‘«Չելսին» նվաճեց հերթական տիտղոսը. Տեսանյութ’

827

Դրամատիկ վերջաբան ունեցավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը` Լոնդոնի «Չելսիի» եւ Լիսաբոնի «Բենֆիկայի» միջեւ:

Ամստերդամում կայացած այս հանդիպումը ապացուցեց, որ ֆուտբոլը շարունակում է ամենաանկախատեսելի մարզաձեւը մնալ: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում պորտուգալական ակումբը դիրքային, խաղային մեծ առավելություն ուներ, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեց, երբեմն գնդակը տեւական ժամանակ դուրս չէր գալիս «Չելսիի» տուգանային հրապարակից, բայց գոլ խփել չէին կարողանում:

«Բենֆիկայի» ֆուտբոլիստներն ավելի մոտիվացված, ավելի նպատակասլաց էին հանդիպմանը մասնակցում. Էյսեյբիոյի փառահեղ ժամանակներից ի վեր` 51 տարի այս ակումբը Եվրոպական Գավաթներ մրցաշարերում ոչ մի տիտղոս չէր նվաճել: Այս եզրափակիչում նա շատ մոտ էր դրան, սակայն նույնիսկ նա անզոր էր որեւէ բան անել, եթե մրցակիցը վերջին երկու տարվա ամենահաջողակ, ուղղակի գերբնական, անհասկանալի հաջողակ «Չելսին» է: Վերջինս շարունակում է հաղթել բոլոր օրենքներին հակառակ` իրացնելով իր փոքաթիվ գոլային պահերը, օգտվելով մրցակցի սխալներից:

Հաղթական գնդակը «Չելսին» խփեց վերջին վայրկյաններին. պարզապես դժոխային շաբաթ «Բենֆիկայի» համար, որը ընդամենը մի երեք օր առաջ Պորտուգալիայի չեմպիոնի համար վճռական խաղում «Պորտուից» գնդակ բաց թողեց հանդիպման վերջին վայրկյաններին: Բայց սա ֆուտբոլ է, եւ «Բենֆիկային» մնում է կարեկցել:

Իսկ «Չելսին» առնվազն մեկ շաբաթ կհանդիսանա Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաների գործող չեմպիոնը: Սա էլ արտառոց նվաճում է:

Եվրոպայի լիգա, եզրափակիչ 

«Բենֆիկա» — «Չելսի»՝ 1:2

Օսկար Կարդոզո, 68 (11մ.) – Ֆերնանդո Տորես, 59, Բրանիսլավ Իվանովիչ, 90+2

Նախորդ հոդվածը‘Ծառայակցի կողմից վիրավորված զինծառայողին վիրահատել են. վիճակը մնում է ծանր’
Հաջորդ հոդվածը‘Իշխանություններն արգելել են գեյ-շքերթի անցկացումը’