‘Խմբագրական. Քաղաքական ֆուտբոլը և «դաղալ» թիմի հեռացումը’

2182

Հայաստանի քաղաքական հիմնախնդիրն իրականում շատ պարզ է և գոնե տեսականորեն ենթադրում է շատ պարզ լուծումներ: Որպեսզի չկրկնենք այն, ինչ բազմիցս ասվել է և հիմնավորվել, փորձենք ներկայացնել եղածը մի փոխաբերությամբ, որը բավականին ճշգրիտ արտահայտում է մեր ներքաղաքական իրական օրակարգը: Պատկերացնենք, որ մեր հասարակական կյանքը ֆուտբոլի առաջնություն է: Հասարակության տարբեր շերտերը, քաղաքական ուժերը, այս կամ այն շահերը, գաղափարները, կողմնորոշումները ներկայացնող խմբերն էլ այդ առաջնությունում մասնակցող ակումբներն են: Իդեալում՝ ամեն մի հասարակական շերտ կամ խումբ ունի իր թիմը, որին երկրպագում է: Բնականաբար, պետք է ունենանք նաև առաջնությունը կազմակերպող ինչ-որ մարմին, ասենք՝ Ֆուտբոլի ֆեդերացիա կամ ասոցիացիա, մրցավարներ, կանոնակարգված մրցույթ և այլն: Նորմալ պայմաններում առաջնությանը մասնակցող ակումբներից յուրաքանչյուրը ներկայանում է իր խաղաոճով, մարտավարությամբ և այլն: Ակումբներից յուրաքանչյուրը տեսականորեն կարող է դառնալ չեմպիոն՝ չնայած նորմալ է նաև, որ սովորաբար ամեն տվյալ առաջնության չեմպիոնության համար պայքարում են հիմնականում մի քանի առավել ուժեղ ակումբներ՝ երկու, երեք, չորս, և հազվադեպ՝ ավելին: Այդ ուժեղագույնների ցուցակն էլ, սակայն, տարիների ընթացքում որոշակի բնականոն փոփոխության է ենթարկվում՝ որոշ ակումբներ ուժեղանում են, մյուսները՝ թուլանում և այլն: Ավելի թույլ ակումբները կարող են պայքարել այլ շահավետ նպատակների, օրինակ՝ բարձրագույն լիգա կամ միջազգային մրցույթների մասնակցություն ապահովող տեղերի համար, կամ էլ մշակել մի քանի տարվա մեջ հզորանալու ռազմավարություն, ծայրահեղ դեպքում՝ մտածել պարզապես փող աշխատելու, երկրպագուներին ուրախացնելու, ակումբի և քաղաքի պատիվը բարձր պահելու մասին: Իհարկե, որոշակի անարդարություն այստեղ կա՝ առավել ուժեղ և առավել թույլ ակումբների միջև տարբերությունն աճում է՝ հաճախ վերածվելով անհաղթահարելի ռեսուրսային անդունդի, բայց դա, այսպես ասած, երկրորդ կարգի խնդիր է, այսինքն՝ մինչև այդ կարգի խնդիր ձևակերպելուն հասնելը պետք է տեսնել, թե արդյո՞ք տվյալ առաջնությունում ապահովված են ֆուտբոլ խաղալու համար տարրական պայմանները: Ու այստեղ արդեն մոտենում ենք կոնկրետ մեզ հուզող խնդիրներին:

