‘Կառավարությունը պետք է չմերժի ՀՀԿ-ական պատգամավորների նախագիծը’

895

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Կառավարությունը քննարկել է այս նախագիծն ու որոշել, որ պետք է բացասական եզրակացություն տա:

Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»:

Նշենք նաև, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում են թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների մի շարք սեփականատերեր, մասնավորապես՝ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը (Վեդու Մանվել), ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը (Մապի Ալիկ), «Ավշար Ալկո» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), ինչպես նաև բազմաթիվ կեղծ օղիների և հայտնի բրենդների էժանագին կրկնօրինակների հեղինակ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ):

Նախորդ հոդվածը‘ԱԺ որոշ կոճակ սեղմողներ արդեն հասցրել են «հոշոտել ստախոսներին» և «հղիացնել զակաշչիկների կնանիքին»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը’