‘Կալիֆորնիան վեց նահանգի բաժանելու նախաձեռնությունը չի դրվի հանրաքվեի’

1026

Կալիֆորնիան վեց առանձին նահանգների բաժանելու նախաձեռնությունը, որն առաջ է քաշել ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերը, չի դրվի հանրաքվեի: Ինչպես ուրբաթ օրը հաղորդել են Կալիֆորնիայի իշխանությունները, նախաձեռնությունը բավարար թվով ստորագրություններ չի հավաքել:

Ընտրական հանձնաժողով էր ներկայացվել մեկ միլիոն ստորագրություն, բայց դրանցից վավեր է ճանաչվել մոտավորապես 750 հազարը: Մինչդեռ հարցը 2016 թ. նոյեմբերին հանրաքվեի դնելու համար հարկավոր էր առնվազն 800 հազար ստորագրություն: Թե ինչու են ստորագրություններն անվավեր ճանաչվել՝ չի հաղորդվում:

Դրեյփերը ներդրումներով զբաղվող Draper Fisher Jurveston  ընկերության հիմնադիրն է, նա $4,9 մլն ներդրում է կատարել նաև Skipe-ում և Tesla Motors-ում:

Դրեյփերը Կալիֆորնիայի բաժանման անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ իշխանության ապակենտրոնացումը թույլ կտա ավելի արդյունավետ լուծում տալ տնտեսական և սոցիալական շատ խնդիրների: Միլիարդատիրոջ մտահղացմամբ՝ նոր նահանգները կրելու էին հետևյալ անունները՝ Կայծքարի հովիտ, Հյուսիսային, Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Կալիֆորնիա, ինչպես նաև՝ Ջեֆերսոն: Լոս-Անջելես քաղաքը նա առաջարկում է ընդգրկել Արևմտյան Կալիֆորնիայի կազմում, իսկ Սան-Ֆրանցիսկոն՝ Կայծքարի հովտում:

Եթե անգամ Դրեյփերի նախաձեռնությունը հաջողվեր, և հանրաքվեում Կալիֆորնիայի մասնատմանը ստացվեր դրական պատասխան, ապա նոր նահանգների կազմավորման հարցը դեռ պետք է ստանար ԱՄՆ կոնգրեսի հավանությունը, ինչի շանսերը, փորձագետների կարծիքով՝ զրոյական են:

Կալիֆորնիան ԱՄՆ ամենախիտ բնակեցված (38 մլն մարդ) և տնտեսապես ամենազարգացած նահանգն է: Եթե այն առանձին պետություն լիներ, նրա տնտեսությունը կզբաղեցներ աշխարհում ութերորդ տեղը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի մոտ «ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ»’