‘Ծայրահեղ պարզ ու ծայրահեղ հանճարեղ լուծում’

3463

Ընթերցող հասարակությունը կհիշի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանափոխության մի ծրագիր էր գրել իր համար, որ կոչվում էր «Քաղաքացիական պայմանագիր»։ Ըստ այդ ծրագրի՝ ամբողջ հայ ազգը (որ կա «ի Հայաստան, ի Ղարաբաղ և ի Սփյուռս աշխարհի») անհատապես պետք է ստորագրեր այդ պայմանագիրն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան պատվիրակելով որոշակի լիազորություններ։ Այժմ նա հրապարակել է Հայաստանում իշխանափոխության մի երկրորդ ծրագիր, այս անգամ՝ Ր. Հովհաննիսյանի համար։ Այն կոչվում է «Նոր կառավարության մասին»։

Ն. Փաշինյանի՝ գործողությունների այդ ծրագրի ելակետային դրույթը հետևյալն է. «Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եւ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին…Նա պետք է սկսի Նոր կառավարության ձևավորումը և ոչ թե զբաղվի ԿԸՀ հրապարակած թվերի վիճարկմամբ»։

Ինչպե՞ս. «Պրոցեդուրան պետք է լինի ծայրահեղ պարզ»,- սովորեցնում է Ն. Փաշինյանը և նկարագրում այն գործողությունների ամբողջ ընթացքը, որոնք հերթականությամբ իրականացնելու դեպքում Ր. Հովհաննիսյանը կհասնի նախագահի աթոռին։ Եւ այսպես.

Քայլ 1.Ր. Հովհաննիսյանը պետք է կառավարություն կազմի՝ հատ-հատ ընտրելով այն մարդկանց՝ նախարարների, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը։ Իր նախարարներին նա պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը: Այսինքն՝ Ազատության հրապարակն այս դեպքում ստանում է Ազգային ժողովի լիազորություն։ Նորանշանակ նախարարները «ժողովրդի վստահությանն արժանանալու դեպքում կհամարվեն Նոր կառավարության անդամ՝ ստանալով կոնկրետ նախարարության ղեկավարի կարգավիճակ»։ Կառավարության ձևավորման այս գործում Ր. Հովհաննիսյանը պիտի չշտապի, այլ դա անի մեկ ամսվա ընթացքում՝ նախարարներին մեկ առ մեկ ներկայացնելով հանրահավաքների հաստատմանը։

Քայլ 2.Նոր կառավարության ներքին լեգիտիմության ապահովման համար, սակայն, միայն Ազատության հրապարակը բավարար չէ։ Դրանից հետո այդ կառավարության ճանաչման մասին համապատասխան հայտարարություններով պետք է հանդես գան հայտնի անհատներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ և, որ ամենակարևորն է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները՝ քաղաքներն ու գյուղերը: Ի՞նչ մեխանիզմով՝ չի ասվում։ Հավանաբար՝ ակտիվիստների ջանքերով։ Օրինակ՝ ինքը Ն. Փաշինյանը կարող է գնալ ու բերել իր հայրենի Իջևանի բոլոր համայնքների որոշումները։

Քայլ 3.Արտաքին աշխարհում լեգիտիմության հասնելու համար այդ կառավարությունը պետք է ճանաչեն աշխարհի երկրները։ Տպավորիչ կլինի, որ առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած կառավարությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ապա դա պիտի անեն Սփյուռքի գաղթօջախները, միջազգային կազմակերպությունները, օտար երկրները։ Այստեղ ևս մեխանիզմներ չեն նշվում, օրինակ՝ ՀՀ դեսպանատները այս ամենում որևէ ֆունկցիա ունե՞ն, թե՞ ոչ։

Քայլ 4.Եւ վերջապես՝ «ՀՀ օրենսդրության համաձայն ՝Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին»: Սա ամենահետաքրքիր ու դրամատիկ պահն է։ Նույն օրը, նույն ժամին՝ երկու սիմետրիկ երդմնակալություն։ Օպերային թատրոնի շենքը տալիս է այդ հնարավորությունը։ Ինչպես նախորդ անգամ՝ 2008-ին՝ Ս.Սարգսյանը կարմիր գորգի վրայով միայնակ կտրում-անցնում է Ազատության հրապարակը և մտնում Օպերային թատրոն։ Շենքի ճիշտ հակառակ կողմից, ժողովրդի բուռն օվացիայի ներքո՝ Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ է մտնում Ր. Հովհաննիսյանը։ Կամ՝ հակառակը։ Եւ սինխրոն տեղի է ունենում երկու երդմնակալություն։

Իրոք որ ծայրահեղ պարզ, բայց՝ ոչ միայն, նաև՝ ծայրահեղ հանճարեղ լուծում։

Է՜յ գիդի Հակոբ Պարոնյան

Ակա՜նջդ կանչի Երվանդ Օտյան

Մի անհարմարություն կա սակայն։ Ավանդաբար՝ ՀՀ նորընտիր նախագահները երդվել են Սահմանադրության և «Վեհամոր ավետարանի» վրա։ Վերջինս, բնականաբար, մի հատ է, և հնարավոր չէ միաժամանակ դնել ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ Ր. Հովհաննիսյանի ձեռքի տակ։ Իսկ երդումը պետք է լինի ճշգրիտ նույն ժամին, որ նախագահները միմյանց նկատմամբ առավելություն չստանան։ Կասեք, թե Ն. Փաշինյանի ծրագրում նման բան չկա՞։ Ճիշտ է. բայց նրա ծրագրում չկա նաև, թե ինչպես, ինչ մեխանիզմով պետք է արգելել Ս. Սարգսյանին՝ կատարելու իր երդմնակալությունը։ Այստեղից հետևում է, որ ապրիլի 9-ին պետք է լինի երկու երդմնակալություն, ինչից հետո մենք ունենալու ենք երկու «օծյալ» նախագահ։

