‘Կինոխորհուրդ. Մադամ’

7990

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

Ամանդա Շտերս. Մադամ (Ֆրանսիա)

Կարծում եք` կյանքում հնարավո՞ր է վերապրել «Մոխրոտիկի» պատմությունը, ասում են` մարդիկ սիրում են, երբ պատմությունները լավ ավարտ են ունենում, սակայն, միայն մարդիկ, սովորական մարդիկ, իսկ կանոններով ապրող վերնախավի մոտ ամեն ինչ այլ է:

Նրանք էլ, իհարկե, ցանկանում են սիրել ու սիրվել, բայց մի՞թե ցանկությունը բավարար է երջանիկ լինելու համար. եթե այդպես է, ապա ինչո՞ւ են նրանք հիմնականում դժբախտ: Որովհետեւ երկու երնեկ մի տեղում են ցանկանում` ե՛ւ երջանիկ լինել, ե՛ւ կանոններով ապրել, իրե՛նց` վերնախավի կանոններով, այն կանոններով, որոնք խախտել կարող են միայն եզակիները` քաջերը, նրանք, ովքեր երջանիկ լինելու հույսի վերջին կաթիլը դեռ չեն հասցրել փոխել սպանիչ ցինիզմի հետ:

Այո, բոլորը ուզում են երջանիկ լինել, բայց այն, ինչ կարելի է արքայական ծագում ունեցող կնոջը, չի կարելի սպասուհուն, արքայական ծագումով կնոջ տգեղությունն անգամ գերող է, իսկ սպասուհիների դեմքը ոչ ոք չի հիշում, որովհետեւ վերնախավի համար սպասուհիներն անդեմ են, եթե անգամ նրանք մեծ սիրտ ունեն, եւ կարող են սիրել անսահման ու նվիրված սիրով: 

Իրենք վերեւում են, մյուս բոլորը` ներքեւում, իրենք` վերեւներում ապրում են իրենց դարակներում, եւ հոգ չէ, որ այդ դարակների արանքում փոշու ու կեղտի հաստ շերտեր են կուտակվել…

Կարեւորը` ամեն մեկն իր համար նախատեսված տեղում ու դարակում լինի, իսկ մնացածները նշանակություն չունեն, եւ հատկապես իրենց ծառայող սպասուհիները, որոնց դեմքերը ոչ ոք չի հիշում:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հավաքականը հեռացված է Օլիմպիական խաղերից ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում փակել են կանանց հնազանդություն քարոզող ինստիտուտը’