‘Կանադան թալիբներին ահաբեկիչներ է ճանաչել’

933

Կանադայի իշխանությունները «Թալիբան» շարժումը պաշտոնապես ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է CBC News-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որն իր ներքին օրենսդրությամբ թալիբներին ահաբեկիչներ է ճանաչել:

«Թալիբանից» բացի՝ ահաբեկչական կազմակերպությունների կանադական ցուցակում  ընդգրկված է նաև աֆղանական «Խաքանի ցանց» կազմակերպությունը, որին են վերագրվում անվտանգության աջակցության միջազգային ուժերի վրա կատարված հարձակումները:

Ավելի վաղ երկրի իշխանություններն արդեն իսկ կանադական հաստատություններին արգելել էին «Թալիբանի» հետ ցանկացած տիպի համագործակցություն ունենալ: Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ  1999 թ. Կանադան միացել էր ՄԱԿ-ի՝«Ալ-Քաիդայի» դեմ պայքարելու և նրա հետ կապված կազմակերպություններին չաջակցելու ծրագրին:

Ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը Կանադայում ստեղծվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո՝ ահաբեկիչների դեմ պայքարը հեշտացնելու նպատակով: Մասնավորապես՝ օրենսդրությունը թույլ է տալիս կալանք դնել ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների բանկային հաշիվների վրա, ինչպես նաև քրեական պատասխանատվության կանչել նրանց հետ համագործակցողներին: Ներկա պահին ցուցակում ընդգրկված են 46 կազմակերպություններ:

 Կանադան մասնակցում էր Աֆղանստանում միջազգային ռազմական օպերացիային, սակայն 2011 թ. այնտեղից դուրս բերեց իր զորակազմը: Ներկայումս այդ երկրում տեղակայված է կանադացի զինվորականների ոչ մեծ քանակակազմ, որն զբաղվում է աֆղանական բանկի պատրաստման հարցերով, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Ծառուկյանը որևէ նոր, սենսացիոն բան չի հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Սիրիայի հարցով’