 

* * *

Հայաստանում իշխանափոխության կայացման և օրինակարգ իշխանության հաստատման ծրագիրը հորով-մորով անելուց հետո Ն. Փաշինյանը կանխել է նաև հնարավոր անպարկեշտ մարդկանց ենթադրությունները, թե ինքը՝ Փաշինյանն իրեն էլ է տեսնում այդ կառավարության կազմում. «Քավ լիցի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե իմ մասին եմ խոսում, մանավանդ որ նախորդ հանրահավաքներից մեկում Հովհաննիսյանն այս մասին խոսք գցեց։ Ինձ համար լավագույն պաշտոնը կլինի օրինական իշխանություն ունեցող երկրի քաղաքացու կարգավիճակը,և տեսնում եմ, որ այսօր ունեմ նման կարգավիճակի արժանանալու հնարավորություն»: Ինչպես տեսնում ենք՝ Ն. Փաշինյանն այս պահին հիշել է «Իմպիչմենտի» ժամանակների իր սկզբունքը. «Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։ Իսկ թե ինչու նա իր այդ սկզբունքի մասին մոռացել էր 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակները կազմելիս կամ իր «Քաղաքացիական պայմանագիրը» կազմելիս, դժվար է ասել։

***

Ամեն ինչ շատ հարթ է։ Պարզապես առաջանում է երկու հարց, որ համարձակվում ենք տալ՝ լավ իմանալով, որ Ն. Փաշինյանը սիրում է հարցերի պատասխանել։

ա) Ենթադրենք՝ Րաֆֆին վերցրեց ու տառ առ տառ հետևեց գործողությունների այս ծրագրին։ Ու եկավ դարձավ նախագահ։ Սերժն էլ ներողություն խնդրեց բոլորից ու գնաց Հաղպատի վանք՝ ապաշխարելու։ Բա էս ժողովուրդը չի ասի՞՝ «Րաֆֆի, քե՛զ ձայն տվեցինք, բայց քո խելքը չկտրե՞ց, թե ինչ պիտի անես։ Չլիներ Ն. Փաշինյանի գրած գործողությունների ծրագիրը, մեր ձայները էլի պիտի գնային կորչեին։ Ուրեմն՝ իրական նախագահը ոչ թե դու ես, այլ այն մարդը, որի գրած ծրագրով եկար նախագահ դարձար»։ Էս հարցը ո՞նց պիտի լուծվի։ Դրանից խուսափելու համար ճիշտ չէ՞ր լինի, որ ծրագիրը նախապես ցույց տրվեր Րաֆֆիին (ում համար որ գրված է), նա էլ ինչ-որ բան ավելացներ կամ պակասեցներ, կամ ոչինչ չփոխեր, բայց հանրությանը ներկայացվեր որպես իր, կամ որպես իր թիմի, կամ որպես իր և Ն. Փաշինյանի համատեղ կազմած փաստաթուղթ։ Այսինքն՝ ինքը մեջը մասնիկ ունենար։ Թե չէ՝ կատարյալ ապուշ պիտի լինի մարդ, որ վերցնի ու մինչև վերջին տառը առաջնորդվի ուրիշի գրած հեղինակային ծրագրով։ Ու եթե հաջողության հասնի, ապա դրանից հետո պիտի նրա մոտ վարորդ աշխատի՝ նախագահի կարգավիճակով։ Հետո էլ Ն. Փաշինյանն ասում է, թե ինքը պաշտոն չի ուզում. նախագահ-վարորդ է ուզում։

բ) Եթե գործողությունների այս ծրագիրը պիտի բերի իշխանափոխություն ու Ր. Հովհաննիսյանի օրինական իշխանություն, ի՞նչ է լինելու Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրի» ճակատագիրը։ Ն. Փաշինյանը այն հանո՞ւմ է շրջանառությունից։ Եթե չի հանում, ապա այս երկուսը ինչպե՞ս են համատեղվում։ Երբ երկուսն էլ հաջողությամբ իրականանան՝ Րաֆֆին դառնա ՀՀ նախագահ, իսկ Ն. Փաշինյանը մի պայմանագրի կողմ, որի մյուս կողմում ողջ հայությունն է՝ («ի Հայաստան, ի Ղարաբաղ և ի Սփյուռս աշխարհի»),  ինչպիսի՞ն է լինելու երկու այս ծրագրերի առանցքային անձերի՝ Ր. Հովհաննիսյանի և Ն. Փաշինյանի կարգավիճակային հարաբերությունը։

Յուրի Հովսեփյան

Նախորդ հոդվածը‘Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կմեղմացվի ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ ֆավորիտը նորից կատալոնացիներն են’