‘ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Սիրիայի հարցով’

841

Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում է սիրիական հակամարտության էսկալացիան և այն խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է անում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը: Առաջարկի բնույթ ունեցող բանաձևը պաշտպանել են 107 երկրների ներկայացուցիչներ, 59-ը ձեռնպահ են քվեարկել, իսկ 12-ը (այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Վենեսուելան և ԿԺԴՀ-ն) դեմ են եղել բանաձևին: Մինչդեռ մեկ տարի առաջ նույն տիպի բանաձևը պաշտպանել էր 133 պետություն: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի անանուն դիվանագետների, բանաձևը պաշտպանողների թվի նվազումը պայմանավորված է Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող գրոհայինների նկատմամբ անհանգստության աճով:

Փաստաթուղթը դատապարտում է երկրում մարդու հիմնարար և մարդասիրական իրավունքների խախտումը, սիրիական իշխանությունների կողմից ծանր սպառազինության գործածումը և հարևան պետությունների տարածքների ռմբակոծությունները: ՄԱԿ-ն առաջարկում է հակամարտության կարգավորման նպատակով ստեղծել անցումային շրջանի ղեկավար մարմին, որը կստանձնի երկրի նախագահի և կառավարության գործառույթները, կվերանայի սահմանադրությունը և նոր ընտրություններ կանցկացնի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանադան թալիբներին ահաբեկիչներ է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դիմել է Վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու մայիսի 5-ի քվեարկության արդյունքները’