‘Կարլ Բիլդտ. ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին հիմնված է զրոյական տրամաբանության վրա’

1095

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը իր պաշտոնական կայքում ներկայացրել է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի՝ վերջին տարիներին արձանագրած արդյունքները: 

«Դեպի Եվրամիություն ձգտումը հանրային լայն աջակցություն է գտնում, բայց շահադիտական նկրտումները երբեմն խոչընդոտում են անհրաժեշտ բարեփոխումները: ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ ավելի սերտ համագործակցության ճանապարհին  մենք հաճախ հանդիպում ենք նաեւ արտաքին ճնշումների: Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս կարծես թե մտադիր է օգտագործել իր ձեռքի տակ եղած ազդեցության լծակները եւ կոշտ միջոցները՝ փորձելով շեղել մեր գործընկերներին եվրոպական ուղուց», — նշում է Շվեդիայի ԱԳ նախարարը՝ մեջբերելով Ուկրաինայի եւ Մոլդովայի նկատմամբ Մոսկվայի գործադրած ճնշումները:

Անդրադառնալով Հայաստանին, Բիլդտը նշում է, որ մեր երկիրը վերջին շրջանում, այն բանից հետո, երբ հաջողությամբ ավարտեց Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրերի շուրջ բանակցությունները, անսպասելիորեն հայտարարեց Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իր մտադրության մասին:

«Այդ նախաձեռնությունը հիմնված է զրոյական տրամաբանության վրա, ի հակադրություն ԵՄ առաջրկած համագործակցության գրեթե անթերի մոդելի: ԽՀԱԱԳ պայմանագիրը լիովին համադրելի է այլ երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրերի հետ, եւ ԵՄ-ը ողջունում է ԱՊՀ երկրների, Մաքսային միության անդամների հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը, սակայն սա լրիվ այլ դեպք է», — գրում է Բիլդտը՝ հավելելով, որ Եվրամիությունը շարունակելու է մնալ իր հավատամքին՝ հարգել ցանկացած երկրի ինքնիշխան որոշումը, եւ անթույլատրելի է համարում չափազանց ճնշումը:

Ամփոփելով՝ Շվեդիայի արտգործնախարարը նշում է, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունենալիք ԱրլԳ գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրեր կստորագրվեն Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «սկզբունքորեն, հնարավոր է, որ համաձայնագրեր ստորագրվեն, սակայն այժմ մենք լուրջ կասկածներ ունենք»:  

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխությունն արդեն անխուսափելի է’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ը արդեն հասանելի է նաև Twitter-ում’