Դաղալությունը՝ որպես համակարգ

Մեր «առաջնությունը», ձևական տեսակետից՝ նույնպես կազմակերպված է ըստ նորմալ առաջնությունների կանոնների, ամեն ինչ՝ ըստ վերը նկարագրվածի: Սակայն փաստացի գործում է լրիվ այլ համակարգ: Ակումբներից մեկը տարեցտարի, առանց բացառությունների՝ դառնում է չեմպիոն, ինչը զարմանալի է նույնիսկ այն առաջնությունների տեսակետից, որտեղ կա ընդգծված ուժեղ մեկ ակումբ (օրինակ՝ Բավարիան Գերմանիայում): Բայց այդ միակ ակումբը հասնում է բարձրագույն տիտղոսի ոչ թե՝ որովհետև ունի արտակարգ կատարողներ, մշակված խաղաոճ,  հանճարեղ մարտավարություն, հեռանկարային կառավարում, և նույնիսկ ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ անհամեմատ շատ փող ունի: Ո՛չ, մեր մշտական չեմպիոնը կարող է այդ ամենի մասին նույնիսկ չմտահոգվել՝ նա կարող է յոլա գնալ շատ միջին կամ միջինից ցածր խաղացողներով, անիմաստ խաղաոճով, խառնիճաղանջ մարտավարությամբ, փնթի կառավարմամբ, և միևնույն է՝ հաղթել բոլոր առաջնություններում և խաղերում: Գաղտնիքը շատ պարզ է՝ այդ ակումբը իրենով է արել ֆուտբոլի ֆեդերացիան, մրցավարներին և այլն: Նա կարող է հաղթել՝ առանց գոլ խփելու: Նրան խփած գոլերը կարող են հանգիստ չհաշվել: Նրա օգտին միշտ կարող են նշանակել չեղած տուգանայիններ, իսկ նրա դեմ չի կիրառվում ոչ մի պատիժ, նույնիսկ՝ եթե խախտումները կոպիտ ու ակնհայտ են: Նրանց դեմ խաղացող թիմի կազմի կեսը խաղի ընթացքում կարող է հեռացվել խաղադաշտից ամենաանհեթեթ պատճառներով և այլն: Մի խոսքով՝ այս ակումբը հաղթում է  մշտական և համակարգի վերածված դաղալության շնորհիվ: Այսինքն՝ տվյալ առաջնությունում իրականում չեն գործում նույնիսկ տարրական կանոնները, և փաստացի՝ այստեղ ֆուտբոլ չկա՛ իսկ: Կարծում ենք՝ հավելյալ անհրաժեշտություն չկա՝ բացատրելու այս ամենի ուղիղ կապը և նմանությունը մեր իրավիճակի հետ:

Բնականաբար, մյուս բոլոր ակումբները, եթե դրանք ձևական չեն և չեն հովանավորվում առաջնությունը մենաշնորհած ակումբի կողմից՝ որպես յուրահատուկ «դուստր ձեռնարկություններ», դժգոհ պետք է լինեն և ե՛ն այս իրավիճակից: Այսպիսի առաջնությունում նշանակություն չունի՝ լավ ես խաղում թե վատ, ունես տաղանդավոր խաղացողներ, թե չունես, կիրառում ես պաշտպանական, թե հարձակվողական մարտավարություն, առավել ևս՝ էական չէ ակումբի լավ կամ վատ կառավարումը և այլն: Դու չե՛ս կարող հաղթել: Ուրեմն՝ ի՞նչ կարող են անել իրավիճակից դժգոհ ակումբները: Տեսականորեն՝ հնարավոր է մի քանի տարբերակ, որոնցից մեկն է միայն հարցի լուծում, իսկ մյուսները շեղում են անպտուղ և անիրապաշտական բանավեճերի կողմ:

Ճիշտ և սխալ պատասխաններ

Ճիշտ տարբերակը, կարծում ենք, ակնհայտ է. բոլոր ակումբները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ անկախ իրար նկատմամբ տածած համակրանքից և հակակրանքից, խաղաոճերի տարբերություններից, նույնիսկ՝ շահերի բախումից, ու նախևառաջ լուծեն դաղալ ակումբի հարցերը՝ հեռացնեն այդ ակումբը առաջնությունից, ստիպեն ֆեդերացիային և մրցավարներին՝ գործել ըստ կանոնների: Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել ֆուտբոլի նորմալ առաջնությունից, մրցել միմյանց հետ, վիճել խաղաոճերի մասին և բարձրացնել այլ հարցեր, օրինակ՝ այնպիսիք, որոնք նշեցինք վերը՝ նորմալ առաջնությունը նկարագրելու ժամանակ: Պարզ է, որ անիմաստ է երկար ու բարակ քննարկել ֆուտբոլի հետ կապված այս կամ այն խնդիրները, եթե իրականում ոչ մի ֆուտբոլ էլ չկա, քանզի ֆուտբոլը որոշակի կանոններով խաղ է: Իհարկե, ցանկացած դեպքում՝ ամեն տվյալ խաղում, դրվագում կանոնների մի մասը կարող են խախտել և չպատժվել, և դա էլ համակարգի բաղկացուցիչ մասն է, բայց երբ խախտվում են և չեն պատժվում միանգամից բոլոր կանոնները, և դա արվում է մշտապես ու համակարգված, ապա դա արդեն ֆուտբոլ չէ, և նույնիսկ խաղ չէ, այլ դրա անվան տակ ինչ-որ այլ բան: Վստահ կարելի է ասել, որ ձեզնից յուրաքանչյուրը կծիծաղեր նման առաջնությունում մասնակցող ակումբների ա՛յն ներկայացուցիչների վրա, որոնք նման պայմաններում, հիմնական հարցը թողած՝ քննարկեին  դիմացինի մարզաշապիկի գույնը կամ էլ պրեսինգ կիրառելու մարտավարության նրբությունները:

Իսկ իրականո՞ւմ: Իսկ իրականում շատերս հենց այդ մազալու քննարկումներով էլ զբաղված ենք: Օրինակ.

