‘«Կարաո՜ւլ», կամ կյանքն օֆշորում…’

1682

Փառք Աստծու, հազա՛ր փառք՝ այն բանի համար, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Կճոյանը վերջապես «թոթափեցին իրենց ոտքերը հեղինակազրկման աղտոտ փոշուց» եւ գտան, հայտնաբերեցի՛ն  այն մարդուն, ով սրանից երեք տարի առաջ Կիպրոսի օֆշորային գոտում սույն ազնվագույններին բաժնետեր էր դարձրել իր ընկերությունում`  առանց նրանց գիտության եւ համաձայնության:

Կեցցե նաեւ ինքը` սրտակից ընկեր ու սանիկ Աշոտ Սուքիասյանը, որովհետեւ  եթե մեղավորի անկեղծ զղջումը, թե «չի գիտակցել` ինչ է արել», փրկության առհավատչյա է նկատվում նույնիսկ մեր երկնային Հոր համար, մեզ հետ նույն օդը շնչող Կճոյանին, վարչապետին եւ կամ գլխավոր դատախազին նամակով դիմե՞լն ինչու պիտի գոնե մեղմացուցիչ դեպք հանցանաց չդիտարկվի գոնե հասարակության կողմից: Թե չէ արդեն մտածում էինք, թե էդ ստոր ընդդիմությունն է խայտառակ խաղ խաղացել խեղճ վարչապետի եւ Կճոյանի գլխին…

Բայց ամեն բան շարադրենք ըստ կարգի՝ չմոռանալով, որ այլեւս գործ ունենք հարուցված քրեական գործի հետ:

Երեկ արդեն «պարզ դարձավ», որ Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի հիմնադիրը (առայժմ պարզ չէ` արդյո՞ք նաեւ սեփականատերը) ամենատարբեր մեքենայությունների հետ կապվող, վարչապետի ընկեր եւ Կճոյանի բենթլիասեր սանիկ Աշոտ Սուքիասյանն է: Դժվար է ասել` դատախազությունն այդ մասին նրա` դրսից իրեն հասցեագրված նամակի՞ց է իմացել, թե՞ երկար է «չարչարվել»՝ պարզելու համար: Բայց փաստ է, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունը որոշել է առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար մեղադրանք ներկայացնել գործարարին: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: 

Ինչեւէ, հինգ էջանոց նամակում, որի պատճենն Աշոտ Սուքիասյանն ուղարկել է նաեւ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցին, վերջինս հետեւյալն է պնդում. «Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Այստեղ արդեն տեղին կլիներ ծնծղա եւ թմբուկ զարկել, տեղը տեղին զվարճանալ` տարբեր անեկդոտներ պատմելով անգիտության ու անհամաձայնության վերաբերյալ, բայց միանգամից ասենք այն, ինչ ժամանակին Ստանիսլավկսին ասաց` Не верю!

Դե չեմ հավատում, եղբայր, ի՞նչ կարող ես անել: Որքան էլ վարչապետի խորհրդականն իր սեփական կայքէջում գրի, թե կարող ես նույնիսկ Հռոմի պապին բաժնետեր դարձնել քո ընկերությունում, եթե հանկարծ որոշես նման մի քյանդրբազություն անել, չի կարող այդպիսի բան լինել այն պարզ պատճառով, որ ուղղակի չի՛ կարող լինել: Կիպրոսը ձեզ համար ինչ-որ աֆրիկյան երկիր, Սեյշելյան կղզիներ  չէ, որ մտքներովդ ինչ անցնի` գործի դնեք: Մի անգամ եւս կրկնենք. այդ երկիրը ԵՄ անդամ է, ընդունել է ֆինանսական հրապարակայնության միջազգային ստանդարտները եւ հանցագործության ցանկալի վայր չի կարող լինել ոմանց համար:

Այնպես որ` «անգիտության եւ անհամաձայնության» վարկածը, որ համառորեն փաթաթվում է հանրության վզին, կարող եք ձեզ պահել: Փառք Աստծո, Տիգրան Սարգսյանի այն թեզը, թե ցանկացած մեկը կարող է իրեն թույլ տալ Կիպրոսում ընկերություն հիմնել, ջրվեց. մենք ձեզ հետ միասին տեսանք, թե, մի կողմ դրած մնացած բաները` որքան դրամական միջոցներ են անհրաժեշտ նման մի բան գլուխ բերելու համար…

Հիմա` «մի կողմ դրածի» մասին՝ ավելի մանրամասն, քան ներկայացրել էինք նախորդ նյութում: Այս անգամ առաջ գնանք մեկ այլ ճանապարհով: Ի՞նչ փաստաթղթեր են լինելու ձեռքիս տակ` Կիպրոսի օֆշորային գոտում ընկերություն գրանցելուց հետո: Հիշյալ հարցում մասնագիտացած ընկերությունը այս անգամ էլ փաստաթղթերի հետեւյալ ստանդարտ փաթեթը ներկայացրեց.

  1. Memorandum and Articles of Association (Учредительный договор и Устав Компании)
  2. Certificate of Incorporation (Сертификат о регистрации компании)
  3. Shareholder certificate (Сертификат об акционерах компании)
  4. Registered office certificate (Сертификат о зарегистрированном офисе компании — аналог юридического адреса)
  5. Director and Secretary certificate (Сертификат о составе директоров и секретаре компании)
  6. Minutes of the First meeting of Directors (Протокол первого учредительного собрания компании)
  7. Резиновая печать
  8. Апостилирование предоставляется для документов перечисленных в пунктах 1-5

Հիմա կեռ կետ հասկանանք, թե ինչ են սրանք նշանակում: Այսպես կոչված՝ Հիմնադիր մեմորանդումի մեջ պիտի անգլերենով եւ հունարենով ներառված լինեն կազմակերպության անունը, դրա իրավաբանական հասցեն` լրացուցիչ փաստարկներով /ասենք` սեփականության իրավունքի վկայականի պատճենը, եթե դա համընկնում է ֆիզիկական հասցեին, կամ վարձակալված գրասենյակի շուրջ կնքված պայմանագիրը, նաեւ` կոմունալ վճարների բանկային կտրոնները/: Պիտի նկարագրված լինի այն գործունեությունը, որով ընկերությունը պատրաստվում է զբաղվել: Պիտի ներկայացվի բաժնետերերի մասին տեղեկատվություն` անձնագրի պատճենները, բանկային հաշիվները, ստորագրությամբ եւ նոտարական հաստատմամբ ամրագրված մի փաստաթուղթ այն մասին, որ բաժնետերերը միավորվել են ընկերություն հիմնելու շուրջ, բաժնետոմսերի  քանակը, դրանց արժեքը, նոր բաժնետոմսերի թողարկման կարգը, վերջապես` ընկերության կանոնադրությունը եւ այլն: Չծանրաբեռնենք ընթերցողին, այստեղ կարող է ավելի քան հարյուր կետ թվարկված լինել: Բայց հենց միայն այսքանն ընթերցելուց հետո մի՞թե պարզ չէ, որ Աշոտ Սուքիասյանը չէր կարող առանց վարչապետի եւ Կճոյանի գիտության` նրանց բաժնետեր դարձնել իր ընկերությունում:

Ինչ վերաբերում է Certificate of Incorporation կետին` սա, փաստորեն, սերտիֆիկատ է ընկերության գրանցման վերաբերյալ, որը տրվում է Կիպրոսի համապատասխան մարմնի կողմից, եւ որում տվյալներ են այն մասին, որ այսինչ ընկերությունը գրանցվել է իրենց մոտ այսինչ համարով:

Shareholder certificate-ը տրվում է ընկերության հիմնադրին: Քանակը չի սահմանափակվում.կարող է լինել ինչպես մեկ, այյնպես էլ մի քանի հիմնադիր: Registered office certificate-ում նշվում է ընկերության իրավաբանական հասցեն Կիպրոսում: Դա այն վայրն է, որտեղ ուղարկվում եւ որտեղից ստացվում է ողջ թղթակցությունը:

Director and Secretary certificate. փաստաթուղթ է այն մասին, թե ով է ընկերության տնօրենը: Կարող է լինել մեկը, կամ մի քանիսը, իսկ եթե կիպրոսյան քաղաքացի է` ընկերությունը ավտոմատ կարգով դառնում է ռեզիդենտ: Նույնը` քարտուղարի պարագայում: Հավելենք միայն, որ երկու դերերում էլ կարող են հանդես գալ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք:

Minutes of the First meeting of Directors-ը արձանագրություն է ընկերության առաջին հիմնադիր ժողովի վերաբերյալ: Կարող է անցկացվել կամ տեղում, կամ օնլայն: Եթե բաժնետերերը ներկա չեն, կարող են արտոնել տնօրենին ու քարտուղարին` իրենց փոխարեն վարել այն: Նույնկերպ կարող է նաեւ հիմնադիրը վարվել: Ե՛ւս մի ապացույց, որ առանց բաժնետերերի իմացության Աշոտ Սուքիասյանը չէր կարող այսօրինակ գործողությունների դիմել: Մանավանդ՝ եթե ապոստիլ է պահանջվում  բոլոր այս փաստաթղթերի համար, եւ եթե Սուքիասյանը 2010-ի հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել ու կիպրոսյան ոչ թե մեկ, այ երեք ընկերությունների է փոխանցել 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի չափով վարկ:

Ուրեմն, ի՞նչ է ստացվում` ամփոփենք. Աշոտ Սուքիասյանի նամակն ու դրանում ներկայացած փաստարկները ոչ միայն հավաստի չեն թվում, այլեւ ծիծաղելի են: Այս երկրում վաղուց արդեն գոնե մի միամիտ մարդ չկա, ով կհավատա, որ մորմոնների ու Օսկանյանի փողերը անքուն հսկող, Ալեքսանդր Արզումանյանին փողերի լվացման մեջ մեղադրող մեր ԿԲ-ն, վարչապետը, դատախազը եւ սրանց բոլորի տիրակալ Սերժ Սարգսյանը կարող էին այսքան ակնհայտ մի փաստից անտեղյակ լինել: Կամ` ո՞վ կհավատա, որ բանկը հենց այնպես կարող է վարկ տրամադրել անկապ մեկին այն դեպքում, երբ ինքն էլ ի՛ր հերթին պիտի որ տեղեկություններ պահանջած լիներ կիպրոսյան ընկերության մասին` հնարավոր ռիսկերը կառավարելու համար: Պահանջել-տեսել է բաժնետերերին ու լռե՞լ: Զարմանալի է: Ինչպես զարմանալի է Սուքիասյանի այն պնդումը, թե Կճոյանին ու Սարգսյանին գաղտնի բաժնետեր է դարձրել, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից: Հարց է առաջանում` ի՞նչ ոտնձգությունների մասին է խոսքը. կիպրոսյա՞ն, թե՞ հայաստանյան: Առաջին տարբերակն անհնար է, որովհետեւ Կիպրոսի օֆշորային գոտին արդե՛ն նման պաշտպանություն ենթադրում է: Իսկ եթե Հայաստանում` մնաց մնացածը պարզենք…

Գոհար Սիմոնյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն նվազագույն աշխատավարձ սահմանեց’
Հաջորդ հոդվածը‘Լ Զուրաբյան. Եթե կա ինչ-որ մեկը, որին կարելի է մեղադրել ներդրումները վանելու համար, դա իշխանությունն է. Թարմացված, Տեսանյութ’