‘Կինոխորհուրդ. Vodka Lemon’

10130

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

Հիներ Սալիմ. Vodka Lemon

Ազգությամբ քուրդ, Ֆրանսիայում բնակվող ռեժիսոր Հիներ Սալիմը 2003 թվականին Հայաստանում՝ հայաստանցի դերասանների մասնակցությամբ նկարահանեց «Vodka Lemon» ֆիլմը:

Ա լյա Կուստուրիցա նկարահանված այս տրագիկոմեդիան անկախությունից հետո մեր դերասանների մասնակցությամբ նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է թերեւս: Սակայն, չգիտես ինչու, ոչ այնքան հայտնի, որքան օրինակ՝ պետմիջոցներով Հրաչ Քեշիշյանի կողմից նկարահանված  «Գարեգին Նժդեհ»-ը, կամ նրա՝ Օսբորնի «Ետ նայիր զայրացած»-ի անհասկանալի վերափոխումը՝ «Ոչինչ չի մնա ֆիլմի» տեսքով: Ոչ էլ այն բազմաթիվ կոմերցիոն ֆիլմերի նման, որոնց սցենարը երբեմն թվում է՝ գրվել է Google-ի թարգմանչի միջոցով:

Այս ֆիլմում ներկայացված է իրական՝ հետպատերազմյան Հայաստանը, դառնություններն ու դժվարությունները համեմած թեթեւ ու երբեմն սիրտ ծակող հումորով: Ֆիլմում ամեն ինչ այնքան պարզ ու մաքուր է, որքան մեր անկախության այդ շրջանը, որ այսօր այն՝ հետահայաց նայելով, նույնիսկ կարելի է զարմանալ, մի՞թե այդ ամենն այդքան մոտ է եղել մեզ, ու ինչպե՞ս  մենք այսօր՝ համեմատաբար առատության մեջ կորցրեցինք այդ պարզությունը: Հետպատերազմյան Հայաստան, որտեղ մեր հետ միասին մեր դժվարություններն են կիսում մեր երկրում ապրող քուրդերը, եւ խնդիրն է մեկ, եւ՝ երջանկությունը:

Հնարավո՞ր է նոր կյանք սկսել ամեն ինչ կորցնելուց հետո, հնարավո՞ր է փրկել ուրիշներին, եթե ինքդ քեզ չես կարող փրկել, հնարավո՞ր է սիրել քեզ նման դժբախտ մեկին, եւ հնարավո՞ր է, որ սերը ջնջի երկուսի ընդհանուր դժբախտությունը, եւ եթե մենք մեր զավակների հարցում ինչ-որ մի բան ժամանակին այն չենք արել, կամ աչք ենք փակել, արդյո՞ք նշանակում է, որ ցմահ պիտի քավենք մեր մեղքերն ու սխալները. արդյո՞ք մենք հավերժ քավության շրջանից դուրս գալու հնարավորություն ունենք:

 

Նախորդ հոդվածը‘Ուզբեկստանի դպրոցներում կույսերի հայտանբերման հատուկ օպերացիա են սկսել’
Հաջորդ հոդվածը