‘Կարեն Կարապետյան. «Ատկատների» համար փող կա, ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞’

2115

«Հրապարակը» զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանի հետ: Հատված հարցազրույցից.

— Այս օրերին բավական աղմուկ բարձրացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ մայրության նպաստների վերաբերյալ: Կառավարությունը, ի վերջո, գնաց զիջումների: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հասարակության ձայնը լսելի է իշխանությունների կողմից:

— Չեմ կարծում, թե օրենքի փոփոխության հեղինակները պատկերացում չունեին առաջարկի հետևանքների ու հնարավոր հակազդեցության մասին: Խոսքը մի հարցի մասին է, որն ուղղակիորեն առնչվում է մեզ համար շատ ցավոտ դեմոգրաֆիկ խնդիրներին: Եվ, փոխանակ շահագրգռելու ծննդաբերող մայրերին, որ կարողանան իրենց երեխաների կարիքները գոնե մի որոշ ժամանակ բավարարեն, պարբերաբար խոչընդոտներ ենք ստեղծում: Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենը իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներից «տանելու» համար կա, «ատկատների» համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞: Եվ, վերջապես, յուրաքանչյուր տաքսու վարորդի հարցրեք, ու նրանք ձեզ կասեն, թե որտեղից կարելի է ճարել այդ գումարները: Ես 20 տարի քաղաքական դաշտում եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է. չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս, մեղմ ասած, վիճելի նախաձեռնությամբ, հետո զիջումներ են անում, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն: Եղբայր, նման կարգի լավություններից վաղուց հոգնել ենք, կարող եք՝ օգտակար եղեք, իսկ բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մահացած են գտել դերասան Ալեքսեյ Դևոտչենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. Երկու նախարարություն կմիավորվեն, ևս մեկը՝ կստեղծվի’