Կիմ Չեն Ին՝ հույսից մինչև հուսահատություն

727

Այն օրից, ինչ 27-ամյա գրեթե անծանոթ Կիմ Չեն Ինը հոր մահից հետո իր ձեռքը վերցրեց իշխանության սանձերը ԿԺԴՀ-ում, անցել է տասը տարի։ Դրանից հետո աշխարհի առաջնորդներից քչերը կարող են համեմատվել նրա հետ՝ համաշխարհային ԶԼՄ-ների խորոգրերում հիշատակվելու թվով։

2011 թ․ դեկտեմբերի 19-ին, երբ պետական լրատվամիջոցները հայտարարեցին, թե «քիչ առաջ 69 տարեկանում վախճանվեց թանկագին առաջնորդ Կիմ Չեն Իրը», ամբողջ երկիրը սգի մեջ թաղվեց, իսկ վերլուծաբանները  շտապեցին իրենց համակարգիչների մոտ՝ պարզելու Կիմ Չեն Ին անունով մարդու բոլոր տվյալները։

ԿԺԴՀ-ում նրան պաշտոնապես  տիտղոսավորել են «Մեծն ժառանգորդ»,  երիտասարդ առաջնորդը, որը հայտնի էր դահուկների և բասկետբոլի հանդեպ իր սիրով, նոր գաղափարների և նոր ժամանկների հույս էր ներշնչում։ Սակայն շատերը թերահավատ էին, թե 27 տարեկանում հնարավոր է ղեկավարել մի հանրություն, որտեղ  ծերության և փորձառության պաշտամունքն է իշխում։

Կիմերի դինաստիան պետությունը ղեկավարում էր 1948 թ․ դրա ձևավորումից ի վեր։ Ժողովրդին ներշնչում էին, թե նրանց արյունը սուրբ է՝ գաղափարական հենք ստեղծելով իշխանության ժառանգականության վերաբերյալ։

Իր առաջին ելույթներից մեկում Կիմ Չեն Ինը հավաստիացրեց, որ հյուսիսկորեացիներն «այլևս երբեք ստիված չեն լինի ձգել գոտիները։ 1990-ականների մահաբեր սով տեսած և հազարավոր զոհեր ունեցած ժողովրդի համար դա շատ կարևոր պահ էր։

Սակայն երիտասարդ բռնապետի բարի մտադրությունները չէին տարածվում նրանց վրա, ում մեջ նա թեկուզ աննշան սպառնալիք էր տեսնում իր իշխանության հանդեպ։ Առաջիններից մեկը դարձավ նրա հարազատ հորեղբայր Չան Սոն Տհեկը, որը համարվում էր թիվ 2 մարդը երկրում և բազմաթիվ համակիրներ ուներ։ Շուտով նա հայտարարվեց «հասարակության թերմացք՝ շնից էլ վատը», և գնդակահարվեց «կուսակցության միասնությունը քայքայելու» համար։

Հիմա ԿԺԴՀ-ի 25 միլիոն բնակիչներ ապրում են կոշտ հսկողության տակ և գրեթե ոչինչ կամ ընդհանրապես ոչինչ չգիտեն ո՛չ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, ո՛չ այն մասին, թե ինչ է աշխարհը մտածում իրենց երկրի վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍպանել են սիկհերի սրբավայրը պղծելու փորձ կատարողին
Հաջորդ հոդվածըԼեհաստանում բողոքում են ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