‘Լ Զուրաբյան. Եթե կա ինչ-որ մեկը, որին կարելի է մեղադրել ներդրումները վանելու համար, դա իշխանությունն է. Թարմացված, Տեսանյութ’

1734

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման մասին» օրինագծին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ իրենց որոշումը պատճառաբանելով նրանով, որ իշխող մեծամասնությունը չընդունեց 4 խմբակցությունների՝ դիպլոմները հայերեն տեղայնացնելու առաջարկը:

«Հանրապետական պատգամավորները, ընդ որում՝ առանցքային պատգամավորները,  մինչև հիմա չեն հասկացել, որ Սահմանադրությամբ արգելված է լինել պատգամավոր և զբաղվել բիզնեսով, այսինքն՝ իրենք գործում են հանցագործություն, ինչը կապված է իշխանության չարաշահման հետ»,- ամբիոնից սկսեց իր խոսքը խմբակցության ղեկավարը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդհատեց Զուրաբյանին և սկսեց միջամտել, և Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանին կոչ արեց «կարգի հրավիրել  անպատկառ պատգամավորներին»: Հովիկ Աբրահամյանն իր հերթին խնդրեց Զուրաբյանին կոռեկտ լինել, իսկ Գալուստ Սահակյանին՝ չընդհատել պատգամավորի ելույթը:

Շարունակելով ելույթը և պատասխանելով հնչող մեղադրանքներին, թե  ընդդիմությունը վանում է ներդրումները, Զուրաբյանը դա զավեշտալի համարեց՝ նշելով, որ ներդրումներ վանելու մասին խոսում է մի իշխանություն, որը ձախողեց Միացյալ Նահանգների խոշոր ներդումային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը շուրջ 265 միլիոն դոլար էր:

«Ներդրումների ձախողման մասին խոսում է մի իշխանություն, որի ընտրակեղծարարության պատճառով Եվրոպական միությունը այդպես էլ չհրավիրեց դոնորների կոնֆերանս, որի նպատակն էր Հայաստանում տարեկան կատարել 1-ից 1.5 մլրդ ներդրումներ: Մի իշխանություն, որի բնապահպանության նախարարը նախարար աշխատելու տարիներին «Global Gold Corporation» ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել: Նույն այս գործով ամերիկյան դատարանը վճիռ է կայացրել, որը պարտավորեցնում է դահլիճում ներկա Վարդան Այվազյանին պետական լծակների չարաշահման արդյունքում վնասներ հասցնելու համար տուժող կողմին վճարել 37,5 մլն դոլար: Սրանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս համաշխարհային ներդրումային հանրությանը, որը նման հանցագործություն կատարած մարդուն նշանակում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ»,- նկատեց Լևոն Զուրաբյանը:

Նա, խոսելով 2012 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետության մասին, ափսոսանք հայտնեց, որ 2009 թվականի նման՝ այս տարի չեն ներկայացվել հստակ գնահատականներ, թե պետբյուջեից որքան գումար է գողացվել:  Զուրաբյանը հիշեց, որ 2009 թվականին ստուգվել էր բյուջեի պատահական ընտրված ծախսերի 4 տոկոսը, և միայն այդտեղ բացահայտվել էին 8մլրդի չարաշահումներ:

 Նա նկատեց, որ շատ դիվանագետների հետ շփման արդյունքում պարզ է դարձել, որ արտերկրում չեն հասկանում, թե ինչու պետք է վարկեր տան Հայաստանին, եթե դրանք օգտագործվում են ոչ թե երկրի զարգացման կամ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, այլ Հայաստանը ապօրինի կառավարող մի քանի ընտանիքների հարստացման համար:

 

«Օֆշորային սկանդալներից, չարաշահումների բացահայտումներից հետո ո՞ր բարեխիղճ ներդրողը Հայաստանում կանի ներդրում: Եթե կա ինչ-որ մեկը, որին կարելի է մեղադրել ներդրումները վանելու համար, դա դուք եք, ձեր իշխանությունը»,- հայտարարեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ Կոնգրեսի խմբակցությանը օրենքում առկա բացթողումները հայտնի են՝ սողանցքներ հարկային պարտավորություններից խուսափելու համար, արտոնյալ ընկերություններից ցուցակ կազմելու իրավունքի չարաշահում և այլն: Նա նաև հիշեցրեց Քսենյա Սոբչակին գործարար Ռուբեն Վարդանյանի տված հարցազրույցում այն հայտարարությունը, թե Հայաստանում գործում է կոշտ կլանային համակարգ, և  ինքը ներդրումներ է անում Հայաստանում, քանի որ բարի հարաբերություններ ունի իշխանությունների հետ:

«Մարդը բացահայտ ասում է, որ մեր երկրում ներդրումներ կարող ես անել միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը «օրթախ» են իր հետ:

Պարզ չէ՞, որ եթե այս նախագծով մենք կառավարությանն ենք տալիս արտոնյալ ընկերությունների ցուցակ կազմելու իրավունքը, իսկ դա բառացիորեն գրված է օրենքում, ապա այս ավազակապետական կառավարությունը ինչքան կչարաշահի այդ դրույթը, և կարծում եմ, որ շատ կազմակերպություններ հերթ կկանգնեն և այդ արտոնությունները կստանան, որոնք որևէ կապ չունեն Դիլիջանի դպրոցի հետ:

Կամ ինչո՞ւ է կառավարությունը խոսում 550 միլիոնի մասին, եթե օրենքում գրված է միայն 40 միլիարդ դրամ ներդրման մասին: Ինչո՞ւ եք այդ հեքիաթը մեզ պատմում: Մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը», չենք մերժում այս ներդրումը երկու պարզ պատճառով. առաջինը՝ ինքը պրոյեկտը բավականին լուրջ ծրագիր է, և երկրորդը՝ դուք այնպիսի վիճակի եք հասցրել այս երկիրը, որ ներդրումների հարցում մենք իսկապես պետք է բռնվենք անգամ փրփուրներից, անգամ նման կոռուպցիոն ռիսկերով լի, հեքիաթային պրոյեկտից, միայն թե ապահովենք գոնե ինչ-որ ֆինանսական հոսք, որ թեկուզ Դիլիջանում ինչ-որ չափով զսպվի այդ փախեփախ արտագաղթը:

Մենք խնդրեցինք բավարարել ընդամենը մեկ պահանջ՝ լուծել թարգմանության և տեղայնացման հարցը: Այս պահանջն ունի շատ սկզբունքային նշանակություն, որովհետև նման բարձր մակարդակի օտարալեզու դպրոցի ստեղծումը Հայաստանում կստեղծի մի իրավիճակ, որում հայալեզու կրթությունը կդառնա երկրորդ սորտի կրթություն, ուստի շատ կարևոր է, որ այդ համակարգը թարգմանվի հայերեն և կիրառվի Հայաստանում:

Բոլոր ազգերը, որոնք մտածում են իրենց առաջընթացի մասին, առաջին գործը, որ անում են միշտ, թարգմանում են ամենակարևոր, պրոգրեսիվային արժեքները մշակութային, գիտության, կրթության բնագավառում իրենց լեզվով: Սա պետք է անպայման լինի, եթե սա չի լինում, դուք հայալեզու կրթությունը դարձնում եք երկրորդ սորտի կրթություն, և դա անում են, ի դեպ, էն նժդեհականները, որոնք, փաստորեն, ինչ ասես խոսեցին իրենց ազգայնականության մասին, բայց պարզվում է, որ ռեալ, իսկական, ազգային, հայասեր մարդիկ նրանք են, ովքեր հիմնադրեցին այս հանրապետությունը շատ կարևոր ազգային սկզբունքների վրա»,- եզրափակեց իր ելույթը խմբակցության ղեկավարը:

Որոշումն ընդունվեց ձայների կողմ՝ 67, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 12 հարաբերակցությամբ: 

 

Նախորդ հոդվածը‘«Կարաո՜ւլ», կամ կյանքն օֆշորում…’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Բրեդլի. Մխիթարյանը «Լիվերպուլում» առանցքային դեր կխաղա’