Կանադան իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Ռուսաստանից

366

Կանադան իր քաղաքացիներին հորդորել է հեռանալ Ռուսաստանից եւ Բելառուսից։ Հոկեյի մայրցամաքային լիգայում այժմ խաղում է 48 կանադացի հոկեյիստ։

Կանադայի aրտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ադրիան Բլանշարը հայտարարել է, որ Ռուսաստանում եւ Բելառուսում հանդես եկող կանադացի հոկեյիստները հետագայում ստիպված կլինեն բացատրել իրենց որոշումը։

«Մեզ համար շատ թանկ են ազատության, ժողովրդավարության արժեքները եւ մարդու իրավունքները։ Ռուսաստանում եւ Բելառուսում խաղալու եւ այդ երկրների հետ զուգորդվելու որոշում ընդունած կանադացի մարզիկները հետո պետք է բացատրություն տան մեր հանրությանը։

Կանադայի կառավարությունը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը։ Կանադացիները պետք է լքեն Ռուսաստանը եւ Բելառուսը։ Նրանց հյուպատոսական ծառայություններ մատուցելը գրեթե անիրական է այս պայմաններում»,- Բլանշարի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ուկրաինայի տարածքում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորահավաք, որին կարող են ներգրավվել նաեւ երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիներ։

Նախորդ հոդվածըԲողոքի ցույց «Мир»–ի օգտագործումը դադարեցնելու դեմ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի մասին