‘Կառավարությունը կերաշխավորի անբուժելի հիվանդների արժանապատիվ մահանալու իրավունքը’

1020

Մարդը, նրա արժանապատվությունը հանդիսանում են բարձրագույն արժեքներ, ուստի  մարդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ ապրելու նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով տառապելու դեպքում, ինչպես նաև պետք է երաշխավորվի նրա արժանապատիվ մահանալու իրավունքը: Այսպես է Կառավարության վաղվա նիստում հիմնավորվելու  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին   Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման  անհրաժեշտությունը: Նշյալ օրենքը կառավարությունը լրացնելու է 3.1 հոդվածով, որը վերնագրված է. «Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը»:

Հոդվածում նաև բացատրվում է, թե ինչ է  նշանակում «պալիատիվ բժշկական օգնություն». «Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի  մեղմել  հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված  ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու  և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով»: Թե ինչպես է կառավարությունը երաշխավորելու անբուժելի հիվանդների արժանապատիվ մահանալու իրավունքը՝ դեռևս այդքան էլ պարզ չէ:

Նախորդ հոդվածը‘Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն է խնդրում հայ ժողովրդից’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելությունից’