‘ԿԺԴՀ-ի հրթիռները կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք ‘

971

ԿԺԴՀ զինված ուժերը տիրապետում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, որոնք կարող են հասնել մինչև ԱՄՆ-ի տարածք: Նման հայտարարությամբ է հանդես եկել  երկրի պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ըստ նրա՝ հրթիռներն այնպես են տեղաբաշխված, որպեսզի կարողանան խոցել ոչ միայն կորեական թերակղզում, այլև Ճապոնիայում, Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում և նույնիսկ հենց ԱՄՆ-ի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները: «Քանի որ հարավկորեական խամաճիկները մտադիր են հարված հասցնել ԿԺԴՀ-ի հյուսիսային տարածքներին, ուստի երկրի բանակն ու ժողովուրդը բարձրացնելու են իրենց մարտունակությունը՝ ի պատասխան Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականության»,-ընդգծել է պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցիչը:

 Հարավային Կորեան երկուշաբթի օրը հրապարակել էր իր ծրագրերը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում 550-ից 800 կմ հեռահարության հրթիռներ տեղակայելու մասին: Իսկ անցյալ կիրակի հայտարարվեց, որ Սեուլը և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել հարավկորեական բալիստիկ հրթիռների թռիչքի հեռավորությունը 300-ից մինչև 800 կմ մեծացնելու և մարտագլխիկների քաշի վերաբերյալ: Ներկայումս, ինչպես հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները, ԿԺԴՀ-ում մշակվում է «Թեփհոդոն-2» բալիստիկ հրթիռը, որի թռիչքային հեռավորությունն ավելի քան 6700 կմ է, ինչը նրան հնարավորություն է տալիս հասնելու Ալյասկայի մի քանի շրջաններ: Թեպետ՝ նրա վերջին փորձարկումն անհաջող է եղել:

Նախորդ հոդվածը‘Սուտը՝ որպես իշխանության մնալու երաշխիք’
Հաջորդ հոդվածը‘Հիտլերը ԲԱՏԵ — «Բավարիա» հանդիպման մասին’