‘Ծառայակցի կողմից վիրավորված զինծառայողին վիրահատել են. վիճակը մնում է ծանր’

1295

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակից Արտակ Բարսեղյանը և Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը այցելեցին զինվորական հոսպիտալ՝ տեղեկանալու Նոյեմբերյանի զորամասերից մեկում վիճաբանության ժամանակ վիրավորված զինծառայող Հրաչյա Սարգսյանի վիճակի մասին, հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝  ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ փոխգնդապետ Ա. Ասատրյանը զինծառայողի վիճակը գնահատել է որպես ծայրահեղ ծանր:

«Նա հայտնել է նաև, որ վիրահատությունը ավարտվել է առավորտյան ժամը 5.00-ին, դեռևս վիճակը մնում է ծանր, առողջական վիճակի հետագա փոփոխման մասին կարելի է խոսել միայն յոթ օր անց: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են գտնվելու հոսպիտալի պետի հետ և շարունակելու են հետևել թե զինծառայողի առողջությանը, թե դեպքի քննության ընթացքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ընդդեմ գազի թանկացման (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» նվաճեց հերթական տիտղոսը. Տեսանյութ’