‘Կասպրշիկ. Հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա ‘

813

Հրադադարի ռեժիմի խախտման փաստերը և շփման գծում կորուստներն անհանգստություն են առաջացնում: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքով, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը հնարավոր է կանխել` պահպանելով հրադադարի ռեժիմը: «Ցավոք, վերջին շաբաթներին իրավիճակը էլ ավելի է սրվել, և հետագա սրման ռիսկը թերագնահատվում է»,- ընդգծել է նա: Կասպրշիկը նշել է, որ զորքերի շփման գծում դիտարկում անցկացնելու ժամանակ լարվածության սրման ականատես է դարձել: «Չնայած այն բանին, որ տեղի հրամանատարները երկու կողմից երաշխավորել են, որ դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն լինի և խումբը կլինի անվտանգության մեջ` կրակ է բացվել: Հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Ըստ որում, նա ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում կողմերին հրադադարի վերաբերյալ համաձայնագրի պայմանների լրիվ և անվերապահորեն պահպանման կոչ են արել: «Համանախագահները նշել են, որ վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունները ձախողում են  բանակցությունները և նվազեցնում են խաղաղ կարգավորման հեռանկարները: Հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ բանակցությունները շարունակվում են, և այդ հարցը տարածաշրջան համանախագահների այցի քննարկման թեմա կդառնա»,- ասել է Կասպրշիկը:

 

 

Նախորդ հոդվածը‘Վարդանիկի որդուն մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Ցնցող անակնկալ. Տարոն Մարգարյանը՝ «տարվա լավագույն քաղաքապետ» ‘