ա. ո՞րն է ֆուտբոլային ճիշտ մարտավարությունը՝ հարձակվողակա՞նը թե՞ պաշտպանողականը, արդյո՞ք դասական իտալական կատենաչիոն նախընտրելի է հոլոնդական հին տոտալ ֆուտբոլից կամ էլ նորահայտ կատալոնական տիկի-տակայից: Այլ կերպ ասած՝ սոցիալի՞զմն է ճիշտ, թե՞, ասենք, լիբերալիզմը կամ նացիոնալիզմը: Բայց այդ վեճը կարող է իմաստ ունենալ, եթե դրանք բոլորը հավասար մրցակցության պայմաններ ունենան: Իսկ քանի դեռ չունեն՝ բոլորի առաջնային նպատակը պետք է լինի այդ պայմանների ստեղծումը:

բ. Ֆուտբոլը լավ խաղ չէ, պետք է բասկետբոլի առաջնություն կազմակերպել: Միգուցե ֆուտբոլը լավը չէ, բայց, նախ, պետք է ընդհանրապես խաղ խաղալ և առաջնություն կազմակերպել, հետո նոր մտածել ֆուտբոլի կամ բասկետբոլի մասին: Սա մոտավորապես նույնն է, երբ ասում են, թե գործող սահմանադրությունն իր հիմքերում սխալ է, պետք է նոր սահմանադրություն ստեղծել կամ նոր հասարակակարգ ձևավորել: Կամ նույնը՝ մեզ չի հետաքրքրում դաղալ թիմի հեռացումը, պետք է ա՛ռհասարակ համակարգը փոխել: Բայց համակարգը հենց դաղալ թիմն է, իսկ եթե նկատի ունենք ձևական գործող համակարգը, ապա այն նախ պետք է գործի, որպեսզի հետո կարողանաս փոխել այն: Չեղածը ո՞նց փոխես:

գ. Մեր առաջնության կանոնների մեջ սխալ կետեր կան, պետք է դրանք փոխել: Միգուցե կան, բայց կանոնների փոփոխությունից առաջ՝ կանոնները պետք է գործեն:

դ. Առաջնությունից դաղալ թիմի հեռացումը հնացած պահանջ է, պետք է նոր բան մտածել: ……Առանց մեկնաբանությունների:

Առավոտյան՝ աթոռները, երեկոյան՝ փողը

Այս ցուցակը կարող եք ինքներդ շարունակել, կետերն ու ենթակետրերն իրոք անսահմանափակ են, բայց սխալի էությունը նույնն է՝ ելնում ենք այն իրողությունից, որ ձևականորեն մեզանում էլ է անցկացվում ֆուտբոլի առաջնություն, և քննարկում ենք հարցեր, որոնք իմաստ ունեն ֆուտբոլի առաջնության տեսակետից, բայց փաստացի մեզանում ֆուտբոլ չկա, այլ կան մարտեր՝ առանց կանոնների, հետևաբար՝ կա մեկ խնդիր՝ ձևականը դարձնել իրական, նորմալ առաջնություն կազմակերպել և նոր դրանից հետո խոսել մնացած հարցերի՝ զարգացման, փոփոխման, ռազմավարության և այլ նման հարցերի մասին: Թե չէ չեղած բանը կարելի է հազար կողմից քննարկել, բայց սկզբում այդ չեղածը պետք է եղած դարձնել: Եվ այդ խնդիրն ու օրակարգային բնույթը հնանալու կամ նորանալու ժամկետ չունի՝ այն արդիական է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ և բխում է առկա իրավիճակից: Դրա լուծման ճանապարհին կարող են, իհարկե, լինել միջանկյալ փուլեր, մարտավարական ինչ-որ քայլեր, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:

 

Նախորդ հոդվածը‘Հրդեհ է բռնկվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘ՀԺԿ-ն միանում է Կոնգրեսի նախաձեռնությանը ‘