Լեհաստանում բողոքում են ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ

443

Լեհաստանում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները երկրի գրեթե հարյուր քաղաքներում նախագահին կոչ են արել վետո դնել ԶԼՄ-ների մասին նոր օրենքի վրա, որը հանրության մի մասը ոչ դեմոկրատական է համարում։ Օրինագիծն ստացել է Սեյմի հավանությունը անցյալ ուրբաթ և այժմ ուղարկվել է պետության ղեկավարի հաստատմանը։

Օրինագիծը խստացնում է ԶԼՄ-ների օտարերկրյա պատկանելության վերաբերյալ կանոնները, ինչը կարող է հարվածել ընդդիմադիր TVN հեռուստաալիքին․ այն պատկանում է ամեիկյան Discovery խմբին։

Խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը քաղաքացիներին կոչ է արել միավորվել։ Ընդդիմությունը պոպուլիստների կառավարությանը մեղադրում է դեմոկրատիայի վրա հարձակման, մասնավորապես՝ դատարանների նկատմամբ քաղաքական վերահսկողություն սահմանելու և շուկայից դեմոկրատական ԶԼՄ-ները դուրս մղելու մտադրության մեջ։

Մինչդեռ պաշտոնական Վարշավան պնդում է, որ հարկավոր է պաշտպանել ազգային անվտանգության շահերը, իշխանությունների խոսքով՝ պետք է շատ զգույշ լինել հասարակական կարծիք ձևավորող լծակներին ոչ եվրոպացիներին մոտ թողնելու հարցում։

2015 թվականից Լեհաստանը մամուլի ազատության միջազգային վարկանիշում 18-րդ տեղից իջել է 62-րդ տեղ՝ հայտնվելով Նիգերիայի և Չիլիի միջև։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ին՝ հույսից մինչև հուսահատություն
Հաջորդ հոդվածըՀտոմի պապը կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համեմատել է սատանիզմի հետ