‘Խմբագրական. Օտարից էլ օտար իշխանությունները եւ ՀԷՑ-ը’

2960

Հոսանքի թանկացման շուրջ խորհրդարանական լսումները մի կարեւոր նրբություն ցույց տվեցին, որը մինչ այդ էլ ակնառու էր, բայց լսումների ժամանակ ուղղակի աչք էր ծակում:

Եւ ուրեմն, առաջին հերթին՝ իշխանությունների պահվածքն է զարմանալի ու տարօրինակ: Սրանք իրենց պահում էին եւ պահում են այնպես, ասես իրենք այս ամենի հետ որեւէ առնչություն չունեն, եւ հանդես են գալիս զուտ «երրորդական դատավորի» դերում, մի յուրահատուկ հաշտարար, որը փորձում է, իբր, լսել հակամարտող երկու կողմերին եւ օպտիմալ լուծում գտնել: Իրավական առումով՝ դասական ժողովրդավարական երկրում, իհարկե, սա հասկանալի պահվածք կլիներ, որովհետեւ կմեկնաբանեին այսպես. պետությունը՝ ի դեմս իշխանությունների, մի կողմից՝ պարտավոր է չտրորել մասնավոր բիզնեսի շահերը, մյուս կողմից էլ՝ պահել քաղաքացիների շահերը, եւ հետեւաբար, միջնորդի դերում հանդես գալով՝ օպտիմալ լուծում առաջարկել երկու կողմերի համար էլ:

Բայց սա էդ դեպքը չէ: Այդ դեպքը չէ, որովհետեւ այս իշխանությունները ոչ թե խնդրի հաշտարարն են, այլ՝ կողմը: Չկա հասարակություն-ՀԷՑ առանձին պայքար, եւ չկան հրեշտակի թեւերով անմեղ իշխանություններ, որոնցից մենք պիտի օժանդակություն հայցենք: Որովհետեւ եթե հակամարտության մի կողմում հասարակությունն է, ապա մյուս կողմում՝ ՀԷՑ-ն ու իշխանություններն են՝ միասին վերցրած: Ու թող որեւէ մեկը քաղաքական կտեր շաղ չտա այն մասին, թե իբր իշխանություններն այս հարցում ձայն չունեն, նրանք ընդամենը ռուսական կողմի կամակատարներն են, եւ «վերեւից» ոնց ասեն, էդպես էլ պիտի անեն, ու հետեւաբար, իբր՝ նրանք էլ, մեզ պես, ցանկանում են պայքարել ՀԷՑ-ի ախորժակի դեմ, պարզապես՝ այնքան կամք չունեն՝ այդ ամենը բացահայտ անելու համար, բայց «տակից» մեզ հետ են:

Այս հեքիաթները՝ Շարմազանովի ասած, իշխանություններն ու նրանց քաղտեխնոլոգները կարող են երեկոյան տասից հետո պատմել իրենց երեխաներին, բայց ոչ թե հրամցնել մեզ մեդիադաշտով, որովհետեւ այդ կտերը վաղուց ուտող չկա: Իսկ կտերը պատահաբար կերածներն էլ ընթացքում դրանք վաղուց թքել են դուրս: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Որեւէ մեկն իսկապես անկեղծորեն հավատո՞ւմ է, թե ՀԷՑ-ն ինքն իրենով է այստեղ չարաշահումներ արել, հավատո՞ւմ է, որ ՀԷՑ-ն ինքն իրենով է իրեն այդքան լիազորություններ տվել, հավատո՞ւմ է, թե ՀԷՑ-ի օդերը մինչեւ հիմա չեն փակվել այն պատճառով, որ այս «պուպուշ» իշխանությունները վախեցել են դա անե՞լ: Որեւէ մեկը իսկապես հավատում է, որ իշխանությունները կարող են իմանալ նույնիսկ ամենածայրամասային պուճուրիկ խանութի ապրանքաշրջանառությունը՝ լումաներով, իսկ ՀԷՑ-ի մասին՝ ոչի՞նչ: Կամ որեւէ մեկն իսկապես հավատո՞ւմ է, թե ՀԷՑ-ի շատ պետքն էր ամբախ-զամբախ «բարեգործություններ» անել, որոնցից, որպես PR, օգուտ են քաղել միայն այս իշխանություններն ու իրենց ընտանիքի անդամները: Շուն-գել, բայց այդ մարդիկ հո իրենց խելքը հացի հետ չե՞ն կերել: Եւ ուրեմն, սա կոռուպցիայի դասական օրինակ է, որն ունի երկու երես, եւ մենք ուղղակի պարտավոր ենք ոչ միայն տեսնել այդ երկու երեսները, այլեւ՝ պայքարել հենց երկու երեսի դեմ: Թե չէ՝ հեքիաթներ են պատմում, թե բա չիմացաք՝ նրանք օտար են, եկել են ստեղ, մեր հաշվին բիզնես են անում ու հարստանում: Ու չկա մեկը դրանց մեջ, որ հարց տա. լավ, ասենք՝ նրանք օտար են, բայց, ի՞նչ է, այս իշխանություններն էլ շատ մի հարազա՞տ են, հա՞, ինչի՝ այս իշխանությունները մե՞րն են, գուցե սրանք ավելի օտար են, քան բոլոր օտարները՝ միասին վերցրած:

 

Նախորդ հոդվածը‘ Ամերիկայի գավաթի խմբային փուլի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Մկոյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’