոչինչ՝ բացի անձնական մանր հաշիվներից, մանկական անհամարժեք հավակնություններից, գաղտնի կապերից այն ուժերի եւ շրջանակների հետ, որոնց հետ այլոց հրապարակային կապերը հենց ինքը «սկզբունքայինը» քննադատում է իր «սկզբունքային» դիրքերից, պուճուրիկ նեղվածություններից, հասարակական տեսակետից երկրորդական-երրորդական նշանակության անձնական համակրանք-հակակրանքներից, կենցաղային պատմություններից եւ այլն:

Իհարկե, կարող ենք ասել, որ սա ոչ թե հայաստանյան, այլ համամարդկային խնդիր է: Դա այդպես է, սակայն կան նրբություններ: Կան, այսպես ասած՝ սկզբունքայնության տարբեր մակարդակներ, եւ խոսքը միայն բացարձակ անշահախնդիր, սրբակենցաղ վարքի մասին չէ, որի կրողներն իրոք փոքրամասնություն են բոլոր ժամանակներում եւ բոլոր տեղերում: Խոսքը ոչ այնքան զուտ բարոյական, որքան հասարակական կապերով կամ այդ կապերի թերիներով պայմանավորված խնդրի մասին է: Հասարակական սկզբունքային դիրքորոշման պակասը մեզանում պայմանավորված է ոչ թե ինչ-որ հրաշքով կամ, ասենք, գենետիկ թերիներով, այլ ավելի շոշափելի եւ առարկայական հանգամանքներով: Հասարակությունը կապերի ամբողջություն եւ բազմազանություն է: Նախնական պարզունակ համայնքից հասուն հասարակությունը տարբերվում է կապերի առավել բարդությամբ, բազմազանությամբ եւ աստիճանակարգմամբ, որոնց հիման վրա էլ ձեւավորվում են հասարակական, այդ թվում՝ քաղաքական եւ պետական հարաբերությունները: Մեզանում հիմնականում գործում են կապերի ամենապարզունակ ձեւերը՝ ընտանեկան-բարեկամական եւ, լավագույն դեպքում՝ ընկերական: Առաջինները բնորոշ են մեր հասարակության մեծամասնությանը եւ գյուղական-համայնքային կամ քաղաքային-թաղային կապերի այս կամ այն չափով ձեւափոխված տարբերակն են: Սրանց հիման վրա չեն կարող ձեւավորվել ոչ միայն արդի, այլեւ նույնիսկ հնատիպ, քիչ թե շատ արդյունավետ քաղաքական կամ պետական կառուցվածքներ: Պարզ է, որ երբ առաջնային է ազգակցական, ընտանեկան կապը, ապա հասարակական կառույցների փչացածության մակարդակը չափազանց բարձր է: Բայց մեր հասարակության համեմատաբար գիտակից, առաջադեմ եւ մտավորական համարվող շերտերը նույնպես շատ առաջ չեն գնացել հասարակական կապի այս՝ ամենանախնական ձեւից: Ազգակցական եւ ընտանեկան մակարդակից զատ՝ այստեղ գործում է, մեծ հաշվով, միայն ընկերական կապը: Սա մի քայլ առաջ է ընտանեկան-ազգակցականից, քանի որ ենթադրում է բնատուրից դեպի ավելի վերացական, մարդու ազատ կամքով ընտրված հարաբերություն, որի հիմքում կարող են ընկած լինել այլեւայլ արժեքներ, բայց սա նույնպես բավական չէ նորմալ գործող հասարակական կառույցների գործունեության համար՝ հասկանալի պատճառներով: Ավելի բարձր մակարդակի կապեր եւ գիտակցություն մեր հասարակության մեջ, ցավոք, գրեթե չի հանդիպում, իսկ եղածն այնքան քիչ է, որ լայն հասարակական կապերի հիմք չի կարողանում դառնալ: Արդյունքում՝ բոլորը դժգոհ են երկրում ստեղծված իրավիճակից, բայց հաճախ չեն ուզում գիտակցել, որ այդ վիճակն ընդամենը բոլորիս հավաքական դիմանկարն է, հայելին է, որն արտացոլում է մեր իրական ներուժը: Սա ընդհանուր արդյունքն է, որը մասնատվում է բազմաթիվ խնդիրների:

