‘Կառլսենը կրկնեց Կասպարովի ռեկորդը, Արոնյանը 2-րդն է’

984

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess սուպերմրցաշարը: Վերջին` 13-րդ տուրից առաջ մնացել էր միայն մեկ հարց. ո՞վ կգրավի 2-րդ տեղը` Արոնյա՞նը, թե Անանդը:

Ընդհանրապես, վերջին տուրը բավական հետաքրքիր եւ դրամատիկ իրադարձություններով հարուստ ստացվեց: Թերեւս, վերջին տուրին շախմատիստները արդեն հոգնած էին եկել, այստեղից էլ բազմաթիվ, երբեմն մանկական սխալների առատությունը: Ոչ մի պարտիա առանց կոպիտ սխալների չի անցել: Արոնյանն, օրինակ, մեծ առավելություն ուներ Կարուանայի նկատմամբ, սակայն մեկ-երկու սխալ, եւ իտալացին կարողացավ փրկել խաղը, չնայած Արոնյանը մինչեւ 104-րդ քայլը հաղթանակի ուղիներ էր փնտրում:

Արոնյանի ոչ-ոքիից հետ մնում էր սպասել Անանդի պարտիային: Եթե աշխարհի չեմպիոնը սեւերով հաղթեր Վան Հաոյին, ապա հենց նա կգրավեր 2-րդ տեղը: Սակայն Անանդը անսպասելիորեն պարտվեց չինացուն` պարտիայի ընթացքում մի քանի կոպիտ սխալ թույլ տալով: Անանդի պարտությունը Արոնյանին 2-րդ տեղ ապահովեց:

Անդրադառնալով Արոնյանի մրցելույթներին այս մրցաշարում, այն կարելի է գնահատել որպես բավական հաջող, կամ, խորհրդային դպրոցի չափանիշներով`հաստատուն, չաղլիկ 4: Արոնյանը վաստակեց 8,5 միավոր, այսինքն` +4, ինչը նման մրցաշարի համար բավական բարձր ցուցանիշ է: Մրցաշարը կայուն անցկացրեց, միակ պարտությունը կրեց Անանդից, բայց դա այն պարտություններից է, որոնց համար կարելի է չամաչել: Դա ընդհանրապես տարվա լավագույն պարտիաներից է համարվելու: Սակայն մեկ թերություն Արոնյանի մոտ կարելի է ընդգծել. չլիներ այն, հենց հայ գրոսմայստերը կարող էր մրցաշարի հաղթող դառնալ, այլ ոչ թե Կառլսենը: Դա շտապողականությունն է վերջնախաղերում, հատկապես այն պարտիաներում, որտեղ Արոնյանը մեծ առավելություն ուներ, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակները: Շահած դիրքերում, չունենալով ժամանակի սղություն, Արոնյանը շատ հաճախ կայծակնային արագությամբ էր պատասխանում մրցակցի քայլին եւ դա երբեմն ամենահաջող քայլը չէր լինում: Միգուցե սա մեր սուբյեկտիվ կարծիքն է, բայց այն, որ Արոնյանը շահած դիրք ուներ Կարյակինի եւ Կարուանայի հետ պարտիաներում, եւ մոտ էր Կառլսենի հետ խաղում հաղթանակին, սա բոլորն են ընդունում: Եվ եթե այդ պարտիաներում Արոնյանը հաղթեր, ապա նա կշրջանցեր նորվեգացուն:

Իսկ նորվեգացին եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս պահին համարվում է աշխարհի ուժեղագույն շախմատիստը: Միգուցե ուժեղագույնը Գարի Կասպարովի ժամանակներից: Բերենք մեկ փաստ. Կառլսենը այս մրցաշարում վաստակեց 10 միավոր` +7 ցուցանիշով եւ սա այս մրցաշարի պատմության ռեկորդի կրկնությունն է: Իսկ ռեկորդը, արդեն կռահեցիք, պատկանում էր հենց Գարի Կասպարովին: Այժմ Կառլսենին լիարժեք ուժեղագույնը լինելու համար պակասում է աշխարհի չեմպիոնի թագը, որն առայժմ կրում է Վիշի Անանդը:

Անանդը առանձին խոսակցություն է: Այս մրցաշարում նա ցույց տվեց, որ դեռ վաղ է իրեն «խաղից դուրս» վիճակում թողնել: Արոնյանի հետ պատմական պարտիայում նա ցույց տվեց, որ դեռ բավարար պոտենցիալ ունի` իր կոչումը պաշտպանելու համար: Եվ այն, որ նա վերջին տարիներին առանձնապես չի փայլում ոչ ուժեղ խաղով, ոչ էլ ինչ-ինչ նվաճումներով, պատճառը շատ հասարակ է. նա աշխարհի չեմպիոնն է եւ միայն չեմպիոնի կոչման համար պայքարում է պատրաստ ցույց տալ իր իրական ներուժը:

Մեծ հաշվով, Tata Steel Chess մրցաշարը եւ դրան նախորդած մի քանի այլ խոշոր մրցաշարերը ցույց տվեցին, որ այս պահին Անանդին կարող են ձեռնոց նետել եւ գահընկեց անել ընդամենը չորս գրոսմայստեր` Մագնուս Կառլսենը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը եւ, որքան էլ դա տարօրինակ թվա, Վասիլի Իվանչուկը: Մնացած բոլոր շախմատիստները աչքի չեն ընկնում կայունությամբ, կարող են բացառիկ հզոր պարտիաներից հետո նույնքան թույլ խաղ ցուցադրել:

Վեյկ Ան Զեե, 13-րդ տուր

Սերգեյ Կարյակին — Լյուկ վան Վելի` 1:0, Վան Հաո — Վիշվանաթան Անանդ` 1:0, Անիշ Գիրի — Մագնուս Կարլսեն, Հիկարու Նակամուրա — Պենտալա Հարիկրիշնա, Էրվին Լ՛Ամի — Իվան Սոկոլով, Ֆաբիանո Կարուանա — Լեւոն Արոնյան, Հոու Յիֆան — Պետեր Լեկո:

Մրցաշարային աղյուսակը եզրափակիչ տեսքը

1. Մագնուս Կարլսեն՝ 10; 2. Լեւոն Արոնյան` 8,5, 3-4. Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին` 8; 5. Պետեր Լեկո՝ 7,5; 6. Հիկարու Նակամուրա՝ 7; 7. Պենտալա Հարիկրիշնա` 6,5; 8-10. Լյուկ վան Վելի, Անիշ Գիրի, Վան Հաո՝ 6; 11. Հոու Յիֆան՝ 5,5; 12. Ֆաբիանո Կարուանա՝ 5; 13. Էրվին Լ՝Ամի՝ 4; 14. Իվան Սոկոլով՝ 3:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’