‘Կաթսայատունը սկիզբն է. Քանդվելու է նաեւ Թումանյան 8-ի շենքը ‘

4170

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության (նախկին Ալավերդյան փողոց) փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Թվում է, թե ինչ-որ մի ՍՊԸ-ի ինչի՞ն է պետք ձեռք բերել այս կաթսայատունը, ի՞նչ պետք է անի այդ ՍՊԸ-ն այդ կաթսայատան, կամ՝ այդ ոչ այնքան մեծ տարածքի հետ, որտեղ տեղակայված է այն: Պարզվում է, սակայն, որ ամեն ինչ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից: Բանն այն է, որ «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին միայն կաթսայատունը չէ, որ հետաքրքրում է: Մեր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված՝ քանդման ենթակա տարածքների մասին որոշումը, որտեղ նույն ՍՊԸ-ին թույլ է տրվել քանդել մի շարք շենք-շինություններ՝ Թումանյան 8 հասցեում: Նշենք, որ քաղաքապետարանը քանդման թույլտվությունը տվել է այս տարվա մայիսին կայացած ավագանու ընտրություններից հետո:

Թնջուկը պարզելու համար պետք է ընդամենը պարզել, Գլխավոր դատախազությունը ինչ շենք ունի Հանրապետության փողոցում: Հանրապետության 85 հասցեում է տեղակայված Երեւան քաղաքի դատախազությունը: Այստեղից էլ պարզ է դառնում, որ կաթսայատունը, որի մասին խոսք է գնում պետք է որ տեղակայված լինի հենց այդ շենքի մոտակայքում: Երկրորդ հանգամանքը՝ դատախազությունը տեղակայված է Հանրապետություն-Թումանյան խաչմերուկի մոտ: Թումանյան 8 հասցեում գտնվող շենքը՝ Երեւանի դատախազության շենքի մոտ է տեղակայված՝ ուղղակի ուղղահայաց դիրքով: Այսինքն, ըստ էության, «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին պետք է այդ կաթսայատան տարածքը ոչ թե հենց այնպես, այլ որովհետեւ այդ ընկերությունը նախատեսում է քանդել Թումանյան 8 հասցեում տեղակայված ինչ-որ շենք ու շինություններ, ինչին ըստ էության, հարում է նաեւ կաթսայատունը, ինչի համար էլ այդ ընկերությանը պետք է եղել գնել կաթսայատունը: Կառավարությունն էլ, բնականաբար, տվել է օտարման թույլտվություն:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «Բիզնես պլաս» ՍՊԸ-ն:

Պետռեգիստրում  այդ ընկերությունը գրանցված է երեք անձի անունով՝ Արմեն Հակոբջանյանի, Աննա Ավանյանի եւ Արթուր Պավլովի անուններով:

Իսկ ահա 2006 թվականին՝ Հանրապետության 76/1, 2, 3 եւ Տպագրիչների 9, 11, 13, 15 շենքերի բնակիչների կողմից մամուլում հրապարակված բաց նամակը հնարավորություն է տալիս քիչ թե շատ հասկանալ, թե ինչ ընկերության մասին է խոսքը:

Ներկայացնում ենք 2006-ին ՉԻ թերթում հրապարակված նամակը, որը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը խախտում է կանոնակարգը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարժանանա՞ «Էյր Արմենիան» «Արմավիայի» ճակատագրին. Ընկերության առաջին կանոնավոր թռիչքը (ֆոտոշարք)’