‘Օրվա համառոտ ամփոփում’

1131

Օրը սկսվեց դժբախտ պատահարով: Գիշերը ժամը 3-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ավտոմենայում գտնվող  ուղևորներից մեկը զոհվել է, իսկ մյուսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Առավոտյան իմացանք, որ ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Զարուհի Փոստանջյանին։ ՀՀԿ երիտթևը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել:

Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ սխալ է համարում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպելը:

ԱԺ «Ժառանություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մամլո ասուլիսում հայտարարեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի անձն իրենց համար ընդունելի է, սակայն մեկ անհատով համակարգը փոխել հնարավոր չի լինի: 

Վճռաբեկ դատարանը` դատավոր Դ. Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է վերադարձնել լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով տասը տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանների և տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ու փաստաբան Մուշեղ Շուշանյանի` Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքները:

Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը ասել է, թե Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով անազատության մեջ է Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Սակայն համաներումը  կտարածվի միայն մեկ դեպքում, եթե փոխհատուցվի պետությանը հասցված վնասը:

Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան՝ ուղղված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակմանը և ՀԱԿ 4 երիտասարդների արդարացմանը: Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ  Մանուկյանը:

Իսկ Արգենտինայում դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային դատապարտել վեց տարվա ազատազրկման՝ 2000թ. ընդդիմադիր պատգամավորներին կաշառելու համար:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը պարգեւատրել է ընտրություններին «լավ աշխատած» ՀՀԿ-ական տնօրեններին. Թվեր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. 90-ականների դիվանագիտությունը անվերջ չի կարող փրկել’