‘Խմբագրական. Փուչիկ Կարենի և նրա բուծած ջահելների հերթական ցուցքը’

3546

Նորություն չէ, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը ոչ միայն չի վիրավորվում, երբ Սերժիկ Սարգսյանի անձնական օգտագործման կուսակցության մանր ու միջին և խոշոր անդամներն իրենց պահվածքով ծաղրի առարկա են դարձնում Հայոց բանակը, այլև քաջալերում է նմաններին: Հակառակ դեպքում, օրինակ, Սեյրան Օհանյանը չէր հրահանգի, որ բանակի հրամանատարները պատիվ տային Տարոն Մարգարյանին ու նրա նման բանակում ծառայությունից խուսափած նորաբույծ «երկրապահներին» ու հաշվետվություն տային բանակում տիրող իրավիճակի մասին:

Եվ հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել այս խայտառակությունը, պարզվեց` այս անգամ էլ ոչ անհայտ Կարեն Ավագյանի ծնած-սնած երիտհանրապետականների պրպտուն միտքն է մեր բանակը «մեծարելու» նոր գաղափար «երկնել»: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և հենց այս նույն ՀՀ պաշտպանության նախարարության հետ թև-թևի:

Ահավասիկ երիտհանրապետականների հաղորդագրությունից մի հատված. «Օգոստոսի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին»:

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կերպ է արտահայտվել այդ առանձնահատուկ ուշադրությունը: Անտեղյակները, հավանաբար, մտածեցին, որ ամեն տարի ՀՀ կառավարության տրամադրած տռուզ գումարով ծաղկաձորներում զվարճացող այս ջահելները, դրոշակները ծածանելով, սլացել են զինկոմիսարիատ և պահանջել, որ իրենց անհապաղ տանեն բանակ, որպեսզի ահա այս ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներում «տերովին տերն է տարել, անտերին` գելը» ժողովրդական ասացվածքը մոռացության մատնվի, քանի որ, ահա՛, նույնիսկ իշխանությունների «բարձր հովանու ներքո» Հայաստանի քաղաքացու հաշվին քաղցր կյանք վայելող, փուչիկների նման փայլփլող այս երիտասարդները նույնպես գնում են մեր երկրի սահմանները պաշտպանելու, ինչն էլ նշանակում է` մեր բանակն ավելի է հզորանալու, ավելի վճռականորեն է հակահարված տալու հակառակորդին, և բնականաբար` այլևս զոհեր չենք ունենալու կամ, Աստված մի արասցե, նվազագույն զոհեր ենք ունենալու:

Կամ` գուցե մտածեցին, որ երիտհանրապետականները հանդիսավոր երդվել են (անշուշտ` դրոշակները ծածանելով), որ այլևս կառավարության նվիրաբերած գումարով չեն տժժալու, այլ այդ գումարը բաժանելու են բանակում զինվոր ունեցող այն կարիքավոր ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեն` երկու տարվա ընթացքում գեթ մեկ անգամ այցելելու իրենց զինվոր երեխաներին: Եվ երիտհանրապետականների այս «առատաձեռնության» շնորհիվ` նրանք կշտապեն համապատասխան զորամաս, կգրկեն իրենց զավակներին ու կվայելեն այն երանելի պահը, թե ինչպես են նրանք հաճույքով ուտում իրենց մայրերի ձեռքերով փաթաթած լավաշով բրդուճը:

Կամ էլ, ո՞վ գիտե, գուցե անտեղյակների մտքով անցավ, որ երիտհանրապետականները հրապարակավ ներողություն են խնդրել հասարակությունից, որ տարիներ շարունակ, առանց այդ հասարակության կարծիքը հարցնելու, մտել են նրա գրպանը ու այդ գրպանի պարունակության հաշվին քեֆ-ուրախություններ կազմակերպել միմիայն իրենց այն «արժանիքի» համար, որ վարպետորեն քծնել են օրվա հանցագործ իշխանություններին ու կույր են ձևացել խաղաղ պայմաններում սպանվող իրենց տարեկից և իրենցից փոքր պատանիների սպանությունների դեպքում: Ներողություն են խնդրել և ասել` էլ չենք անի: Անտարակույս` դրոշակները ծածանելով:

Անտեղյակները չարաչար սխալվում են: Վերոնշյալ տարբերակներն ի՞նչ մի հերոսություն են որ. այս ջահելները նման դատարկ-մատարկ բաներով չեն զբաղվում: Երիտասարդ հանրապետականները` ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի (հիշեցնենք. սա այն քաղաքապետարանն է, որի միլիոնատեր ղեկավարը բանակի ծառայությունից այնքան է տեղյակ, որքան երևանցիներն են տեղյակ, թե քանի միլիոն և ինչ ճանապարհով է դիզել այս պարոնն այն ընթացքում, երբ բանակում սահմանը պաշտպանելիս կամ խաղաղ պայմաններում սպանվում էին մինչ այս ցնցող ձեռնարկումը անդրոշակ մնացած օջախների զավակները) հետ համատեղ` շատ դժվարին, անասելի հերոսական, չեմ վախենում ասել` անձնազոհ գործ են ձեռնարկել: Նրանք այցելում են զորակոչիկների ընտանիքներին և… նրանց պատուհաններից կախում Հայաստանի պետական դրոշը: Որ ծածանվի: Երևանյան քամու սրտի ուզածի չափ: Ու հենց պետական դրոշը ծածանվի, այս ընտանիքները դառնալու են «դրոշակակիր օջախներ», և հենց դառնան «դրոշակակիր օջախներ», էլ պրծ` մայրերն այլևս իրենց զավակների կյանքի համար չեն դողալու տերևի պես, հայրերն էլ ապահովության զգացումից գիշերներն այնպես են խռմփացնելու, որ օջախի դրոշակը ոգեշնչումից պար է բռնելու աստղերին ի տես:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը զուգընթաց` լիուլի տեսանք, թե սրտխառնուքի աստիճան էժանագին միջոցներով ինչ «հերոսների» կերպարներ կերտվեցին: Այդ «կերտիչներին» և «կերտվողներին» եթե հարցնես վերջին շրջանում զոհված պատանի զինվորների անունները, և նրանցից գոնե մեկի անունը հիշեն, սա համարեք մեծ նվաճում: Դե, իսկ մինչ այդ խաղաղ պայմաններում սպանված զինվորների մասին ավելորդ է խոսել:

Փուչիկ Կարեն Ավագյանի բուծած ջահելների այս ցուցքը` հովիկաբրահամյանների, կամուֆլյաժով Հրուշի ու Հասոյի, բազմոցներին փռված «Բաքուն գրավողների» սանձազերծած թամաշաներին տվեց-անցավ:

Եվ ողբալի է, որ այս ֆարսին մասնակցում է նաև պաշտպանության նախարարությունը` նորի՛ց և կրկի՛ն թույլ տալով, որ ծաղրի առարկա դարձնեն Հայոց բանակը:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» իր դաշտում հաղթել է «Սաութհեմփթոն»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիլվան և Ագուերոն հաղթանակ են բերել «Մանչեսթր Սիթին»(տեսանյութ)’