Կարպիս Փաշոյան. Առաջարկում եմ պատերազմական շանտաժով հանրությանը չդարձնել անբարոյական

707

Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Չի՛ կարելի 2024 թ․-ին ապրել 2017 թ․-ի տրամաբանությամբ։ Չի՛ կարելի 2024 թ․-ի մարտահրավերներին մոտենալ 2017 թ․-ի կարգախոսներով։

Շատ ընկերներ չեն հասկանում այս պարզ ճշմարտությունն ու դեռևս համառորեն խոսում են ոչմիթիզականությունից, ռացիոնալ լինելու վեհ անհրաժեշտությունից, փոխզիջումներից։ Ավելին՝ ռացիոնալին ու իռացիոնալին դուալիստական կրոնի կարգավիճակ են շնորհել՝ դիցարանային համակարգի տրամաբանությամբ չարը սահմանազատելով բարուց։

Կրոնական այս երկդիմի սիստեմում Հայաստանն ընդամենը մի առաքելություն ունի․ հավերժ անձնատուր լինել։ Քանի որ ըստ այդ վուլգարացված և միֆականացված ռացիոնալիզմի` Հայաստանը որպես անկախ պետություն գոյության որևէ շանս չունի։

Ամենևին էլ չեմ պնդում, թե անհրաժեշտ է տապալել բանակցային գործընթացն ու գնալ պատերազմի։ Ընդամենը՝ առաջարկում եմ պատերազմական շանտաժով և վիճակագրության պաշտամունքով հանրությանը չդարձնել անբարոյական։

Խուսափել պատերազմից դեռևս չի նշանակում խուսափել սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունից։ Իսկ եթե պատերազմն անխուսափելի է, ուրեմն պետք է նաև պատերազմել։

Բայց ախր հենց էս պահի դրությամբ խաղասեղանին բացառապես պատերազմ, թե խաղաղություն երկընտրանքը չի դրված։ Իրերի սև ու սպիտակ այս դասավորությունը, թերևս, հենց ռացիոնալ հորջորջվողների ամենամեծ մանիպուլյացիան է։ Պատարազմի և խաղաղության միջև հսկայական տարածություն կա, որտեղ իրականությունն այդքան էլ սև ու սպիտակ չի։

Մյուս էժանագին մանիպուլյացիան այն է, երբ գույները խտացնելու և հանրությանը տեռորի ենթարկելու նպատակով շեշտադրվում է Թուրքիայի դերը։ Իբրև թե փոքրիկ Հայաստանը չի կարող պատերազմել 80 միլիոնանոց տարածաշրջանային այդ տերության դեմ, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հրաժարվել ամեն ինչից՝ նույնիսկ Արարատ սարին նայելու հնարավորությունից։ Տրամաբանական հարց է առաջանում․ ի՞նչ տվյալների հիման վրա եք պնդում, թե Թուրքիան իր 80 միլիոնով պատրաստվում է ներխուժել Հայաստան։ Ինչ-որ գիտական վերլուծություններ կա՞ն, թե՞ պարզապես անհրաժեշտ է հանրությանը ահաբեկել ու վերջնականապես դասալիք դարձնել։

Ֆրանսիայի և Իրանի հնարովի բարեկամության, Ռուսաստանի հետ վերացական առճակատման հեքիաթներով, ոչմիթիզականության խրտվիլակը ծեծող ռացիոնալներով ապամոնտաժում եք պետությունը։ Իսկ դրա փոխարեն Երկնային Երուսաղեմ են խոստանում, որտեղից Արարատ լեռը չի երևում, բայց փոխարենը տնտեսությունն աճում է, ցլերն էլ խախանդ են»։

Նախորդ հոդվածըԱռաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հայտարարությունը
Հաջորդ հոդվածը«Ինտերն» ուժեղ էր «Յուվենտուսից». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)