Օրինակ՝ բազմաթիվ անձինք, որոնք ունեն լիդեր կամ հեղինակություն դառնալու լուրջ ներուժ, որոշ մակարդակից այն կողմ ձախողվում են, որովհետեւ չեն կարողանում դուրս պրծնել նեղ միջավայրին բնորոշ գիտակցության եւ վարքի նորմերի կապանքներից՝ հասարակական մեծ դերակատարում ունենալով, նույնիսկ զրկանքների գնալով, հասարակական կապիտալ հավաքելուց հետո գահավիժում են մեծ արագությամբ, վերածվում են, լավագույն դեպքում, մասնավոր անձերի, իսկ վատագույն դեպքում՝ յուրահատուկ աղանդապետերի կամ էլ պարզապես ծաղրածուների: Անձնական մակարդակից էլ ավելի վեր՝ ամբողջ հասարակական շերտեր, խավեր, խմբեր չեն կարողանում ձեւակերպել իրենց բանականորեն հաշվարկելի շահը եւ գործել հանուն այդ շահի: Արդյունքում՝ ունենք ոչ այնքան հասարակություն, որքան համայնք կամ «համայնքների» չկարգավորված, անկապ բազմություն: Միայն նեղ միջավայրային՝ ընտանեկան կամ ընկերական կապերով կարգավորվող հասարակական հարաբերությունը օրինաչափորեն առաջացնում է իրականության ընկալման եւ վարքի պարզունակ՝ ապաբանական, հեքիաթային, անհետեւողական կաղապարներ: Իրար հաջորդող գործընթացները չեն դիտարկվում պատճառահետեւանքային, առարկայական լայն կապերի լույսի ներքո, այլ բացատրվում են որպես այս կամ այն անձի կամ փոքր խմբի կամայականության (հիմնականում՝ չարակամության) կամ էլ բնատուր ինչ-որ հատկանիշների դրսեւորում:

Եթե երբեւիցե կարդացել եք Փավստոս Բուզանդի պատմությունը, ապա, ամենայն հավանականությամբ, զարմացել եք, թե ինչպես են այդ պատմության մեջ իրական դեպքերը հենց տեղում «հեքիաթանում», ուռճացվում, գեղարվեստականացվում, եւ մեծ կարեւորության պատմական անցքերը ներկայացվում են որպես կենցաղային, անձնական, հուզական դրդապատճառներ ունեցող պատահականություններ՝ տրամաբանական շղթայից դուրս: Առավել զարմանալի է, որ այդ պատմությունը գրվել է դեպքերից ոչ այնքան ուշ՝ մի քանի տասնյակ տարի անց, եւ այն էլ՝ պարզապես արձանագրել է դեպքերի ժամանակակիցների պատկերացումը իրենց տեսածի եւ վերապրածի մասին: Այսինքն՝ գրեթե առցանց (օնլայն) ռեժիմով իրականությունը առասպելականացվել է: Մոտավորապես նույնը կարելի է ասել Հայաստանի քրիստոնեացման Ագաթանգեղոսի պատմության մասին: Ահռելի նշանակության պատմական իրադարձության մասին չունենք ոչ մի ստույգ տեղեկություն՝ շնորհիվ իրականության նույն միֆականացման: Ըստ երևույթին՝ մեր հասարակությունն իր իսկ ներկայի ընկալման եւ իր վարքի կաղապարներով այսօր առավել մոտ է մտածողության հենց այն տիպին, որը ներկայացնում են մեր այս երկու հին գրքերը, չնայած՝ դրանք նույնիսկ միջնադարյան մեր պատմագրական այլ երկերի համեմատ՝ առավել առասպելական են եւ անստույգ: Հեգելն իր պատմության փիլիսոփայության ներածականում գրում է, որ իրապատում պատմագրություն ստեղծում են այն հասարակությունները, որոնք գիտակցում են, թե ով են իրենք եւ ինչ են ուզում, իսկ մյուսները ստեղծում են միայն լեգենդներ եւ հեքիաթներ: Եթե լայնացնենք այս միտքը, ապա խնդիրն, իհարկե, միայն պատմագրությունը չէ, այլ նաեւ քաղաքականությունը, հասարակական վարքը, հասարակական գործընթացների նկարագրությունն ու վերլուծությունը:

Փավստոսի տիպի պատմությունների նույնիսկ դրական հերոսները հաճախ զարմացնում են իրենց արարքի անսկզբունքայնությամբ, անտրամաբանությամբ, դաժանությամբ, դավաճանությամբ, չափազանցությամբ, անկանխատեսլիությամբ, անհաշվարկելիությամբ: Բայց նրանք այսօր էլ ողջ են եւ ապրում են մեր մեջ, որովհետեւ ողջ են այդ դրսեւորումների առարկայական հիմքերը՝ ազգակցականից եւ ընկերականից բարձր հասարակական կենդանի կապերի բացակայությունը կամ  անբավարար քանակը: Չկան այդ կապերը՝ չկա շահերի սթափ հաշվարկ, եւ չկա իրականության բանական ընկալում՝ որպես օրինաչափությունների, այլ ոչ թե պատահականության արդյունք: Հետեւաբար՝ պակասում է իրական, այլ ոչ թե ինքնահռչակ սկզբունքայնությունը: 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը նոր պաշտոն ունի’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Ալիկ Սարգսյանը հրաժարվում է իր խոսքերից’