‘Խմբագրական. 90-ականների դիվանագիտությունը անվերջ չի կարող փրկել’

2287

Ստրասբուրգում` ԵԽԽՎ լիագումար նիստում, պատասխանելով ադրբեջանական պատվիրակության անդամ Սեիդովի` ԼՂ հիմնախնդրի եւ, մասնավորապես, Ադրբեջանի 20 տոկոսի օկուպացիայի վերաբերյալ հարցին` Սերժ Սարգսյանը մի ուշագրավ հայտարարություն է արել. որպես ապացույցն այն բանի, որ Հայաստանը որեւէ կապ չունի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի հետ, հղում է կատարել 90-ականներին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված 4 բանաձեւերին եւ հպարտորեն ասել, որ դրանցից մեկում ասվում է, որ Հայաստանը որեւէ առնչություն չունի այդ հակամարտության հետ:

Բանն այն է, որ թեեւ Սարգսյանի այս հղումը շատերի համար զարմանալի էր, այդուհանդերձ, այն նաեւ տրամաբանական էր:  Այլապես, ուրիշ էլ ի՞նչ փաստաթուղթ պետք է հիշեր ինքը, առավելեւս՝ մի այնպիսի փաստաթուղթ, որն իր իշխանության օրոք է ընդունվել կամ ստորագրվել: Մայնդորֆյան հռչակագի՞րը, թե՞ իր եւ Իլհամ Ալիեւի միջեւ Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը, որտեղ ամենաբարձր մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ստորագրվել է փաստաթուղթ` առանց Ղարաբաղի մասնակցության:

Այն, որ այսօր Սարգսյանն օրհասական պահին ստիպված է հղում կատարում ոչ թե իր իշխանության օրոք արձանագրված դիվանագիտական որեւէ ձեռքբերման, այլ` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ  կատարված դիվանագիտական հեռահար քայլերին (նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի, որին ինքը 2008-ի նախընտրական քարոզչության ժամանակ մեղադրում էր «Ղարաբաղը ծախելու մեջ»), ցույց է տալիս, որ Սարգսյանն ամբողջությամբ գիտակցում է, թե ինքը որքան կործանարար քաղաքականություն է վարում Ղարաբաղի հարցում: Բոլոր նրանց համար,  ովքեր քիչ թե շատ այս տարիների ընթացքում հետեւում են բանակցային գործընթացին, այս իրողությունը «2+2=4»-ի նման պարզ է: Մի բան է, սակայն, որ դա գիտակցվում է՝ կողքից նայելով զարգացումներին, այլ բան, երբ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ինքն է անգիտակցաբար հանդես գալիս ինքնախոստովանությամբ` փաստելով, որ թեեւ 2008 թվականից ի վեր ինքը հանդես է գալիս Հայաստանի նախագահի պաշտոնում, այդուամենայնիվ, բանակցային գործընթացում չի արձանագրել գեթ մեկ այնպիսի դիվանագիտական հաջողություն, որին կկարողանար հղում կատարել: Եւ դեռ, եթե կուզեք` հակառակը, եթե Սերժ Սարգսյանը հղում կատարեր իր պաշտոնավարման օրոք արված հայտարարություններին կամ, առավելեւս` ստորագրված փաստաթղթերին, ապա ադրբեջանցի պատգամավորի պնդումները լիովին կդառնային հիմնավոր. ադրբեջանցի Սեիդովը պնդում է, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էր, Սերժ Սարգսյանը, որպես հակամարտող կողմ, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրում հակամարտող միայն մեկ կողմի` Ադրբեջանի հետ: Կա՞ տարբերություն: Չկա՛:

Փաստացի՝ մեկի պնդումները լիովին համընկնում են մյուսի գործողություններին: Իդիլիա:

Եւ հենց այդ նեղ իրավիճակում էլ, երբ այլեւս ասելու, փաստարկելու ոչինչ չի մնում, Սերժ Սարգսյանը ստիպված է լինում ապավինել Առաջին նախագահի պաշտոնավարության տարիներին` հասկանալով, որ այլ փաստարկ ինքն ուղղակի չունի: Մյուս կողմից, հարց է ծագում, սա լա՞վ է, թե՞ վատ:  

Եթե խնդրին չնայենք անձերի կոնտեքստում, այլ միայն ու միայն պետականության համար կարեւորության տեսանկյունից, ապա սա, երկու բառով՝ դիվանագիտական ողբերգություն կարելի է անվանել: Ոչ պակաս:

Որովհետեւ սա նշանակում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հայաստանյան դիվանագիտությունը կատարյալ ամուլ վիճակում է հայտնվել. Զրո ՕԳԳ-ով: Սա իրականում ողբերգություն է, 15 տարվա կորսված ժամանակ, որի ընթացքում դիվանագիտական ասպարեզում գեթ մեկ աղյուս անգամ չի ավելացել արտաքին քաղաքականության պատին:

Իսկ թե ինչու է այդպես ստացվել՝ ակնհայտ է. պետության ղեկը հայտնվել է այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնց համար պետության շահ հասկացություն գոյություն չունի. կա սեփական շահ, եւ միայն ու միայն սեփական շահ: Եւ բոլոր պետական գործիքները ծառայեցվում են բացառապես այդ սեփական շահին:

Եւ ուրեմն, հենց հանուն պետական շահի, առաջին հերթին` իշխանությունից պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր այս աստիճան անլրջացրել են Հայաստանը միջազգային ասպարեզում, Հայաստանը դարձրել են արտաքին քաղաքականության ոլորտում միայն անցյալի իներցիայով շարժվող, ներկա չունեցող, պետական շահն արտաքին առեւտրի հանած մի անլուրջ գոյացության: Ժամանակ, մեծ հաշվով, շատ չկա: 90-ականների իներցիայով երկար չենք ձգելու: Իշխանափոխությունն այլեւս ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականությանը շնչառություն տալու միակ միջոցն է: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Այրվել է կրպակի տանիքը’