Կեղծիք կա՛, կեղծիք

1272

Նախաբանի փոխարեն

Անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանը հենց պատգամավոր Արսեն Թորոսյանին ընտրել՝ վերջինիս մասնագիտական ոլորտին չառնչվող թեմաներով ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու կամ տրամադրություններ շոշափելու, կամ` գալիք հնարավոր իրադարձություններին հանրությանը նախապատրաստելու «առաքելության» համար, բայց փաստն այն է, որ արդեն որերորդ անգամ հենց նրա ֆեյսբուքյան ստատուսներով Փաշինյանը հանրությանը որոշակի մեսիջներ է ուղարկում Արցախյան հարցի եւ դրա հնարավոր հեռանկարների հետ կապված։ Փաստն այն է, որ Արսեն Թորոսյանը ստանձնել է այդ անպատվաբեր առաքելությունը եւ նախօրեին հերթական տեքստն է հղացել։

Ճշմարտությունը կեղծավորի շուրթերից հնչում է որպես կեղծիք

Արսեն Թորոսյանի գրածը, ըստ տեքստի, իբրեւ թե խաղաղության մասին է։ Ավելին, այդ տեքստի գրեթե 80 տոկոսը՝ առանձին, ֆրագմենտալ վերցրած ճշմարտություններ են, բազմիցս կրկնված, ծանոթ, անվիճելի։ Բայց խոսքն ինքնին առանձին կյանք չունի, խոսքի արժեքը ֆրագմենտալ չէ, խոսքի արժեքը կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում` թե ինչ համատեքստում է դա ասվում, երբ է ասվում, ով է ասում եւ ամենակարեւորը՝ ինչու է ասում։ Ահա այդ հանգամանքները կարող են անգամ ամենաանվիճելի ճշմարտությունները վերածել ոչ միայն պարզապես կեղծիքի, այլեւ՝ ցինիկ կեղծիքի։

Թորոսյանն ասում է, որ Հայաստանում եղել են ու կան ուրիշների կյանքի հաշվին հայրենասիրություն քարոզողներ, որոնք՝ հենց իրենք, երբեք չեն զոհվել իրենց գաղափարների համար, որ պետք է սթափվել, որ այդ քարոզները կարող են բերել բնաջնջման, որ նախ պետք է դավանել իրական հայրենիքը, որ պետք է ընդունել, որ սխալվել ենք, որպեսզի իրական խաղաղություն լինի։ Եթե այս մտքերն առանձին-առանձին գրեին ուրիշ մարդիկ, դրանք կլինեին ճշմարտություն, բայց երբ դրանք մեկտեղվում են իշխանության ներկայացուցչի տեքստում, դրանք վերածվում են սովորական կեղծիքի։

Կեղծիք 1 «Սխալվել ենք» ընդհանրական ձեւակերպումը արդեն կեղծիք է։ Իշխանությունը դեռ գործում է եւ կայացնում է որոշումներ, որոնք վերաբերվում են բոլորիս ճակատագրերին։ Եւ եթե գործող իշխանության ներկայացուցիչը ասում է` «սխալվել ենք», առանց կոնկրետ իրենց սխալը նշելու, ստացվում է մանիպուլյացիա, որով նրանք փորձում են ստեղծել մեկ ընդհանրական` համահայկական սխալ, որտեղ չկա իրենց առանձին սխալը, այն լղոզվում է, եւ այդ մեծ համահայկական սխալի մեջ դառնում է անտեսանելի, անկարեւոր։ Եթե Թորոսյանն անկեղծ լիներ, այդ տեքստը պետք է սկսվեր անկեղծ ինքնախոստովանությունից` առանձին մատնանշելով, թե իրենք ինչերն են սխալ արել (առանց լղոզելու, ընդհանրացնելու, մեղմացնելու), եւ ներողություն հայցեր դրանց համար, որովհետեւ երբ ինքն ասում է՝ խաղաղությունը գին ունի, պիտի իմանա, որ նախեւաառաջ գին ունեն սխալները, հատկապես` որեւէ երկրի իշխանությունների սխալները։ Բայց դրա մասին իրենք չեն խոսել ու չեն խոսելու, քանի որ եթե իրենք մատնանշեն իրենց սխալները, ապա նման սխալները խոստովանելուց հետո` նվազագույնը, պետք է հրաժարական տային։ Մի անգամ, իհարկե, Փաշինյանը նման փորձ արեց. խոստովանեց, որ սխալվել է կարգավորման չգնալով, քանի որ այդ դեպքում ավելի լավ արդյունք կլիներ։ Բայց ավելի լավ է չխոստովաներ, քանի որ որպես շարունակություն նա արտաբերեց մի զազրելի ցինիկ միտք, այն է` «բայց այդ դեպքում ինձ ասելու էիք դավաճան»։

