‘Կանտոնա. «Դեշամը, նրա գործակալն ու փաստաբանը պետք է կարողանան զրպարտությունը տարբերել հասարակայնորեն խնդրի քննարկումից»’

1620

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես արձագանքեցին իմ մեկնաբանությանը: Այսպիսի վեճերը տևում են 24 ժամ, որի ընթացքում հիմարները խոսում են, իսկ հետո բոլորը մոռանում են»… 

Էրիկ Կանտոնան կարծում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզմենան բոլոր իրավունքներն ուներ իր կարծիքը հայտնելու Դիդյե Դեշամի որոշման մասին: Հիշեցնենք, որ Marca-ին տված հարցազրույցում Քարիմն ասել էր, որ Դեշամը «տեղի տվեց ռասիստների կարծիքին» ու իրեն չընդգրկեց Եվրո-2016-ի հայտացուցակում:

«Ես բացարձակ զարմացած չեմ Բենզեմայի մեկնաբանություններից: Ուզում եմ ասել, որ նա, ինչպես և ես, Դեշամին ռասիզմի մեջ չի մեղադրել: Նա պարզապես ասել է, որ Դեշամի որոշումը հանրային կարծիքի արդյունք էր, որը Ֆրանսիայում ներկայումս տիրող քաղաքական կլիման է արտահայտում:

Իր մեկնաբանությամբ Բենզեման ցույց տվեց, որ խիզախ է, որովհետև նա դեռ խաղում է ու կարող է ազգային թիմին օգտակար լինել: Բայց նորմալ է, որ նա առաջին հերթին մտածում է որպես Ֆրանսիայի քաղաքացի, հետո միայն՝ որպես խաղացող: Նա արձագանքեց կոնկրետ խնդրի:

Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես արձագանքեցին իմ մեկնաբանությանը: Այսպիսի վեճերը տևում են 24 ժամ, որի ընթացքում հիմարները խոսում են, իսկ հետո բոլորը մոռանում են:

Ես ասել եմ, որ հնարավոր է Բենզեման դուրս է մնացել Վալբուենայի հետ կոնֆլիկտի պատճառով: Բայց դա չի նշանակում, թե ես իրավունք չունեմ հարց տալու: Սպորտի նախարարն ու երկու իշխանավոր չէին ցանկանում, որ նա մասնակցեր: Դա ինձ համար բավական է, որ կասկածի ենթարկեմ Դեշամի անկախությունը»:

Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի վերաբերյալ Կանտոնան մասնավորապես ասաց.

«Կարծես թե Դեշամն ուզում է ինձ դատի տալ: Սա առաջին անգամ է, որ նա պաշտպանությունից անցնում է հարձակման… Բայց տեսնենք՝ որքանով դա նրան կհաջողվի:

Դեշամը, նրա գործակալն ու փաստաբանը պետք է կարողանան զրպարտությունը տարբերել հասարակայնորեն խնդրի քննարկումից: Ես պարզապես կարծիքս եմ հայտնել»:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում վստահ են, որ Թուրքիայի հետ կապերն ամուր են’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղ բնակիչները փախչում են Էլ-Ֆալուջայից’