‘Կայացավ Սևակ Արամազդի «Արևի լեռը» գրքի շնորհանդեսը (Ֆոտոշարք) ‘

1820

Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ գրող Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպի շնորհանդեսը:  Ըստ հեղինակի՝ գիրքը մանկության կյանքի մի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է՝ իր աստվածային և մարդկային միաձույլ կերպարի մեջ՝ ոչ միայն իբրև խիստ մտերմիկ-անձնական զգացմունք ու կենսական սևեռակետ, այլև իբրև աշխարհընկալման իմացական համակարգ։ Վեպի հերոսը՝ Արեգը, բանաստեղծ է, ինչը նաև բնականորեն կանխորոշել է ինչպես ստեղծագործության կառուցվածքը, այնպես էլ հեղինակային ոճն ու ասելիքը:

Շնորհանդեսի ընթացքում խոսելով «Արևի լեռը» վեպի մասին՝ Սևակ Արամազդը նշեց, որ այս գիրքը իր համար ևս ինչ-որ առումով անակնկալ էր, քանի որ մանկության թեման ամբողջովին արտահայտվել է այս վեպում: Մանկական զգացողությունների և այդ զգացողությունների առարկայի թեման վաղուց է եղել հեղինակի ուշադրության կենտրոնում և որոշակիորեն արտահայտվել է նրա այլ ստեղծագործություններում ևս:

Սևակ Արամազդը ընդգծեց, որ «Արևի լեռը» վեպը իրեն ամենաշատ տառապանք պատճառած վեպն է: Ի տարբերություն «Աստծո օրը» վեպի, որը գրել է մեկուկես տարում, «Արմեն» վեպի, որը գրել է վեց ամսում՝ այս վեպը գրել է հինգ տարում. «Պարզապես ընկել էի մի կախարդական շրջանի մեջ. չէի կարողանում դուրս գալ և չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց քանի որ պարտվել չեմ սիրում, հինգ անգամ գրեցի այս վեպը: Մեր աչքի առջև այժմ վեպի հինգերորդ պատումն է: Կարծում եմ՝ արդեն գոյացել է որպես վեպ, թեպետ տպագրությունից առաջ էլ քառասուն էջ զոհ գնաց իմ այսպես ասած վերջին մոլեգնությանը»:

Վեպի վրա այդքան չարչարվելու պատճառի մասին գրողն ասաց. «Վերջում հայտնաբերեցի, որ գրողի և հերոսի պորտալարը չորս նախորդ պատումներում կտրված չէր: Դա ինձ համար մեծագույն ամոթ էր, որովհետև ես տիրապետում եմ որոշակի գեղարվեստական փորձառության. պորտալարը կենսական նշանակություն ունի ներարգանդային վիճակում, բայց երբ ծնունդը տեղի է ունենում, այն դառնում է ավելորդ, խանգարող հանգամանք և պետք է անպայման կտրվի, որպեսզի ծնունդը՝ իբրև կենդանի գոյություն, շնչի, շարժվի, կարողանա տեղափոխվել ժամանակի և տարածության մեջ»:

Հեղինակի բնորոշմամբ՝ վեպի շարժառիթը մանկության հարցերն են, գաղտնիքը. «Մինչև հիմա, որքան գիտեմ, ո՛չ կրոնները, ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ գիտությունները մանկության հարցերին պատասխան չեն գտել՝ ի բացառություն գուցե կարմայի տեսության, բայց դա վերաբերում է Հիմալայներին, ոչ թե Հայկական լեռնաշխարհին: Այդ չբացատրվող գաղտնիքը մի երջանիկ բացառություն է թողել՝ վիպական գիտակցության միջոցներով այդ հարցերի պատասխանը գտնելը: Երբ մի առարկա մարմնավորվում է, դրանով վերանում է առարկայի հարցը, և մենք դեմ առ դեմ ենք մնում կենդանի իրականության հետ»: 

Անդրադառնալով ընթերցողներից մեկի՝ հերոսի և նրա ապրումների տարիքային անհամապատասխանության մասին դիտարկմանը՝ Սևակ Արամազդը ասաց. «Հերոսը՝ Արեգը, անորոշ տարիքի մի երեխա է: Ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ մանկությունը միակ ճշմարիտ իրականությունն է. երբ մանուկ ես, աշխարհը ընկալում ես իբրև երազ, հետո աշխարհը դառնում է իրականություն, իսկ մանկությունը՝ երազ, և հարցը մնում է անպատասխան: Այստեղ որպես պատասխան ասեմ, որ դա պատահական չէ. երազի և իրականության այդ անցումը, փոխատեղումը աներևակալելի, անորսալի մի բան է, որը կարելի է համեմատել միայն մանրաշխարհի, քվանտային իրականության և մեծաշխարհի՝ մեզ ծանոթ աշխարհի անցման հետ: Դա գիտության համար անլուծելի գաղտնիք է, որի վրա երեսուն տարի չարչարվել է  Այնշտայնը՝ իբրև դասական ֆիզիկայի ներկայացուցիչ, երեսուն տարի՝ Հայզենբերգը՝ քվանտային մեխանիկայի ստեղծողը: Մեծաշխարհի օրենքները դադարում են գործել մանրաշխարհում. քվանտային աշխարհի օրենքներով կարելի է արտահայտել մեծաշխարհի օրենքները, բայց հակառակը՝ ոչ:  Մանկության օրենքներով կարելի է արտահայտել ամբողջ տիեզերքը և ոչ վերացականորեն: Որքան ճշգրտորեն արտահայտենք մանկության աշխարհը, այնքան կհասնենք մեծ աշխարհի ամբողջական արտահայտությանը»: 

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցում» պայթուցիկ են որոնում’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն տվյալներ է հավաքում տարադրամ գնող կամ վաճառող ցանկացած քաղաքացու մասին. «Ժողովուրդ»’