Կեղծիք 2 Որպես առաջին կեղծիքի տրամաբանական շարունակություն, Արսեն Թորոսյանը մեկ ավելի զարհուրելի բան է անում, իրենց (իր կողմից չխոստովանված) սխալը մեղմելու համար` նախորդիվ եղած ամեն բան անվանում է սխալ։ Ե՛ւ սխալն է սխալ անվանում, ե՛ւ մեծագույն հաջողությունը։ Նա արժեզրկում է հարյուրամյա սխալների շարանի մեջ արձանագրված մեր ամենալուրջ նվաճումը՝ 90-ականների հաղթանակը, հաղթանակն առնում է չակերտների մեջ, մի բառով փորձում է ջնջել հայկական քաղաքական ավանդական մտքից դուրս՝ 90-ականների իշխանության քաղաքական ռացիոնալության արդյունքում գրանցված աներեւակայելի ձեռքբերումը, որպեսզի կարողանա ասել, թե սխալվել ենք բոլորս։ Այսինքն, սխալվել են նրանք, սխալվել եք դուք, սխալվել ենք մենք, կա սխալ, բայց չկա կոնկրետ սխալի համար պատասխանատու։ Ընդհանրապես այդպես է լինում, երբ մեղքի համար պատասխանատվությունից ցանկանում են խուսափել, այն ցրում են եւ դարձնում բոլորինը. այդ դեպքում մեկ կամ մի քանի կոնկրետ պատասխանատուներ չեն լինում։ Որոշումը կայացնում է մեկը, կամ` մի քանիսը, բայց պատասխանատվությունը բաժանվում է բոլորի միջեւ։ Հիշո՞ւմ եք, այդպես էին վարվում 2008-ից հետո Մարտի մեկի հետ, երբ իշխանություններն ու նրանց կցված անձինք ասում էին՝ «մարտի մեկի համար պատասխանատու ենք բոլորս»։ Դե, եթե` բոլորս, ուրեմն, բնականաբար` կոնկրետ ոչ ոք։

Ի դեպ, չակերտներում գրված «հաղթանակ» բառին հասնելուց հետո կարելի էր նույնիսկ չշարունակել արձագանքել, քանի որ հենց միայն դա բավարար է հեղինակին եւ նրա գրած տեքստը բնորոշելու համար, բայց բոլոր կետերն անդրադարձի կարիք ունեն, ուստի կշարունակենք։

Կեղծիք 3 Տեքստը խաղաղության մասին է։ Իբր։ Իրականում այդ տեքստը խաղաղության մասին չէ։ Ոչ էլ` պատերազմի։ Խաղաղությունն էլ, պատերազմն էլ քաղաքական կատեգորիաներ են, որոնց գնալիս որեւէ իշխանություն կատարում է քաղաքական հաշվարկներ։ Այս իշխանությունը, սակայն, այդ ռացիոնալ հաշվարկների հետ որեւէ աղերս չունի, նա դա չի արել ոչ պատերազմին գիտակցաբար գնալիս, ոչ էլ հիմա՝ իբրեւ թե խաղաղության գնալիս։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մի տեղ էլ չի գնում, ոչ մի խաղաղության էլ չի գնում, նրա քայլերն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ սիտուատիվ են, կախված իրավիճակից․ քանի դեռ մենք՝ իրենց կողմից այսօր արդեն չակերտներում գրվող հաղթանակի իներցիայի մեջ էինք ապրում, նա հայտարարում էր, որ հայկական բանակը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, բանաստեղծություններ էր գրում հարթավայրում հայոց զորքի մասին, Աղդամն էլ մեր հայրենիքն էին հռչակել, իսկ հիմա, երբ այդ հաղթանակը վերածեցին պարտության, հայտարարում են, թե խաղաղություն են բերում։ Բայց նրանց բերածը խաղաղություն չէ․ շատերին թվում է` եթե խաղաղությունը որպես երեւույթ պատերազմի հակադիրն է, ուրեմն` պատերազմական գործողությունների բացակայությունը խաղաղություն է։

Խաղաղությունը, սակայն, քաղաքական ակտ է եւ, առաջին հերթին՝ գիտակցված ու հոժարակամ ակտ, պետությունները, իշխանությունները խաղաղության ԳՆՈՒՄ ԵՆ սեփական կամքով, որոշակի պայմաններով, որոնց մի մասը կարող է ընդունվել, մի մասը՝ ոչ, մի բան ստանալով, մի բան զիջելով՝ փոխզիջմամբ (իհարկե, հազվադեպ լինում են դեպքեր` նաեւ միայն սեփական պայմանները պարտադրելով), դա կոչվում է արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ՝ այսինքն արժանապատվությունը չկորցնելով, այսինքն` մեջքն ուղիղ, ողնաշարը չջարդված։ Բայց երբ ոչ թե դու ես ԳՆՈՒՄ, այլ քեզ խաղաղության ՏԱՆՈՒՄ են, քեզ պարտադրում են, երբ դու ստիպված ես անում այդ քայլը, որովհետեւ մեջքդ արդեն ուղիղ չէ, ողնաշարդ էլ ջարդված է, ապա քաղաքական այդ ակտը բոլորովին այլ անուն ունի, ոչ թե` խաղաղություն։

Դա հենց այն է, ինչը մենք այսօր տեսնում ենք, ինչը` բաց ու անկեղծ խոստովանելու փոխարեն, այս իշխանությունները փաթեթավորել են «խաղաղություն» բառով եւ փորձում են մեզ համոզել, թե իրենք խաղաղության են գնում։

Դուք չե՛ք գնում խաղաղության, որովհետեւ այն ժամանակ, երբ իրական ու արժանապատիվ խաղաղության կարելի էր գնալ` չեք գնացել, դրա համար էլ հիմա ձեզ տանում են պարտադրված եւ ուրիշի պայմաններով խաղաղության, ձեզ տանում են գլխահակ ու կոտրված ողնաշարով։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Վաշինգտոնի մրցաշարում
Հաջորդ հոդվածըBild. Կավանին համաձայնեցրել է պայմանագիրը նոր ակումբի հետ